Լրացավ Ակսել Բակունցի մահվան 85-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ պատմության մեջ սև ժապավենով արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Աշակերտների և ուսանողների ուրույն մատուցմամբ ներկաները ունկնդիր եղան «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով գրական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը, վերջին գիշերվա հոգեբանական ապրումները: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:
Այնուհետև բանախոսություններով հանդես եկան ԳՊՀ դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը և թանգարանի գիտաշխատող, գրականագետ Թեհմինա Մարությանը:
