Բարեկամս՝ Թորգոմ Գևորգյանը,մահվանից փոքր ինչ ռաջ ինձ հանձնելով այս նկարը, խնդրեց գրել ու նկարի հետ հրապաարկել հետևյալը:
Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու տարիներին(1923-1923թթ.) Ակսել Բակունցը բարեկամացել էր այդ քաղաքում ապաստան գտած խոտորջուրցի գաղթականներից շատերի հետ, իսկ նրանցից մի հացթուխի մոտ նաև աշխատել էր Խարկով եկած առաջին ամիսներին:
Հայաստանում, արդեն իբրև գրող հռչակված գյուղատնտես Բակունցի այդ բարեկամական կապերը խոտորջուրիցիների հետ շարունակվեցին: Նա ջերմ մտերմություն ուներ Գևորգյան եղբայրների, հատկապես Արտաշեսի ու Թորգոմի հետ: Հաճախ հյուր էր լինում նրանց կազմակերպած և այդ օրերին հայտնի Խոտորջուրի կամունայում /Հանքավանի մոտ/: Այցելություններից մեկի ժամանակ այդ կոմունայի մասին գիրք գերց՝ հենց «Խոտորջուրի կոմունա» վերնագրով ու հրատարակեց իր ղեկավարած «Գյուղացու գրադարան» մատենաշարով:
Արտաշեսն ու Թորգոմը Անդրանիկի զինվոր եղած ժամանակ, 1918 թվականին, որպես հեծյալ հետախույզներ Մարմարիկի կիրճով անցնելիս երկու օր ապաստանում են Միսխանա (այժմ՝ Հանքավան) Հունական գյուղում: Այդ առիթով նրանք մտերմանում են գյուղի բնակիչ Լազար Եֆրեմիդիի հետ: Ի դեպ, այդ օրերին էլ Արտաշեսի մեջ ծագում է Մարմարիկի գեղատեսիլ ափին ընդարձակ ագարակ հիմնելու և եղեռնից վերապրած խոտորջուրցիներին այդտեղ հավաքելու գաղափարը:
Արտաեշեսի ու Թորգոմի միջոցով Բակունցը բարեկամանում է Լազար Եֆրեմիդիի ու նրա գերդաստանի հետ: 1933թ. ամռանը գրողն իր կնոջ՝ Վարվառայի և որդու՝ Սևադայի հետ անց է կացնում Լազարի հյուրընկալ տանը: Այդտեղ էին նաև Արտաշեսի կինը՝ Արփենիկը և Թորգոմի դուստրը:
Բակունցը այստեղ գրում է «Ձորերի լույսը» պատմվածքը, որը և հրապարակվեց նույն ամառ՝ օգոստոսի 18-ին, «Խորհրդային Հայաստան» թերթում, իսկ հետո տեղ գտավ գրողի «Անձրևը»(1935թ.) ժողովածուի մեջ:
Պատմվածքի հերոսը կամ նախատիպը հենց Լազար Եֆրեմիդին է: Մանրամասն նկարագրված է նաև նրա հայրը՝ Սիդերո Սավվան: Պատկերված գյուղը Միսխարան է, գետը՝ Մարմարիկը: Եվ առհասարակ ամբողջ պատմվածքում զուտ իրողություններ են նկարագրված: Իրողություն է նաև Լազարի կողմից մարմարի հանքի հայտնագործումը: Դա Աղվերանի հանքն է,որ ժամանակին մեծ աղմուկ էր հանել՝ իր ընտիր մարմարի պատճառով:
«Ձորերի լույսը» Բակունցի այն գեղեցիկ երկերից է, որոնցում նկարագրված են իրական դեմքեր ու դեպքեր, բայց այնպիսի ներշնչաքնով ու արվեստով,որ արդյունքը եղել է ոչ թե սովորական ակնակր, այլ պատմվածք-բանստեղծություն:
Այժմ էլ Հանքավանում հյուրերի առաջ բաց են Լազար Եֆրեմիդիի տան դռները: Բայց այդ տան շատ բան տեսած պատին պակասում է մի հուշատախտակ՝ «Այս տանը 1933թ. ամռանը բնակվել է Ակսել Բակունցը և գրել «Ձորերի լույսը» պատմվածքը»:
Ռաֆայել Իշխանյան
«Գրական թերթ», 1982թ., թիվ 33
Комментариев нет:
Отправить комментарий