Показаны сообщения с ярлыком Թեհմինա Մարության. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թեհմինա Մարության. Показать все сообщения

10.12.2024

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Ակսել Բակունցը Սերո Խանզադյանի կյանքում

Գրողների փոխհարաբերությունների բացահայտման հետ կապված հարցերը հետաքրքիր ու կարևոր գրականագիտական թեմաներ են: Այս ասպարեզում կատարված որոնումների և ուսումնասիրությունների շնորհիվ պարզվում են նրանց աշխարհայացքի, կենսափիլիսոփայության, գեղագիտության տարբեր կողմերի, նախասիրությունների, գրական ճաշակի մի շարք առանձնահատկությունները, նաև նոր կողմերով հարստանում, փոխլրացվում են կենսագրական նյութերը:
Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական ու կենսական առնչությունների ու արժևորումների այն դրվագները, որոնք միավորում են մեր հայրենակից մեծանուն գրողներ Ակսել Բակունցին և Սերո Խանզադյանին:
Բակունցից հետո գրիչ վերցնել և ինքնահատուկ ոճ ու նյութ բերել գրականություն, այնքան էլ հեշտ գործ չէր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նույն հող ու ջրի, նույն միջավայրի ծնունդ էին, այլև գրական ավանդույթի յուրացման տեսանկյունից՝ որպես նոր արժեքների ստեղծման հիմք: Փաստ է`որքան խորությամբ է գրողը յուրացնում նախորդ գրական փորձը, այնքան ինքնատիպ ու բարձրաժեք են նրա ստեղծագործությունները: Սերո Խանզադյանն այն գրողն էր, որ ըստ ամենայնի գիտակցում էր դա և ճիշտ յուրացրեց բակունցյան ավանդույթի սնուցիչ երակը՝ հարստացնելով իր ստեղծագործական աշխարհը: Պատահական չէ, որ 1960-80-ականների մի շարք արձակագիրների, այնպես էլ Սերո Խանզադյանի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ ունեցավ Ակսել Բակունցը, որի հանդեպ հենց սկզբից էլ մեծ պաշտամունք ուներ, գիտակցում էր նրա հսկայական դերը հայ արձակի զարգացման գործում՝ նրան համարելով իր մեծ ուսուցիչը:
Բակունցը ամբողջ կյանքում ուղեկցել է Խանզադյանին, եղել նրա հետ՝ ոչ միան մանկության, պատանեկության շրջանի տպավորություններում, այլև ստեղծագործական ներշնչանքներում ու որոնումներում. Խանզադյանը Բակունցի եղերական կորստի ցավի անմիջական կրողն էր, գրական մասունքները փրկելու նախանձախնդիրն ու գրական փառքը վերականգնելու առաջամարտիկը։

12.03.2023

Թեհմինա Մարության /Հայկ Դանղյանը և նրա արժեքավոր նվիրատվությունները Ակսել Բակունցի տուն-թանգարանին

«1956 թվից հայ գրական մեծերի հետ Ձեզ էլ եմ դասարան տարել և իմ սաների զգայուն հոգիներին հաղորդակից դարձրել Ձեր շենշող ստեղծագործությունների կախարդական հմայքը…»:
Հայկ Դանղյան

Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել և տարիների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներով համալրվել է բացառապես նվիրյալների ջանքերով: Նախ և առաջ գրողի եղբոր՝ Վահան Բակունցի, ապա և մտերիմ ընկերերի, հարազատների, այս կամ այն կերպ նրա հետ առնչված ազնվագույն մարդկանց շնորհիվ պահպանվել, հայտնաբերվել, կորստից փրկվել և թանգարանին ի պահ են տրվել ժամանակի փորձություններին դիմակայած բազմաթիվ կարևոր նյութեր՝ ձեռագրեր, լուսանկարներ, գրողի անձնական իրերը, զանազան վավերագրեր, գրքեր, նամակներ, կտավներ և այլն: Յուրաքանչյուր արժեքավոր ցուցանմուշ թանգարանում հանգրվանելու իր ուշագրավ պատմությունն ունի, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին:

Ակսել Բակունցի և նրա տուն-թանգարանի նվիրյալների շարքում երախտառատ անուն է Հայկ Դանղյանը(1904-1989): Անվանի մանկավարժը ծնվել է 1904 թվականին Էջմիածնում: Երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Էջմիածնի մանկավարժական ուսումնարանում և Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դանղյանի աշխատանքներից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքերով, տպագրվել հանրապետական մանկավարժական մամուլում։ Շատ հայ մեծերի հետ է մտերիմ եղել: Առանձնակի պաշտամունք է ունեցել Ակսել Բակունցի հանդեպ: Արժանացել է պետական պարգևների, իսկ 1965 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման:
Հայկ Դանղյանի շնորհիվ կորստից փրկվել և Ակսել Բակունցի տուն-թանգարանին են նվիրաբերվել երեք կարևոր հրատարակություն, որոնք լույս են տեսել գրողի կենդանության օրոք՝ 1. Ա.Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» (Ե., Պետհրատ, 1932թ.), 2. Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի հայերեն թարգմանությունը, թարգմանիչ և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց (Ե., Պետհրատ, 1934թ.), 3. Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» երկի հայերեն թարգմանությունը, խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց, թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան (Ե., Պետհարտ, 1934թ.):
Բակունցի գնդակահարությունից հետո՝ 1930-ականների ահուսարսափի պայմաններում ինչպե՞ս են այս գրքերը պահպանվել և ապա հասել թանգարան, ի՞նչ արժեք են ներկայացնում, ի՞նչ առնչություններ է ունեցել Հայկ Դանղյանը Ակսել Բակունցի հետ - այս հարցերին է նվիրված հրապարակումը, որը պատրաստվել է թանգարանի արխիվային նյութերի հիման վրա:

06.03.2023

Թեհմինա Մարության / Յո՞ երթաս, Սիրա՛ս


1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Հազարավոր գորիսեցիներ ու հյուրեր էին հավաքվել տուն-թանգարանի բացմանը: Եկել էին տեսնելու կարճ, բայց լուսավոր այդ կյանքի սրբացած մասունքները, հարգանք մատուցելու եղերաբախտ ու պայծառանուն գրողին:
Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թվականից), ԽՄԿԿ անդամ (1924 թվականից) Հմայակ Սիրասը[1]:
Խորհրդային վարչակարգի փառապսակը վայելող այս մեծապատիվ անձին Հայաստանի գրողների միության կողմից վերապահվել էր Բակունցի տուն-թանգարանը պաշտոնապես բացելու և գրողին ըստ արժանվույն մեծարելու պատիվը: Որքան էլ զարմանալի թվա, այդ առաքելությունը պետք է իրականացներ ոչ թե մաքուր կենսագրություն ունեցող մի արժանավոր գրող, այլ 1930-ականներին Բակունցի դեմ մահացու զրպարտություններ ստորագրած ոհմակի ներկայացուցիչներից մեկը՝ նույն ինքը Սիրասը, որ 1937-ի սպանդին իր ուժերի ներածին չափով մասնակցելուց հետո, որպես «օրինականացված» միջակություն, «կուսակցական երկաթյա կարգապահությամբ» շարունակում էր վայելել կյանքը, պատվավոր կոչումներ ու տիտղոսներ փախցնել, կարևոր պատվիրակություններ գլխավորել, բարձր ամբիոններից սրտառուչ ճառեր արտասանել «մայրենի գրականության նվիրյալների», այդ թվում՝ Բակունցի մասին՝ ափսոսանք հայտնելով, թե ինչու «շուտ կտրվեց նրա կյանքի թելը», և որ նա «ամեն տեղ է», ամենքի, նաև ի՛ր «սրտում և զգացմունքների աշխարհում»: Բակունցի կյանքի թելը կտրելուն նպաստած, իր անցյալից չամաչող այս գրչակը, հայտնվելով դարակազմիկ իրադարձության կենտրոնում, հավանաբար կարծում էր, որ տարիները մոռացության են մատնել դեպքերն ու դեմքերը, մշուշել մարդկանց հիշողությունը, այդպես նաև իր գրչի զարհուրելի արտադրանքը «կուսակցության երկաթյա կարգապահությունը խախտած» Բակունցի և նրա գրական ընկերների դեմ՝ հրապարակված «Գրական թերթ»-ի 1936 թվականի թիվ 21 համարում, որը ներկայացնում ենք ստորև.

14.06.2022

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ. Թումանյանի ծննդավայրը Ակսել Բակունցի լուսանկարներում

Հարցազրույց գրականագետ, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանի հետ

Տիկին Մարության, Ակսել Բակունցի ծննդյան 123-ամյակի առթիվ գրողի տուն-թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Ակսել Բակունցի լուսանկարներում» խորագրով: Ուշագրավ այդ նախաձեռնությունը պատկանում է Ձեզ, հետևաբար կխնդրեի նախ փոքր-ինչ մանրամասնել Ակսել Բակունցի լուսանկարչական նախասիրությունների մասին:

Այո, Ակսել Բակունցի հերթական տարեդարձը նշանավորվեց նաև թանգարանային նոր ցուցադրությամբ, որը բացառիկ է հենց այն առումով, որ առաջին անգամ ներկայացվեցին Բակունցի կողմից Դսեղում արված լուսանկարները:
Ինչպես հայտնի է, հայ գրողներից շատերն են զբաղվել լուսանկարչությամբ: Պահպանվել են այդ մասին վկայող հուշակնարկներ, լուսանկարներ և լուսանկարչական սարքեր: Այդ զբաղմունքը գրավել է, օրինակ, Ռուբեն Սևակին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, Պերճ Պռոշյանին և շատ ուրիշ գրողների: Ռուբեն Սևակը 1910-ական թվականներին նույնիսկ ինքնալուսանկարվելու փորձ է արել. բավականին ուշագրավ լուսանկար է ստացվել, որը պահպանվում է: Պերճ Պռոշյանն առաջիններից էր, որ 1860-ին լուսանկարչությունը ներմուծեց Ռուսական Հայաստան: Այդ նախաձեռնության հովանավորը թիֆլիսաբնակ հրատարակիչ Համբարձում Էնֆիաջյանն էր՝ ցանկությամբ, որ երիտասարդ գրողը լուսանկարչական գիտելիքներ ձեռք բերի՝ հայկական պատմական հուշարձանների ֆոտոարխիվ ստեղծելու նպատակով: Թեև այդ նախագիծը գլուխ չեկավ, բայց Պռոշյանը, իբրև կոմերցիոն լուսանկարիչ, իր գործունեությունը շարունակեց Կովկասի տարբեր անկյուններում։ Հայտնի է, որ նա իր առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861-ին և հիմնականում կատարել է դիմանկարների պատվերներ որպես ապրուստ վաստակելու միջոց։ Առհասարակ լուսանկարչությունը 19-րդ դարավերջին հայերի շրջանում ամենատարածված համքարություններից մեկն է եղել:

15.12.2018

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Կանայք Բակունցի կյանքում և իբրև նախակերպարներ՝ ստեղծագործություններում

Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կյանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց եղել են նվիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին: 
Մտերիմներից Ռաֆայել Աթայանը ուշագրավ բնութագիր է տվել գրողի խառնվածքին. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»[1]: