Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Դարբասի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նուբար Ղուկասյանի աշխատանքը:
-Էս հինչ Մարքրիդի էն տիրալ Խոնարհիս տեղ. Խոնարհս գյոզալ էր, գյոզալ…
Պատմվածքը դասարանում չենք անցնում, գնում ենք Լոր` գերեզմանատան դպրոցը, և ընթերցում տող առ տող: Կարդում եմ չքնաղ պատմվածքը, իմ առջև իմ գյուղն է բացվում, ինձ հարազատ ժայռն ու քարը, կածանն ու ծերպը: Ես էլ հեղինակի հետ լսում եմ անտառի կամաց խշշոցը, միրհավի կանչը ու Խոնարհի մեղմ ձայնը`
Այնքան գեղեցիկ, այնքան առինքնող է պատմվածքի յուրաքանչյուր տողը, որ հոգիս այրվում է նրա պարզությունից, նրա անապակ կառուցվածքից, նրա անափ մարդասիրությունից: Կարծես պատմվածքի յուրաքանչյուր տողն ու պարբերությունը բարություն է շաղ տալիս այս` հույսը Աստծուն դրած աշխարհին, այս որդեկորույս ու ցավոտ հայրենիքին: Պատմվածքի ամեն բառն իր կշիռն ունի, և եթե հանկարծ մեկը չօգտագործվի, պատմվածքը կկորցնի իր հմայքը:Կարդում ու հասկանում եմ, թե Բակունցն ինչ գեղարվեստական հնարքներ է օգտագործել: Փաստագրական տվյալների շեղումները ձուլվել են նրա քնարական արձակին ու կերտել աննման մի պատմություն` հուզիչ ու հոգեցունց: Ընկերոջ շուրթերով Բակունցն է խոսում, վերհուշում պատմում է Աշոտի մասին, բայց նախատիպը Անահիտն է եղել` Օհան ամու աղջիկը: Բակունցը խուսափել է նաև այս փաստից: Տարիներ հետո Անահիտը Բաքվից գալիս էր Լոր, վերընթերցում պատմվածքն ու հավելում, որ Ալեքսանդր վարժապետը իրենց տանն է մնացել ու իր հետ է անտառում առաջին անգամ տեսել Խոնարհին: Հիմա էլ են Լորում Խոնարհներ ծնվում` նրա նման սիրուն, նրա նման չքնաղ: Բայց Բակունցի Խոնարհը խոնահ էր ու հեզ: Եվ իր խեղճության հետ էլ կերտեց իր խղճուկ ճակատագիրը` վաղամեռիկ, կիսասոված: Այ, այնտեղից է Խոնարհը իջել, այ այնտեղ է ծուռվիզ Անտոնի տունը, այստեղով բարձրանալիս կոտրեց միակ ժամացույցը, այ հենց այստեղ Բակունցը տեսավ Խոնարհին` գլխին բրդյա շալ: Ահա այն դաշտը, որտեղ Խոնարհը քաղհան էր անում և վերջապես Վերին գյուղի` Դարբասի դպրոց-կանցիլյարը, որի մոտ Բակունցը նորից տեսավ Խոնարհին` որբևայրի, երեք երեխաները փեշերից կախված: Ամեն ինչ բնական է, անձև, բայց այնքան խորը, որ ստիպում է էլի ու էլի կարդալ, էլի ու էլի վերապրել գյուղական պարզ առավոտը, անտառը, մարդկանց:
Որքան եմ սիրում քեզ, իմ հայրենակից Խոնարհ, որքան եմ զգում շունչդ այս ձորերում և որքան էլ կարդում եմ պատմվածքը քո, Բակունցի թրթռուն սիրո ու Լորի մասին, այնքան հոգիս կարոտ է զգում անցած-գնացած օրերի, մուսաների գյուղ Լորի ու Խոնարհի մեղմ շշուկի.
-Թո՜ղ…
«Հաճախ էի մտաբերում նրա դեմքը, ցանկապատի փշերի արանքից, երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ և բարակ, կարմիր շրթունքներ…»: Ուսուցի՛չ, գուցե այդ թողը հայ աղջկա բարձրարժեքությունը հաստատող մերժումն էր և ըստ իր ակնկալիքի սիրահարված պատանին պետք է նորից փորձեր շփում գտնել աղջկա հետ, որից և դու խուսափեցիր: Գուցե նրա հայրը քեզ հրավիրել էր իրենց տանը ընթրելու, որ իր համաձայնությունը տար քեզ` իր դստերը կնության առնելու. ի վերջո այդ սերը նկատելը դժվար չէր: Եվ գուցե նա ափսոսանքով էր վերջին անգամ հայացքն ուղղել դեպի բլուրը, որտեղից արդեն դու հեռանում էիր քո` ուսուցչի առաքելությունը լիովին կատարած, բայց ինչ-որ զգացմունք նրա սրտում անավարտ թողած: Բակու՛նց, դու եղար հայրենի անտառների մասին պատկերացում տվող ամենադիպուկ որսորդը ու սիրո զգացմունքը քնքշորեն պատկերող անկեղծ ու նվիրական պատանին: Եվ ես` քեզնով տարվածս, քեզ պետք է ասեմ.
-Ուսուցի՛չ, քո ձայնը զրնգում է այս ձորերում:
Комментариев нет:
Отправить комментарий