Показаны сообщения с ярлыком Բակունցագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բակունցագիտություն. Показать все сообщения

06.03.2023

Թեհմինա Մարության / Յո՞ երթաս, Սիրա՛ս


1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Հազարավոր գորիսեցիներ ու հյուրեր էին հավաքվել տուն-թանգարանի բացմանը: Եկել էին տեսնելու կարճ, բայց լուսավոր այդ կյանքի սրբացած մասունքները, հարգանք մատուցելու եղերաբախտ ու պայծառանուն գրողին:
Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թվականից), ԽՄԿԿ անդամ (1924 թվականից) Հմայակ Սիրասը[1]:
Խորհրդային վարչակարգի փառապսակը վայելող այս մեծապատիվ անձին Հայաստանի գրողների միության կողմից վերապահվել էր Բակունցի տուն-թանգարանը պաշտոնապես բացելու և գրողին ըստ արժանվույն մեծարելու պատիվը: Որքան էլ զարմանալի թվա, այդ առաքելությունը պետք է իրականացներ ոչ թե մաքուր կենսագրություն ունեցող մի արժանավոր գրող, այլ 1930-ականներին Բակունցի դեմ մահացու զրպարտություններ ստորագրած ոհմակի ներկայացուցիչներից մեկը՝ նույն ինքը Սիրասը, որ 1937-ի սպանդին իր ուժերի ներածին չափով մասնակցելուց հետո, որպես «օրինականացված» միջակություն, «կուսակցական երկաթյա կարգապահությամբ» շարունակում էր վայելել կյանքը, պատվավոր կոչումներ ու տիտղոսներ փախցնել, կարևոր պատվիրակություններ գլխավորել, բարձր ամբիոններից սրտառուչ ճառեր արտասանել «մայրենի գրականության նվիրյալների», այդ թվում՝ Բակունցի մասին՝ ափսոսանք հայտնելով, թե ինչու «շուտ կտրվեց նրա կյանքի թելը», և որ նա «ամեն տեղ է», ամենքի, նաև ի՛ր «սրտում և զգացմունքների աշխարհում»: Բակունցի կյանքի թելը կտրելուն նպաստած, իր անցյալից չամաչող այս գրչակը, հայտնվելով դարակազմիկ իրադարձության կենտրոնում, հավանաբար կարծում էր, որ տարիները մոռացության են մատնել դեպքերն ու դեմքերը, մշուշել մարդկանց հիշողությունը, այդպես նաև իր գրչի զարհուրելի արտադրանքը «կուսակցության երկաթյա կարգապահությունը խախտած» Բակունցի և նրա գրական ընկերների դեմ՝ հրապարակված «Գրական թերթ»-ի 1936 թվականի թիվ 21 համարում, որը ներկայացնում ենք ստորև.

15.12.2018

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Կանայք Բակունցի կյանքում և իբրև նախակերպարներ՝ ստեղծագործություններում

Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կյանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց եղել են նվիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին: 
Մտերիմներից Ռաֆայել Աթայանը ուշագրավ բնութագիր է տվել գրողի խառնվածքին. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»[1]: