Իմաստախոսությունն ասում է՝ «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային պահերից մեկն էլ 1899 թվականի հունիսի 13-ն էր՝ հայ արձակի բյուրեղային վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան տեսլաժամը:
Այսօր Գորիսում մեծ շուքով նշվեց մեծանուն արձակագրի ծննդյան 123-ամյակը: Միջոցառումները մեկնարկեցին Բակունցի հուշարձանի մոտ ծաղկեդրման արարողությամբ, ապա շարունակվեցին գրողի տուն–թանգարանում:
Բակունցի լուսաճառագ հարկի տակ հավաքված պաշտոնատար անձինք՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, մտավորական ընտրանու ներկայացուցիչները, մայրաքաղաքից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ մայր թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դ.Գասպարյանը և ուրիշներ, իրենց ելույթներում շեշտեցին Բակունցի ստեղծագործության պատմական նշանակությունը, կարևորեցին բոլոր այն ձեռնարկները, որոնք միտված են նրա գրական հեղինակության ամրապնդմանը, ստեղծագործության հանրայնացմանը և սերունդներին Բակունցի իմաստուն ու լուսավոր մտքի ճանապարհով ուղղորդելու առաքելությանը: