Показаны сообщения с ярлыком Նուբար Ղուկասյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նուբար Ղուկասյան. Показать все сообщения

21.05.2023

ՆՈՒԲԱՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Իմ սիրելի Բակունցյան կերպարը

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Դարբասի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նուբար Ղուկասյանի  աշխատանքը: 


Իմ առջև թեք ընկած քարն է` վրան դեղին մամուռ: Մաքրում եմ մամուռը, հանում շրեժի ծաղիկը, որը, չգիտես ինչու, միայն նրա քարի մոտ է բուսնում, քամի՞ն է քշել սերմը, թե՞ սերմն էլ գիտի` ով է թաղված այդտեղ: Խոնարհ Սուքիասի Անդրեասյան` ծնված 1898թ., մահացած` 1927թ.-ին: Սա, էլ ուրիշ ոչինչ: Բայց ոչինչն ամեն ինչ է, ամեն, ամեն ինչ:Այստեղ Խոնարհն է թաղված, ով գերե՞ց արձակի մեծ վարպետ Ակսել Բակունցին ու տարա՞վ, տարա՞վ նրա սերը, թե՞ պահեց, որ տա դարբասցի Սուլթանին: Խոնարհն այստեղ, մեր գյուղում է երկրորդ անգամ հարսնացել, այստեղ է ծնել իր երկու զավակներին` Արշավիրին ու Սեդրակին: Նրանք էլ են այստեղ թաղված, մորից քիչ վերև, իրենց հոր` Սուլթանի կողքին: Խոնարհն էլ է որդի կորցրել, Խոնարհի որդիներն էլ են անմայրացել, և Սուլթան դային նոր կին է բերել տուն` Արշավիրին ու Սեդրակին պահող, իր շորը լվացող: Բայց Խոնարհն ուրիշ էր: Սուլթան դային սերը կորցրած պիտի ապրեր և, Խոնարհին մուսա դարձրած, թառ պիտի նվագեր ծնունդ-կնունքի: Շրջիկ թատրոնը Դարբասում բեմականացրել է «Խոնարհ աղջիկ» պատմվածքը, և Սուլթան դային չի խանդել, այլ վիրավորված ասել է. 
-Էս հինչ Մարքրիդի էն տիրալ Խոնարհիս տեղ. Խոնարհս գյոզալ էր, գյոզալ… 
Պատմվածքը դասարանում չենք անցնում, գնում ենք Լոր` գերեզմանատան դպրոցը, և ընթերցում տող առ տող: Կարդում եմ չքնաղ պատմվածքը, իմ առջև իմ գյուղն է բացվում, ինձ հարազատ ժայռն ու քարը, կածանն ու ծերպը: Ես էլ հեղինակի հետ լսում եմ անտառի կամաց խշշոցը, միրհավի կանչը ու Խոնարհի մեղմ ձայնը` 
Թոո՜ղ: