Показаны сообщения с ярлыком Վահան Բակունց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վահան Բակունց. Показать все сообщения

07.12.2022

ՎԱՀԱՆ ԲԱԿՈՒՆՑ / Ակսելի սիրելի ապան

Սքանչելի հայր ունեինք: Ամբողջ Զանգեզուրի գավառում իր համեստությամբ ու խելոքությամբ նա մեծ համբավ ուներ:
Ո՞վ չգիտեր Բագուն Թևոսի Ստեփանին: Նա չէր սիրում ծույլերին, ուրիշի հաշվին ապրողներին:
1930 թվականին հայրս մտել էր Գորիս գյուղի կոլտնտեսության մեջ: Նա էր խնամում ծխախոտի ցանքսերը և այդ տարի հաջող բերք ստացավ: Մինչ այդ նա գյուղի «Բատրակկոմն էր»: Ամեն ճշմարիտ գործ նա աշխատում էր որոշել բատրակի օգտին:
Ակսելը հայրիկին ասում էր մոտավորապես այսպես.
-Ապա՛, կոլեկտիվացումը մեծ ու բարի գործ է: Գյուղացին միայն կոլեկտիվացումով կփրկվի աղքատությունից: Մեր գյուղացին ամբողջ տարին տանջվում է մի քանի փութ ցորեն, ձեթ ու պանիր վաստակելու համար: Պետք է կոլխոզ ստեղծել, որ, ինչպես ասում են, «գեղ կանգնի, գերան կոտրի»: Դա հենց մեր գյուղացու այսօրվա համար է ասված: Եթե գյուղի աշխատավորությունը հավաքվի մի տնտեսության մեջ, կոլեկտիվ կերպով մշակի հողը, տավար պահի, ապա լավ կապրի: Միայն պետք է շատ զգույշ լինել: Պետք է կոլեկտիվ տնտեսություն կազմել մտածված, խելքով, համաձայնությամբ ու լրիվ հավատքով: Եթե մեկը, երկուսը չեն հասկանում, ոչինչ, գործով պիտի ապացուցել, որ կոլեկտիվը օգուտ է, բռնություն երբեք չպետք է գործադրել: Ախր մենք շատ աղքատ գյուղեր ունենք: Կգա մի ժամանակ, երբ մեր գյուղը կդառնա կոլեկտիվ տնտեսություն: Անհատ գյուղացին այլևս չի կարող իր տնտեսությունը վարել, այդքան ուժ նա չունի…
Ակսելը ակտիվ աշխատանք էր տանում գյուղում՝ կոլեկտիվացման օգտին: Նա մի քանի ժողով կազմակերպեց Երիշենում, Գորիս գյուղում և այլ տեղեր, գյուղացիներին բացատրեց կոլխոզի նշանակության մասին: Ցայտուն օրինակներով Ակսելը ապացուցում էր այն մեծ օգուտը, որ կստանա գյուղացին, եթե կոլեկտիվ տնտեսություն կազմակերպի:
Մեկը մյուսի հետևից անցնում էին դառնագույն տարիները:

28.08.2022

Ակսել Բակունցի եղբոր՝ Վահան Բակունցի նամակը թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին

Հարգելի Քաջիկ.

Շատ զգացված եմ Ձեր անկեղծ խոսքերի համար, որ Դուք գրում եք իմ Գորիս գալու համար: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեր եղբայրական առաջարկության մասին՝ Տուն–թանգարանում աշխատելու: Ուրիշ պայմաններում գուցե այդ առաջարկությունը իմ մեջ ցանկություն առաջացներ ընդհանրապես Հայաստան վերադառնալու: Բայց ցավոք սրտի պիտի ասեմ, որ գնալուս հիմնական պատճառը չի վերացված: Ունենալով արյան խիստ բարձր ճնշում (այդքան տարի չէի իջնում Քաջարանի ամենաբարձր սարերից, արդյունաբերություն էի ստեղծում երկրի համար, չխնայելով ոչ սիրտ, ոչ կյանք), ես այլևս չեմ կարողանում դիմանալ բարձր տեղանքին: Նույնիսկ Երևանում, ինչպես ցույց տվեց անցյալ իմ այցը, արդեն երկրորդ օրը արյան բարձր ճնշումս բարձրանում է մինչև 200–ի: Դա վտանգավոր և առայժմ անբուժելի երևույթ է:
Միակ փրկությունը միջին գոտում ապրելն է: Այստեղ, Մոսկվայում ես ինձ համեմատաբար լավ եմ զգում, քանի որ նույնիսկ առանց դեղեր գործադրելու, ճնշումը դառնում է 160/80, որը ինձ համար օպտիմալ է: