«1956 թվից հայ գրական մեծերի հետ Ձեզ էլ եմ դասարան տարել և իմ սաների զգայուն հոգիներին հաղորդակից դարձրել Ձեր շենշող ստեղծագործությունների կախարդական հմայքը…»:
Հայկ Դանղյան
Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել և տարիների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներով համալրվել է բացառապես նվիրյալների ջանքերով: Նախ և առաջ գրողի եղբոր՝ Վահան Բակունցի, ապա և մտերիմ ընկերերի, հարազատների, այս կամ այն կերպ նրա հետ առնչված ազնվագույն մարդկանց շնորհիվ պահպանվել, հայտնաբերվել, կորստից փրկվել և թանգարանին ի պահ են տրվել ժամանակի փորձություններին դիմակայած բազմաթիվ կարևոր նյութեր՝ ձեռագրեր, լուսանկարներ, գրողի անձնական իրերը, զանազան վավերագրեր, գրքեր, նամակներ, կտավներ և այլն: Յուրաքանչյուր արժեքավոր ցուցանմուշ թանգարանում հանգրվանելու իր ուշագրավ պատմությունն ունի, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին:
Ակսել Բակունցի և նրա տուն-թանգարանի նվիրյալների շարքում երախտառատ անուն է Հայկ Դանղյանը(1904-1989): Անվանի մանկավարժը ծնվել է 1904 թվականին Էջմիածնում: Երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Էջմիածնի մանկավարժական ուսումնարանում և Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դանղյանի աշխատանքներից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքերով, տպագրվել հանրապետական մանկավարժական մամուլում։ Շատ հայ մեծերի հետ է մտերիմ եղել: Առանձնակի պաշտամունք է ունեցել Ակսել Բակունցի հանդեպ: Արժանացել է պետական պարգևների, իսկ 1965 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման:
Հայկ Դանղյանի շնորհիվ կորստից փրկվել և Ակսել Բակունցի տուն-թանգարանին են նվիրաբերվել երեք կարևոր հրատարակություն, որոնք լույս են տեսել գրողի կենդանության օրոք՝ 1. Ա.Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» (Ե., Պետհրատ, 1932թ.), 2. Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի հայերեն թարգմանությունը, թարգմանիչ և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց (Ե., Պետհրատ, 1934թ.), 3. Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» երկի հայերեն թարգմանությունը, խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց, թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան (Ե., Պետհարտ, 1934թ.):
Բակունցի գնդակահարությունից հետո՝ 1930-ականների ահուսարսափի պայմաններում ինչպե՞ս են այս գրքերը պահպանվել և ապա հասել թանգարան, ի՞նչ արժեք են ներկայացնում, ի՞նչ առնչություններ է ունեցել Հայկ Դանղյանը Ակսել Բակունցի հետ - այս հարցերին է նվիրված հրապարակումը, որը պատրաստվել է թանգարանի արխիվային նյութերի հիման վրա:

