21.05.2023

ՄԱՐԻԱ ԼԱԼԱՅԱՆ/Իմ սիրելի բակունցյան կերպարը

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (առաջին տեղ), Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Լալայանի աշխատանքը: 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին...

Եթե Սյունյաց գրական նկարչի վրձնահարվածների երկու իրար շատ նման գլուխգործոցների ձեռքը ընկնեին աշնան երգչի այս տողերը, անկասկած կարցունքոտվեին նրանց աչքերը. Լառ-Մարգարը կգնար այգի, բահը կտնկեր գետնին, ինքը պառկեր չորացած բարդիների կողքին ու նայեր ճյուղերի արանքից դեպի վեր։ Հազրոն իր անբաժան ծիրանի փողը կնվագեր կտուրին, բայց այս անգամ` մի այլ նվագ։ Իսկ ես` բարեբախտաբար այդ տողերին ծանոթ եղածս, կարող եմ ասել, թե ինչ եմ անում ամեն անգամ դրանք կարդալիս։ Նստում եմ ու սուզվում, սուզվում եմ մտքերի անծայրածիր տիեզերքը, որտեղ հիշողությունները կինոժապավենի նման կայծակնային արագությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Պահեր,ընդամենը վայրկյաններ, բայց ինչպիսի՜...
Արցախցի եմ, Արցախի հենց սրտից` վսեմափայլ Ստեփանակերտից։ Մի տարի է, ինչ կյանքն ինձ բերել է մի նոր ու անզուգական վայր, որը պետք է ինձ շատ բան սովորեցներ կյանքում։ Բակունցի օջախը դարձավ ինձ համար նոր տուն, ինչպես Արևելյան Հայաստանը` Հազրոյի ու Լառ-Մարգարի համար։ Նրանք հայոց մեծ ողբերգության ականատեսներն են, ովքեր ստիպված հեռացան ու բնակություն հաստատեցին իրենց երկրորդ հայրենիքում։
«Բայց» շաղկապը հայերենում ստեղծում է հակադրություն, մեծ մասամբ` բացասական ։ Հարցրեք ցանկացած պատմության ուսուցչի և կհամոզվեք, որ հայ ժողովրդի կյանքում այդ չարաբաստիկ «բայց»-ը մեր անբաժան ուղեկիցն է եղել։ Հետևյալ դեպքը բացառություն չէ։
Մայր Հայաստանը մեր` բոլոր հայերիս հայրենիքն է` թե՛ արևելահայ և թե՛ արևմտահայ, թե՛ արցախցի և թե՛ սփյուռքահայ։ Բայց չէ՞ որ այլ բան է ծննդավայրը, չէ՞ որ այլ բան է քո տունը, որի ամեն անկյունը մեկի փոխարեն տասնյակ հիշողություն է պահում, քո փողոցը, որով դու քայլել ես բազմիցս, որն արդեն սովոր էր քո ներկայությանը, քո քայլելու տեմպին, քո այլայլված մտքերին, քո պատուհանից երևացող այն ծառը, որը տարին չորս անգամ զգեստ է փոխում, իսկ դու այդ կերպարանափոխության ականատեսն ես։ Չէ՞ որ այլ էր ծաղկում Լառ-Մարգարի ծիրանեին իրենց այգում, չէ՞ որ այլ էր հնչում Հազրոյի սրինգը Մարութա սարի լանջին։
Օրեր առաջ երազ տեսա. տանն էի։ Ամեն ինչ այնքա՜ն հանգիստ էր, զերծ այս անհանգստության վայրագ ալիքներից, խորհերից, անիմաստ զրույցներից ու ահաբեկող նորություններից։Արթնանալուց հետո որոշ ժամանակ չէի կողմնորոշվում` որտեղ եմ։ Գիտակցությունն իրենն արեց ու... չեմ կարող ասել` հիասթափությա՞ն, թե՞ ուղղակի համակերպված լինելու ալիք անցավ մարմնովս։ Հենց այդ օրն էլ դպրոցում խոսվեց վերոհիշյալ կերպարների մասին ու հանձնարարվեց կարդալ։ Բավարարվածություն ու հանգստություն զգացի կարդալուց հետո։ Վերջապես գտա նրանց, ովքեր ամբողջովին հասկանում են ապրումներս, ում հոգին ունի նույն կերտվածքը, ում խոսքերը, իհարկե, Բակունցի ուղղորդմամբ, մտքերիս արտապատկերն էին։ Սիրեցի Բակունցին, հիրավի հասկացա նրան այդ երկու կերպարների միջոցով։ Հենց նրանց շնորհիվ բնության այդ հանճարեղ պատկերները թովեցին ինձ ու ջերմացրին սիրտս։ Հարազատ են նրանք, պարզ են, թախծոտ են, բայց իրական։ Այս ամենը կարելի է ասել Բակունցի ցանկացած ստեղծագործության մասին։
Եվ վերջում կասեմ, որ եթե Լառ-Մարգարը այդ երկրի համար Թորոսիկից և ծիրանի կորիզներից բացի ուրիշ ոչինչ չուներ ընծա տանելու, ապա ես էլ բացի հավատից ու լույսի որոնումներից ուրիշ ոչինչ չունեմ այս երկրին ընծայելու։

Комментариев нет:

Отправить комментарий