Показаны сообщения с ярлыком Լոր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լոր. Показать все сообщения

20.11.2024

Կարինե Մեսրոպյան/ԼՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Պատմի՛ր, – խնդրում եմ պապիս[1], – ինչպիսի՞ն էր քո Ալեքսան վարժապետը: Սիրո՞ւմ էիք նրան:
Պապիս դեմքը պայծառանում է: Ժպտուն աչքերը կարծես նայում են ուրիշ աշխարհից: Երկար լռում է: Գիտեմ՝ վաթսուն տարիների հեռավորությունն է կտրում մտովի, ու քիչ անց ես լսելու եմ հին ու սիրելի մի պատմություն:
Պապս գյուղի ջրվորն է:
Մեր գյուղը ձորերի մեջ է՝ հիմնադիր Լորիկ իշխանի մահարձանով, հնամենի եկեղեցիներով, «լուսնի մեջ քնած խաղաղ արտերով», իրար շուքից արբած ձյուն ու ծաղիկներով, իրենց թեժ կրակից մենակ ու լուռ այրվող մասրենիներով, թելիկ-մելիկ առուներով, գյուղի անդորրը հսկող Ջրկասարով, երկնքի կոպերից կախված Գյազբելով…
1960-ականներին՝ Լորում իր նախագահության տարիներին, պապս գյուղի համար տնկել է խնձորենու մեծ այգի: Հիմա՝ այգին ջրելուց հետո, թեք է ընկել իր սիրած ծառի տակ փռած կարպետին և հանգստանում է: Մեր դիմաց բլուրներ են՝ դեղնին տվող ցորենի արտերով, սարալանջը հատող ճանապարհով:
– Այս ճանապարհով դարասկզբին՝ բերքառատ աշնան մի պայծառ օր, Տաթևից մեր գյուղ է եկել Խրիմյան Հայրիկը: Ես չեմ տեսել, հայրս է պատմել: Ողջ գյուղը դուրս է եկել նրան դիմավորելու գյուղի կամրջի մոտ: Գյուղացիները մինչև եկեղեցի գորգեր են փռել, որպեսզի նրա ոտքը գետնին չառնի: Եկեղեցու ճանապարհն անցնում էր այգիների միջով. ծառերը ճկվել էին տանձի ու խնձորի առատ բերքից, գետինը՝ ծածկված գորգերով ու մրգերով: Հասնելով Դռնապանի ձորալանջին, որտեղից ողջ գյուղը երևում է ասես ձեռքի ափի մեջ, տեսնելով այդ առատությունն ու գեղեցկությունը՝ կանգնեցրել է ձին ու բացականչել. «Ահա՜ թե ինչին դրախտ կըսեն: Թող Աստծո օրհնությունն ըլլա այս Լոր գյուղի վրա…»: