Մարտի 4-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ թանգարանի պատմության էջերի, առանձին դրվագների լուսաբանմանը նվիրված արխիվային նյութերի ցուցադրություն, որն ուղեկցվեց բանախոսությամբ։
Թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը խոսեց երկու նյութի շուրջ` «Բակունցի տուն-թանգարանի բացման հանդիսությունը և Հմայակ Սիրասը», «Հայկ Դանղյանը և նրա արժեքավոր նվիրատվությունները թանգարանին»` ներկայացնելով արխիվային հետաքրքիր նյութեր և լուսանկարներ։
1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր արձակագիր Հմայակ Սիրասը, որ 1930-ականներին մահացու զրպարտություններ էր ստորագրել Բակունցի և նրա գրական ընկերների դեմ։ Իր անցյալի սև էջը քողարկելու համար Սիրասը, որ ժամանակին դագանակը ձեռքին գրել էր սովորեցնում Բակունցին, փորձեց բոլոր հնարավոր միջոցներով ինքնահաստատվել նրա գրական լուսապսակի շուրջ՝ որպես հուշագիր՝ բարեկամի կեղծ դիմակով, որպես հատուկ առաքելությամբ Գորիս գործուղված խորհրդային գրող՝ գրչակից ընկերոջ կեղծ դիմակով: «Եվ ինչու՞ էր Սիրասին թվում, թե իր կյանքի այդ էջը փակված է, իր գրական հեղինակությունը՝ փրկված, փրկված նախ՝ Բակունցի մաքրագործված փառքով»,-նշեց բանախոսը: Թանգարանի արխիվային հավաքածուներում պահպանվում են Սիրասի մեքենագիր ելույթը, դրա ձեռագիր քաղվածքը, որը ցանկացել է զետեղված տեսնել ցուցափեղկում, նամակները` ուղղված թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին, գրառումը հուշամատյանում թանգարանի բացման առթիվ և այլ ուշագրավ վավերագրեր, որոնք լույս են սփռում Սիրասի մարդկային նկարագրի վրա։ Ի վերջո, արխիվները բացվում են և ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։
