Տիկին Մարության, Ակսել Բակունցի ծննդյան 123-ամյակի առթիվ գրողի տուն-թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Ակսել Բակունցի լուսանկարներում» խորագրով: Ուշագրավ այդ նախաձեռնությունը պատկանում է Ձեզ, հետևաբար կխնդրեի նախ փոքր-ինչ մանրամասնել Ակսել Բակունցի լուսանկարչական նախասիրությունների մասին:
Այո, Ակսել Բակունցի հերթական տարեդարձը նշանավորվեց նաև թանգարանային նոր ցուցադրությամբ, որը բացառիկ է հենց այն առումով, որ առաջին անգամ ներկայացվեցին Բակունցի կողմից Դսեղում արված լուսանկարները:
Ինչպես հայտնի է, հայ գրողներից շատերն են զբաղվել լուսանկարչությամբ: Պահպանվել են այդ մասին վկայող հուշակնարկներ, լուսանկարներ և լուսանկարչական սարքեր: Այդ զբաղմունքը գրավել է, օրինակ, Ռուբեն Սևակին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, Պերճ Պռոշյանին և շատ ուրիշ գրողների: Ռուբեն Սևակը 1910-ական թվականներին նույնիսկ ինքնալուսանկարվելու փորձ է արել. բավականին ուշագրավ լուսանկար է ստացվել, որը պահպանվում է: Պերճ Պռոշյանն առաջիններից էր, որ 1860-ին լուսանկարչությունը ներմուծեց Ռուսական Հայաստան: Այդ նախաձեռնության հովանավորը թիֆլիսաբնակ հրատարակիչ Համբարձում Էնֆիաջյանն էր՝ ցանկությամբ, որ երիտասարդ գրողը լուսանկարչական գիտելիքներ ձեռք բերի՝ հայկական պատմական հուշարձանների ֆոտոարխիվ ստեղծելու նպատակով: Թեև այդ նախագիծը գլուխ չեկավ, բայց Պռոշյանը, իբրև կոմերցիոն լուսանկարիչ, իր գործունեությունը շարունակեց Կովկասի տարբեր անկյուններում։ Հայտնի է, որ նա իր առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861-ին և հիմնականում կատարել է դիմանկարների պատվերներ որպես ապրուստ վաստակելու միջոց։ Առհասարակ լուսանկարչությունը 19-րդ դարավերջին հայերի շրջանում ամենատարածված համքարություններից մեկն է եղել:
Բառանկարչության անզուգական վարպետ Ակսել Բակունցը նույնպես սիրել է լուսանկարել և զբաղվել է լուսանկարչությամբ։ Արդեն մի քանի տարի է, տուն-թանգարանում ցուցադրվում է նրա՝ անգլիական արտադրության լուսանկարչական սարքը, որը գրողը ձեռք է բերել հավանաբար 1920-ական թվականներին: Հետագայում Բակունցն այն նվիրել է եղբորը՝ Վահանին, որ նույնպես լուսանկարչական նախասիրություններ ու շնորհ ունեցել, և հենց Վահանի միջոցով է մեզ հասել Բակունցների ընտանիքի լուսանկարչական բացառիկ վավերագրությունը, որ նույնպես պատշաճ լուսաբանման ու ու ներկայացման կարիք ունի: Վահան Բակունցի «Մեծ հույզերի սերմնացանը» գրքում զետեղված հայտնի ֆոտոիլյուստրացիաները հենց հեղինակին են պատկանում, որի մասին նշում կա գրքում: Իհարկե, դրանք շատ–շատ են:
Այս ցուցադրությամբ թանգարանում մեկնարկում ենք մի ծրագիր, որը հենց վերաբերում է Բակունցների ընտանիքի լուսանկարչական ժառանգության համակողմանի ուսումնասիրմանն ու լուսաբանմանը:
Ի՞նչ լուսանկարներ են նախապատրաստվել ցուցադրության և ընդհանուր առմամբ ի՞նչ արժեք ունեն դրանք:
Հովհաննես Թումանյանի ծննդավայրը պատկերող լուսանկարները Ակսել Բակունցի կողմից թանգարանում պահվող լուսանկարչական սարքով արված բացառիկ գտածոներ են, որոնց բնօրինակները պահվում են Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ Հովհաննես Թումանյանի ֆոնդում:
Հայտնի է, որ 1932 թվականին Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ այցելել է Դսեղ և լուսանկարել իր սիրելի բանաստեղծի ծննդավայրը:
Արխիվային տեղեկանքում գրանցված է, որ Բակունցը 1932 թվականի փետրվարի 7–ին ԳԱԹ-ին է հանձնել Թումանյանի ծննդավայր Դսեղը պատկերող 19 լուսանկար, որոնց դարձերեսին կան Բակունցի ձեռագիր նշումները և թվագրումներ: Հակված եք կարծելու, որ Բակունցն ու Նվարդ Թումանյանը Դսեղ այցելել են 1931-ի աշնանը, իսկ 1932-ի հունվարին Բակունցը դրանք տպագրել է և նվիրել թանգարանին:
Մայր թանգարանի թույլտվությամբ առայժմ ցուցադրության ենք նախապատրաստել այդ բացառիկ լուսանկարներից միայն 9–ը՝ թվագրված N 4–ը, 6–ը, 7–ը, 9–ը, 10–ը, 12–ը, 17–ը, 18–ը և 19–ը, որովհետև միայն դրանց դարձերեսին է Բակունցը ձեռագիր նշումներ կատարել, իսկ մյուս 10–ը հեղինակային հստակեցման, լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ պահվում են Դսեղի՝ տարբեր տարիների այլ լուսանկարների հետ՝ արված տարբեր լուսանկարիչների կողմից: Լրացուցիչ ընթացակարգով ստուգվելուց հետո հնարավոր կլինի ամբողջացնել հավաքածուն և ցուցադրել ամբողջությամբ:
Դսեղյան այդ լուսանկարները առայժմ Բակունցի կողմից արված մեզ հայտնի առաջին ֆոտոիլյուստրացիաներն են, որոնց արժեքը պայմանավորված է նախ և առաջ դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով: Թեև Բակունցը եղել է սիրող լուսանկարիչ, և նրա գործնեությունը չի կրել պրոֆեսիոնալ բնույթ, այնուամենայնիվ այդ աշխատանքները հատկանշվում են բարձր գեղարվեստականությամբ ու դիտողունակությամբ: Դրանք նույնպես միտված էին Թումանյանի ծննդավայրը ճանաչելու միջոցով նրա գրաշխարհի անհատակ խորքերը, հոգեխառնության կարևոր երակները բացահայտելուն, և ըստ այդմ՝ կարևոր վավերագրումներ են: Դրանցում նույնպես մարդ–բնություն կապը գերակա է: Լուսանկարների միջոցով էլ Բակունցը նրբորեն արտահայտել է գյուղական կյանքի ընկալման իր կերպը՝ հուզականորեն երանգավորված: Դրանցում էլ, ինչպես ստեղծագոծություններում, դիմանկարներն ու բնանկարները հմտորեն փոխներթափանցված են, շարունակում և լրացնում են իրար:
Ի՞նչ դեր է խաղացել Թումանյանը Բակունցի ստեղծագործական կյանքում:
Մեկնաբանման լայն ընդգրկում ունեցող հարց է: Ինչպես հայտնի է՝ Բակունցի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ է ունեցել Թումանյանը: Բակունցը Թումանյանի պես ի սկզբանե գնաց ժողովրդի վշտերը ճանաչելու, մտահոգություններին հաղորդակից լինելու ճանապարհով: Նա ժառանգեց նաև Թումանյանական խոսքի պարզությունը, գերխիտ ու հակիրճ սեղմությունը, նկարագրությունների դիպուկ ոճաձևը, մարդ-բնություն կապը պատկերելու գեղարվեստական սկզբունքները: Ընդհանուր այս առնչություններն ունեն նաև որոշակի, կոնկրետ ընդհանրություններ: Կարելի է համեմատել, օրինակ, Թումանյանի «Գելը» և «Ձմռան մի գիշեր» պատմվածքները: Հայտնի է մեկ այլ ուշագրավ ընդհանրություն. Բակունցի առաջին գործը՝ «Հիմար մարդը» հեքիաթն էր՝ տպագրված 1913-ին, որի սկզբնաղբյուրը հանրահայտ ժողովրդական մոտիվն է: Բակունցից շատ առաջ բանահյուսական նույն նյութը մշակել էր նաև Թումանյանը՝ «Անխելք մարդը» և տպագրել 1894-ին: Ընդ որում՝ երկուսն էլ առաջին անգամ տպագրել են նույն «Աղբյուր» հանդեսում: Այս ընդհանրությունը գուցեև պատահական լինելով հանդերձ՝ ընդգծում է շատ կարևոր ստեղծագործական օրինաչափություն՝ սկզբից ևեթ Բակունցի հակվածությունը բանահյուսական-ժողովրդական աշխարհազգացողությանը: Թումանյանից Բակունցը ժառանգել է նաև գրական լեզուն ու բարբառը համադրելու սկզբունքները: Կան նաև այլ բնույթի բազմաթիվ առնչություններ:
Ի վերջո, ի՞նչ էր փնտրում, ի՞նչ է նկատել ու ֆիքսել Բակունց գրող-լուսանկարչի հայացքը Դսեղում՝ իր սիրելի բանաստեղծի ծննդավայրում: Ներկայացրեք խնդրեմ պահպանված լուսանկարները.
Դրանք Թումանյանի ծննդավայրը պատկերող լուսանկարչական գեղեցիկ էտյուդներ են, որոնցում վառ արտահայտված է Թումանյանի ստեղծագործական աշխարհը, դրանցում կարող ենք տեսնել Թումանյանի նախակերպարներին, նրա նկարագրած բնապատկերները, սիրած վայրերը, որտեղ անցակցրել է մանկությունը, տուն-խրճիթը, խաղընկերներին, համագյուղացիներին:
Դրանք թվով 19 լուսանկար են, որոնցից, ինչպես արդեն նշեցի, այս ցուցադրության համար առանձացրել ենք 9–ը: Ընդհանուր կողմերով ներկայացնեմ դրանք.
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 4
Դարձերեսին Բակունցը գրել է. «Նեսո բիձա. Թումանյանի խաընկերներից»: Ո՞վ չի կարդացել Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն»: «Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը»։ Բակունցը Դսեղում գտել է Թումանյանի խաղընկերոջը՝ մանուկ ժամանակ «էնքա՜ն հեքիաթ իմացող», պարզ ու ազնիվ, տարիների հետ «չարքաշ կյանքի դառնություններով լցված» և վատ սովորություններ ձեռք բերած Նեսո բիձային և լուսանկարել նրան դաշտում մի երեխայի հետ: «Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր», –գրում է Թումանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 19
Լուսանկարը ունի գրառում. «Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը Դսեղում համագյուղացիների հետ»: Հավաքածուի մեջ լուսանկարը բացառիկ է այն առումով, որ Բակունցը լուսանկարել է իրեն ուղեկցող Նվարդ Թումանյանին համագյուղացիների հետ: Լուսանկարը դիտելիս միտքդ Թումանյանի տողերն են գալիս՝ «Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը, Գյուղի տերերը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 7
Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Դսեղ գյուղի տեսարանը»: Գրողը հեռվից լուսանկարել է Թումանյանի ծննդավայրը՝ անչափ գեղեցիկ մի համայնապատկեր:
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 12
Դարձերեսին Բակունցը գրել է՝ «Դեբեդի ձորը: Աջ կողմից այժմ Ձորագեսն է»: Լուսանկարը բավականին պրոֆեսիոնալ կադր է: Դեբեդի ձորն է կամ Լոռու ձորը՝ հայտնի զառիթափ կիրճը Լոռու մարզում և Թումանյանի ստեղծագործական պատկերներում:
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ»։
Կիրճը ձևավորել է Դեբեդ գետը՝
«Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի...:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 10
Բակունցի ամենագեղեցիկ ու պայծառ լուսանկարներից է, մանրամասների մեջ ամբողջացող գյուղաշխարհի թանձր պատկեր, որում ամեն մի դետալը խոսուն է: Գրողը լուսանկարել է գյուղամեջի աղբյուրը և դրա շուրջը հավաքված «առույգ ու ժիր գեղջուկ մանուկներին», որոնք հետաքրքրասեր հայացքներով նայում են լուսանկարչին: Մեկը խաղն է ընդհատել և մոտեցել, մեկը կովն է բերել ջուր տալու, մյուսն էլ կժով լի ջուրը պիտի ուր որ առնի ու տանի տուն...
Պայծառ շողերն հիշողության
Մտնում են ծոցն անցյալի,
Լուսավորում իմ մանկության
Անհոգ պատկերն անձկալի:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 9
Դարձերեսին Բակունցը գրել է ՝ «Գյուղի աղբյուրը: Ձախ թևի տան մեջ մի տարի ապրել է Թումանյանը: Այդ տունն այժմ դարձնում են Թումանյանի անվան խրճիթ ընթերցարան»:
Հայտնի է, որ Թումանյանի տունը Դսեղում թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ։ 1932 թվականից արդեն աշխատանքներ էին տարվում, որի մասին էլ ակնարկում է Բակունցը: Լուսանկարը գյուղական կենցաղը կենդանագրող մի ուշագրավ պատկեր է, կարծես պատմվածքի մանրակերտ լինի: Ոչ սովորական աչքով տեսածն էլ գեղարվեստորեն յուրացնում և գունեղ բառապատկերի է վերածում Բակունցը: Ուշադիր նայում ես և համոզվում, որ Բակունցի համար լուսանկարելն էլ ստեղծագործական եղանակ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 17
Այս հրաշակերտը գտնվում է Դսեղ գյուղի մոտ։ Թվագրվում է 13–րդ դար, կանգնեցվել է Մամիկոնյան իշխանների օրոք: Տեղացիներն ասում են «Սիրուն խաչ», որովհետև բացառիկ ասեղնագործ աշխատանք է, ընդգրված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հայտնի է, որ այս խաչքարը եղել է Հովհաննես Թումանյանի ամենասիրելի հուշարձաններից մեկը, և ինքն էլ լուսանկարներ ունի Սիրուն խաչի մոտ: Բակունցի արած լուսանկարում խաչքարը ամբողջովին պահպանված վիճակում է: Այսօր էլ համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը, որը, դատելով լուսանկարների համեմատությունից, վնասվել է ավելի ուշ շրջանում՝ փաստորեն 20–րդ դարասկզբին՝ 1930–ականներից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 18
Սա էլ ուշագրավ լուսանկար է: Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա Բակունցը ֆիքսել է Թումանյանի թողած ստորագրությունը 1919 թվականին: Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս–արևելեք Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ: Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավերակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է «կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի»): Բակունցը հենց այդ ժամանակ է այցելել վանք և լուսանկարել պատի այդ հատվածը: Հայտնի է, որ վանքը մասնակիորեն նորոգվել է 1939 թ.–ին: Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին։ Հավանաբար վերանորոգման և մաքրման աշխատանքների ժամանակ այդ գրառումները, ինչպես նաև Թումանյանի ստորագրությունը ջնջվել է:
ԼՈՒՍԱՆԿԱՐ N 6
Սա էլ կարծես Թումանյանյանական պատկերներից մեկի լուսանկարային անդրադարձը լինի: Բանաստեղծի համագյուղացիներն են, հանգիստ են առնում, և ո՞վ գիտի՝ մտմտում «աշխարհքի բանի» մասին. «... Մեր բազմահոգ գյուղացին, /Մեծամարմին և քաջալանջ, /Ծիծաղ չըկա երեսին»։
Բակունցի այս և այլ լուսանկարներում առկա Լոռվա բնապատկերի, կենցաղի, մարդկանց կենսավարության որոշ տվյալներ համադրելով ազգագրական, տեղագրական գրավոր նյութերի հետ՝ կարելի է առավել ամբողջական ընկալել Դսեղի տեղագրության, ավանդական կացութաձևի, այդ թվում՝ կենցաղային իրերի, հագուստի ու հագուկապի բնութագիրը: Որևէ դետալ չի վրիպել գեղարվեստական մանրամասների ու հոգեբանական թափանցումների մեծագույն վարպետ Ակսել Բակունցի հայացքից:
Հուսանք` առաջիկայում հնարավոր կլինի ի մի բերել Բակունցի Դսեղյան նաև մյուս լուսանկարները և հավաքածուն ցուցադրել ամբողջությամբ, ինչը ոչ միայն նոր գույն կհաղորդի թանգարանին, այլև հնարավորություն կտա նորովի բացահայտելու Ակսել Բակունց արվեստագետին, այս դեպքում՝ լուսանկարչին:
Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:
Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի
Комментариев нет:
Отправить комментарий