Տիկին Մարության, Ակսել Բակունցի ծննդյան 123-ամյակի առթիվ գրողի տուն-թանգարանում բացվեց նոր ցուցադրություն՝ «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Ակսել Բակունցի լուսանկարներում» խորագրով: Ուշագրավ այդ նախաձեռնությունը պատկանում է Ձեզ, հետևաբար կխնդրեի նախ փոքր-ինչ մանրամասնել Ակսել Բակունցի լուսանկարչական նախասիրությունների մասին:
Այո, Ակսել Բակունցի հերթական տարեդարձը նշանավորվեց նաև թանգարանային նոր ցուցադրությամբ, որը բացառիկ է հենց այն առումով, որ առաջին անգամ ներկայացվեցին Բակունցի կողմից Դսեղում արված լուսանկարները:
Ինչպես հայտնի է, հայ գրողներից շատերն են զբաղվել լուսանկարչությամբ: Պահպանվել են այդ մասին վկայող հուշակնարկներ, լուսանկարներ և լուսանկարչական սարքեր: Այդ զբաղմունքը գրավել է, օրինակ, Ռուբեն Սևակին, Վահան Տերյանին, Վրթանես Փափազյանին, Պերճ Պռոշյանին և շատ ուրիշ գրողների: Ռուբեն Սևակը 1910-ական թվականներին նույնիսկ ինքնալուսանկարվելու փորձ է արել. բավականին ուշագրավ լուսանկար է ստացվել, որը պահպանվում է: Պերճ Պռոշյանն առաջիններից էր, որ 1860-ին լուսանկարչությունը ներմուծեց Ռուսական Հայաստան: Այդ նախաձեռնության հովանավորը թիֆլիսաբնակ հրատարակիչ Համբարձում Էնֆիաջյանն էր՝ ցանկությամբ, որ երիտասարդ գրողը լուսանկարչական գիտելիքներ ձեռք բերի՝ հայկական պատմական հուշարձանների ֆոտոարխիվ ստեղծելու նպատակով: Թեև այդ նախագիծը գլուխ չեկավ, բայց Պռոշյանը, իբրև կոմերցիոն լուսանկարիչ, իր գործունեությունը շարունակեց Կովկասի տարբեր անկյուններում։ Հայտնի է, որ նա իր առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861-ին և հիմնականում կատարել է դիմանկարների պատվերներ որպես ապրուստ վաստակելու միջոց։ Առհասարակ լուսանկարչությունը 19-րդ դարավերջին հայերի շրջանում ամենատարածված համքարություններից մեկն է եղել:
