Показаны сообщения с ярлыком Մարիա Լալայան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարիա Լալայան. Показать все сообщения

21.05.2023

ՄԱՐԻԱ ԼԱԼԱՅԱՆ/Իմ սիրելի բակունցյան կերպարը

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (առաջին տեղ), Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Լալայանի աշխատանքը: 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին...

Եթե Սյունյաց գրական նկարչի վրձնահարվածների երկու իրար շատ նման գլուխգործոցների ձեռքը ընկնեին աշնան երգչի այս տողերը, անկասկած կարցունքոտվեին նրանց աչքերը. Լառ-Մարգարը կգնար այգի, բահը կտնկեր գետնին, ինքը պառկեր չորացած բարդիների կողքին ու նայեր ճյուղերի արանքից դեպի վեր։ Հազրոն իր անբաժան ծիրանի փողը կնվագեր կտուրին, բայց այս անգամ` մի այլ նվագ։ Իսկ ես` բարեբախտաբար այդ տողերին ծանոթ եղածս, կարող եմ ասել, թե ինչ եմ անում ամեն անգամ դրանք կարդալիս։ Նստում եմ ու սուզվում, սուզվում եմ մտքերի անծայրածիր տիեզերքը, որտեղ հիշողությունները կինոժապավենի նման կայծակնային արագությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Պահեր,ընդամենը վայրկյաններ, բայց ինչպիսի՜...
Արցախցի եմ, Արցախի հենց սրտից` վսեմափայլ Ստեփանակերտից։ Մի տարի է, ինչ կյանքն ինձ բերել է մի նոր ու անզուգական վայր, որը պետք է ինձ շատ բան սովորեցներ կյանքում։ Բակունցի օջախը դարձավ ինձ համար նոր տուն, ինչպես Արևելյան Հայաստանը` Հազրոյի ու Լառ-Մարգարի համար։ Նրանք հայոց մեծ ողբերգության ականատեսներն են, ովքեր ստիպված հեռացան ու բնակություն հաստատեցին իրենց երկրորդ հայրենիքում։