08.07.2022

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՎ ԿՏԱՎԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԿՈՒՆՑԻ 85-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լրացավ Ակսել Բակունցի մահվան 85-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ պատմության մեջ սև ժապավենով արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Աշակերտների և ուսանողների ուրույն մատուցմամբ ներկաները ունկնդիր եղան «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով գրական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը, վերջին գիշերվա հոգեբանական ապրումները: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:
Այնուհետև բանախոսություններով հանդես եկան ԳՊՀ դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը և թանգարանի գիտաշխատող, գրականագետ Թեհմինա Մարությանը:
Վերջին շրջանում գրականագետները, պատմաբանները շատ են խոսում այն մասին, որ պետք է վերաարժևորել այն, ինչ տեղի ունեցավ 1937-ին: Ստալինյան բռնությունների տարիներին կատարվեց այն, ինչ Ցեղասպանության տարիներին: Մտավորակության ջարդով փորձեցին գլխատել ժողովրդին, բացառել այդ ժողովրդի ներսում տրոփող յուրաքնչյուր ազատագրական, պայծառ, գեղեցիկ երակ, որը հետագայում այլ խնդիրների չի հանգեցնի: «Նացիոնալիզմը և 1930–ական թվականների քաղաքական բռնությունները Հայաստանում» թեմայի շրջանակում Գայանե Շաբունցը պատմագիտական նոր հայացքով անդրադարձավ Խորհրդային Հայաստանում ստալինյան շրջանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների բազմաբնույթ հարցերից մի քանիսին, իսկ Թեհմինա Մարությանը խոսեց Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի գրական ու մարդկային մեծ բարեկամության մասին, որը իրավամբ ժամանակի բարդ ու կենտրոնական հանգույցներից մեկն է: Հենց այդ հանգույցների համատեքստում էլ նա ներկայացրեց ու վերաարժևորեց Չարենց–Բակունց գրական ու մարդկային առնչությունները՝ համեմելով այն հուշագիրների վկայություններով: Բակունցի հանդիպումը Չարոնցի հետ ճակատագրական էր ոչ միայն երկուսի համար, այլև հայ գրականության պատմության: 1930-ական թվականների վերքերում ցավ կա դեռ, արյուն կա տաք, դեռ մխալու են սերունդների սրտերը, և ցավի հետ օրեցօր զորանալու է Բակունցի ու նրա գրական ընկերների երգի ձայնը…
Ներկայացված նյութերի շուրջ հետաքրքիր դիտարկումներ արեց «Սյունյաց երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, գրողի տոհմի շառավիղներից Արմիկ Բակունցը, բանաստեղծ Լևոն Սահակյանը, ուսուցիչները:
Օրվա առթիվ նախատեսված էր նաև կտավի նվիրատվություն թանգարանին: Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, ով Բակունցի կերպարների ծառաքանդակների հեղինակն է, տուն–թանգարանին նվիրաբերեց Ակսել Բակունցին նվիրված և նրա Մթնաձորյան հեքիաթը պատկերող իր ամենահայտնի կտավներից մեկը՝ նշելով, որ կտավը վրձնել է 2009–ին, որը մեծ արձագանք է ստացել, շատ վայրերում է ցուցադրվել, այդ թվում՝ բազմիցս հենց թանգարանում, և կտավի տեղը, ի վերջո, տուն–թանգարանն է՝ սերունդներին ի պահ:
Ինչ իրեն էր վիճակված, Ակսել Բակունցն արեց: Մեր սրբազան պարտքն է՝ բարձր պահել Բակունցի անունն ու հիշատակը, քանզի իր գործի հանդեպ շարունակական բերկրանքը, իբրև ընծա, նա տվել է գալիք սերունդներին:


















Комментариев нет:

Отправить комментарий