Показаны сообщения с ярлыком Ակսել Բակունց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակսել Բակունց. Показать все сообщения

10.12.2024

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Ակսել Բակունցը Սերո Խանզադյանի կյանքում

Գրողների փոխհարաբերությունների բացահայտման հետ կապված հարցերը հետաքրքիր ու կարևոր գրականագիտական թեմաներ են: Այս ասպարեզում կատարված որոնումների և ուսումնասիրությունների շնորհիվ պարզվում են նրանց աշխարհայացքի, կենսափիլիսոփայության, գեղագիտության տարբեր կողմերի, նախասիրությունների, գրական ճաշակի մի շարք առանձնահատկությունները, նաև նոր կողմերով հարստանում, փոխլրացվում են կենսագրական նյութերը:
Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև գրական ու կենսական առնչությունների ու արժևորումների այն դրվագները, որոնք միավորում են մեր հայրենակից մեծանուն գրողներ Ակսել Բակունցին և Սերո Խանզադյանին:
Բակունցից հետո գրիչ վերցնել և ինքնահատուկ ոճ ու նյութ բերել գրականություն, այնքան էլ հեշտ գործ չէր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նույն հող ու ջրի, նույն միջավայրի ծնունդ էին, այլև գրական ավանդույթի յուրացման տեսանկյունից՝ որպես նոր արժեքների ստեղծման հիմք: Փաստ է`որքան խորությամբ է գրողը յուրացնում նախորդ գրական փորձը, այնքան ինքնատիպ ու բարձրաժեք են նրա ստեղծագործությունները: Սերո Խանզադյանն այն գրողն էր, որ ըստ ամենայնի գիտակցում էր դա և ճիշտ յուրացրեց բակունցյան ավանդույթի սնուցիչ երակը՝ հարստացնելով իր ստեղծագործական աշխարհը: Պատահական չէ, որ 1960-80-ականների մի շարք արձակագիրների, այնպես էլ Սերո Խանզադյանի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում առանձնահատուկ տեղ ունեցավ Ակսել Բակունցը, որի հանդեպ հենց սկզբից էլ մեծ պաշտամունք ուներ, գիտակցում էր նրա հսկայական դերը հայ արձակի զարգացման գործում՝ նրան համարելով իր մեծ ուսուցիչը:
Բակունցը ամբողջ կյանքում ուղեկցել է Խանզադյանին, եղել նրա հետ՝ ոչ միան մանկության, պատանեկության շրջանի տպավորություններում, այլև ստեղծագործական ներշնչանքներում ու որոնումներում. Խանզադյանը Բակունցի եղերական կորստի ցավի անմիջական կրողն էր, գրական մասունքները փրկելու նախանձախնդիրն ու գրական փառքը վերականգնելու առաջամարտիկը։

20.11.2024

Կարինե Մեսրոպյան/ԼՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Պատմի՛ր, – խնդրում եմ պապիս[1], – ինչպիսի՞ն էր քո Ալեքսան վարժապետը: Սիրո՞ւմ էիք նրան:
Պապիս դեմքը պայծառանում է: Ժպտուն աչքերը կարծես նայում են ուրիշ աշխարհից: Երկար լռում է: Գիտեմ՝ վաթսուն տարիների հեռավորությունն է կտրում մտովի, ու քիչ անց ես լսելու եմ հին ու սիրելի մի պատմություն:
Պապս գյուղի ջրվորն է:
Մեր գյուղը ձորերի մեջ է՝ հիմնադիր Լորիկ իշխանի մահարձանով, հնամենի եկեղեցիներով, «լուսնի մեջ քնած խաղաղ արտերով», իրար շուքից արբած ձյուն ու ծաղիկներով, իրենց թեժ կրակից մենակ ու լուռ այրվող մասրենիներով, թելիկ-մելիկ առուներով, գյուղի անդորրը հսկող Ջրկասարով, երկնքի կոպերից կախված Գյազբելով…
1960-ականներին՝ Լորում իր նախագահության տարիներին, պապս գյուղի համար տնկել է խնձորենու մեծ այգի: Հիմա՝ այգին ջրելուց հետո, թեք է ընկել իր սիրած ծառի տակ փռած կարպետին և հանգստանում է: Մեր դիմաց բլուրներ են՝ դեղնին տվող ցորենի արտերով, սարալանջը հատող ճանապարհով:
– Այս ճանապարհով դարասկզբին՝ բերքառատ աշնան մի պայծառ օր, Տաթևից մեր գյուղ է եկել Խրիմյան Հայրիկը: Ես չեմ տեսել, հայրս է պատմել: Ողջ գյուղը դուրս է եկել նրան դիմավորելու գյուղի կամրջի մոտ: Գյուղացիները մինչև եկեղեցի գորգեր են փռել, որպեսզի նրա ոտքը գետնին չառնի: Եկեղեցու ճանապարհն անցնում էր այգիների միջով. ծառերը ճկվել էին տանձի ու խնձորի առատ բերքից, գետինը՝ ծածկված գորգերով ու մրգերով: Հասնելով Դռնապանի ձորալանջին, որտեղից ողջ գյուղը երևում է ասես ձեռքի ափի մեջ, տեսնելով այդ առատությունն ու գեղեցկությունը՝ կանգնեցրել է ձին ու բացականչել. «Ահա՜ թե ինչին դրախտ կըսեն: Թող Աստծո օրհնությունն ըլլա այս Լոր գյուղի վրա…»:

06.03.2023

Թեհմինա Մարության / Յո՞ երթաս, Սիրա՛ս


1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Հազարավոր գորիսեցիներ ու հյուրեր էին հավաքվել տուն-թանգարանի բացմանը: Եկել էին տեսնելու կարճ, բայց լուսավոր այդ կյանքի սրբացած մասունքները, հարգանք մատուցելու եղերաբախտ ու պայծառանուն գրողին:
Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թվականից), ԽՄԿԿ անդամ (1924 թվականից) Հմայակ Սիրասը[1]:
Խորհրդային վարչակարգի փառապսակը վայելող այս մեծապատիվ անձին Հայաստանի գրողների միության կողմից վերապահվել էր Բակունցի տուն-թանգարանը պաշտոնապես բացելու և գրողին ըստ արժանվույն մեծարելու պատիվը: Որքան էլ զարմանալի թվա, այդ առաքելությունը պետք է իրականացներ ոչ թե մաքուր կենսագրություն ունեցող մի արժանավոր գրող, այլ 1930-ականներին Բակունցի դեմ մահացու զրպարտություններ ստորագրած ոհմակի ներկայացուցիչներից մեկը՝ նույն ինքը Սիրասը, որ 1937-ի սպանդին իր ուժերի ներածին չափով մասնակցելուց հետո, որպես «օրինականացված» միջակություն, «կուսակցական երկաթյա կարգապահությամբ» շարունակում էր վայելել կյանքը, պատվավոր կոչումներ ու տիտղոսներ փախցնել, կարևոր պատվիրակություններ գլխավորել, բարձր ամբիոններից սրտառուչ ճառեր արտասանել «մայրենի գրականության նվիրյալների», այդ թվում՝ Բակունցի մասին՝ ափսոսանք հայտնելով, թե ինչու «շուտ կտրվեց նրա կյանքի թելը», և որ նա «ամեն տեղ է», ամենքի, նաև ի՛ր «սրտում և զգացմունքների աշխարհում»: Բակունցի կյանքի թելը կտրելուն նպաստած, իր անցյալից չամաչող այս գրչակը, հայտնվելով դարակազմիկ իրադարձության կենտրոնում, հավանաբար կարծում էր, որ տարիները մոռացության են մատնել դեպքերն ու դեմքերը, մշուշել մարդկանց հիշողությունը, այդպես նաև իր գրչի զարհուրելի արտադրանքը «կուսակցության երկաթյա կարգապահությունը խախտած» Բակունցի և նրա գրական ընկերների դեմ՝ հրապարակված «Գրական թերթ»-ի 1936 թվականի թիվ 21 համարում, որը ներկայացնում ենք ստորև.

Բացվում են թանգարանի պատմության էջերը. ցուցադրություն և բանախոսություն

Մարտի 4-ին Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ թանգարանի պատմության էջերի, առանձին դրվագների լուսաբանմանը նվիրված արխիվային նյութերի ցուցադրություն, որն ուղեկցվեց բանախոսությամբ։
Թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը խոսեց երկու նյութի շուրջ` «Բակունցի տուն-թանգարանի բացման հանդիսությունը և Հմայակ Սիրասը», «Հայկ Դանղյանը և նրա արժեքավոր նվիրատվությունները թանգարանին»` ներկայացնելով արխիվային հետաքրքիր նյութեր և լուսանկարներ։
1970 թվականի սեպտեմբերի 16-ին Գորիսում հանդիսավորությամբ բացվեց Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր արձակագիր Հմայակ Սիրասը, որ 1930-ականներին մահացու զրպարտություններ էր ստորագրել Բակունցի և նրա գրական ընկերների դեմ։ Իր անցյալի սև էջը քողարկելու համար Սիրասը, որ ժամանակին դագանակը ձեռքին գրել էր սովորեցնում Բակունցին, փորձեց բոլոր հնարավոր միջոցներով ինքնահաստատվել նրա գրական լուսապսակի շուրջ՝ որպես հուշագիր՝ բարեկամի կեղծ դիմակով, որպես հատուկ առաքելությամբ Գորիս գործուղված խորհրդային գրող՝ գրչակից ընկերոջ կեղծ դիմակով: «Եվ ինչու՞ էր Սիրասին թվում, թե իր կյանքի այդ էջը փակված է, իր գրական հեղինակությունը՝ փրկված, փրկված նախ՝ Բակունցի մաքրագործված փառքով»,-նշեց բանախոսը: Թանգարանի արխիվային հավաքածուներում պահպանվում են Սիրասի մեքենագիր ելույթը, դրա ձեռագիր քաղվածքը, որը ցանկացել է զետեղված տեսնել ցուցափեղկում, նամակները` ուղղված թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին, գրառումը հուշամատյանում թանգարանի բացման առթիվ և այլ ուշագրավ վավերագրեր, որոնք լույս են սփռում Սիրասի մարդկային նկարագրի վրա։ Ի վերջո, արխիվները բացվում են և ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։

09.10.2022

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. Ակսել Բակունց/Սև ցելերի սերմնացանը

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Ակսել Բակունցի պատմվածքների ընտրանին՝ «Սև ցելերի սերմնացանը» խորագրով (2022թ., 496 էջ):
Ժողովածուն ընդգրկում է Բակունցի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը» գրքերի լավագույն պատմվածքները։ Ներառվել են նաև շարքերից դուրս մնացած մի քանի ընտիր պատմվածքներ ու ակնարկներ։ Տեքստերը հրատարակության են պատրաստվել ըստ Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության։

04.09.2022

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԸ՝ ՊԱՐՍԿԵՐԵՆ

Արմենուշ Առաքելյանի աշխատասիրությամբ ու թարգմանությամբ լույս է տեսել Ակսել Բակունցի պատմվածքների ընտրանին պարսկերեն՝ «Զանգեզուրի մեծ քնարերգուն» («سرایندهٔ بزرگ زانْگِزور») խորագրով, 224 էջ։
Հեղինակը պարսկերեն է թարգմանել Բակունցի ութ պատմվածքները, նրա ստեղծագործությունների մասին մեկ հոդված՝ 3 լեզուներով՝ պարսկերեն, հայերեն և ֆրանսերեն, թարգմանաբար ներկայացրել է Եղիշե Չարենցի բանաստեղծությունը՝ նվիրված Բակունցին, ինչպես նաև Հակոբ Կարապենցի փորձագրությունը Բակունցի մասին։ Գրքում զետեղված բացառիկ լուսանկարներից շատերը տրամադրվել են թանգարանի կողմից։
Նախախոսքում հեղինակը ի թիվս այլոց շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի աշխատակազմին՝ ի դեմս վարիչ Վարդան Սարգսյանի՝ «ջերմ ու սիրալիր աջակցության համար»։
Արմենուշ Առաքելյանի փոխանցմամբ այսօր Բակունցին նվիրված նոր գիրքը հանգրվանեց տուն֊թանգարանում, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում հեղինակին։

28.08.2022

Ակսել Բակունցի եղբոր՝ Վահան Բակունցի նամակը թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին

Հարգելի Քաջիկ.

Շատ զգացված եմ Ձեր անկեղծ խոսքերի համար, որ Դուք գրում եք իմ Գորիս գալու համար: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեր եղբայրական առաջարկության մասին՝ Տուն–թանգարանում աշխատելու: Ուրիշ պայմաններում գուցե այդ առաջարկությունը իմ մեջ ցանկություն առաջացներ ընդհանրապես Հայաստան վերադառնալու: Բայց ցավոք սրտի պիտի ասեմ, որ գնալուս հիմնական պատճառը չի վերացված: Ունենալով արյան խիստ բարձր ճնշում (այդքան տարի չէի իջնում Քաջարանի ամենաբարձր սարերից, արդյունաբերություն էի ստեղծում երկրի համար, չխնայելով ոչ սիրտ, ոչ կյանք), ես այլևս չեմ կարողանում դիմանալ բարձր տեղանքին: Նույնիսկ Երևանում, ինչպես ցույց տվեց անցյալ իմ այցը, արդեն երկրորդ օրը արյան բարձր ճնշումս բարձրանում է մինչև 200–ի: Դա վտանգավոր և առայժմ անբուժելի երևույթ է:
Միակ փրկությունը միջին գոտում ապրելն է: Այստեղ, Մոսկվայում ես ինձ համեմատաբար լավ եմ զգում, քանի որ նույնիսկ առանց դեղեր գործադրելու, ճնշումը դառնում է 160/80, որը ինձ համար օպտիմալ է:

06.08.2022

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ. ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Բակունցի տուն-թանգարանում «Ակսել Բակունց և Նիկոլայ Գոգոլ» թեմայով բանախոսությամբ մեկնարկեց միջոցառումների շարքը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Թեմայի շուրջ բանախոսեց թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը: Վաղուց է հայտնի Ն.Գոգոլի ստեղծագործության տեղն ու դերը ոչ միայն ռուսական դասական, այլև մյուս ժողովուրդների գրականության զարգացման ու հարստացման մեջ: Պատահական չէ, որ Գոգոլի ստեղծագործությունը հետաքրքրել է նաև Ակսել Բակունցին, ինչն իր դրդապատճառներն ունի: Հայ գոգոլագիտության մեջ միանգամայն նոր ու խորքային գնահատողական անդրադարձ էր Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը, որ տպագրվել է որպես առաջաբան «Տարաս Բուլբա» երկի հայերեն նոր հրատարակության (1934, Պետհրատ): Թարգմանիչը հենց ինքն էր` Ակսել Բակունցը։
Բանախոսը նկատեց, որ Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը վերաբերում է ոչ միայն մեծանուն գրող Գոգոլի հանրահայտ պոեմին, ոչ միայն հայ-ռուսական գրական կապերին, այլ նաև համաշխարհային մշակույթին հուզող հիմնախնդիրներին` իրենց նշանակությամբ միշտ թարմ և ուսուցանող:

08.07.2022

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՎ ԿՏԱՎԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԿՈՒՆՑԻ 85-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լրացավ Ակսել Բակունցի մահվան 85-րդ տարելիցը: Հուլիսի 8: Օր, որ պատմության մեջ սև ժապավենով արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև…
Տարելիցի առթիվ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Աշակերտների և ուսանողների ուրույն մատուցմամբ ներկաները ունկնդիր եղան «Ցավդ ինչպե՞ս պատմեմ» խորագրով գրական կոմպոզիցիային: Թերթ առ թերթ, իբրև հիշողության պատրանքներ, բացվեցին Բակունցի կյանքի դրամատիկ էջերը, վերջին գիշերվա հոգեբանական ապրումները: Հնչեցին Համո Սահյանի, Քաջիկ Դորունցի, Ալբերտ Իսաջանյանի բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի անզուգական քերթվածները՝ գրված 1935-1937 թվականների ընթացքում, երբ նա և ստալինյան մղձավանջով անցնող գրչակից ընկերներն ապրում էին իրենց կյանքի «արյունալիճ կեսօրվա» վերջին պահերը:
Այնուհետև բանախոսություններով հանդես եկան ԳՊՀ դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը և թանգարանի գիտաշխատող, գրականագետ Թեհմինա Մարությանը:

13.06.2022

ՆՇՎԵՑ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 123-ԱՄՅԱԿԸ

Իմաստախոսությունն ասում է՝ «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային պահերից մեկն էլ 1899 թվականի հունիսի 13-ն էր՝ հայ արձակի բյուրեղային վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան տեսլաժամը:
Այսօր Գորիսում մեծ շուքով նշվեց մեծանուն արձակագրի ծննդյան 123-ամյակը: Միջոցառումները մեկնարկեցին Բակունցի հուշարձանի մոտ ծաղկեդրման արարողությամբ, ապա շարունակվեցին գրողի տուն–թանգարանում:
Բակունցի լուսաճառագ հարկի տակ հավաքված պաշտոնատար անձինք՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, մտավորական ընտրանու ներկայացուցիչները, մայրաքաղաքից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ մայր թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դ.Գասպարյանը և ուրիշներ, իրենց ելույթներում շեշտեցին Բակունցի ստեղծագործության պատմական նշանակությունը, կարևորեցին բոլոր այն ձեռնարկները, որոնք միտված են նրա գրական հեղինակության ամրապնդմանը, ստեղծագործության հանրայնացմանը և սերունդներին Բակունցի իմաստուն ու լուսավոր մտքի ճանապարհով ուղղորդելու առաքելությանը:

15.12.2018

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Կանայք Բակունցի կյանքում և իբրև նախակերպարներ՝ ստեղծագործություններում

Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կյանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց եղել են նվիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին: 
Մտերիմներից Ռաֆայել Աթայանը ուշագրավ բնութագիր է տվել գրողի խառնվածքին. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»[1]: