06.08.2022

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ ԵՎ ՆԻԿՈԼԱՅ ԳՈԳՈԼ. ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Բակունցի տուն-թանգարանում «Ակսել Բակունց և Նիկոլայ Գոգոլ» թեմայով բանախոսությամբ մեկնարկեց միջոցառումների շարքը՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Թեմայի շուրջ բանախոսեց թանգարանի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը: Վաղուց է հայտնի Ն.Գոգոլի ստեղծագործության տեղն ու դերը ոչ միայն ռուսական դասական, այլև մյուս ժողովուրդների գրականության զարգացման ու հարստացման մեջ: Պատահական չէ, որ Գոգոլի ստեղծագործությունը հետաքրքրել է նաև Ակսել Բակունցին, ինչն իր դրդապատճառներն ունի: Հայ գոգոլագիտության մեջ միանգամայն նոր ու խորքային գնահատողական անդրադարձ էր Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը, որ տպագրվել է որպես առաջաբան «Տարաս Բուլբա» երկի հայերեն նոր հրատարակության (1934, Պետհրատ): Թարգմանիչը հենց ինքն էր` Ակսել Բակունցը։
Բանախոսը նկատեց, որ Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» հոդվածը վերաբերում է ոչ միայն մեծանուն գրող Գոգոլի հանրահայտ պոեմին, ոչ միայն հայ-ռուսական գրական կապերին, այլ նաև համաշխարհային մշակույթին հուզող հիմնախնդիրներին` իրենց նշանակությամբ միշտ թարմ և ուսուցանող:
Նա անդրադարձավ Բակունցի թարգմանության առաձնահատկություններին, պոեմի գրականագիտական խորքային դիտարկումներին ու արժևորումներին, թարգմանությանը կցված բառարանին, որը բառարանագետի հմտությամբ կազմել է Բակունցը, և գրողի՝ հայ-ռուսական գրական կապերի զարգացման գործում ունեցած դերակատարությանը:
Ներկաները կարևորեցին նման բանախոսություն-քննարկումների կազմակերպումը թանգարանում, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու Բակունց գրողին՝ իր հանրագիտակ նկարագրով:
Մարությանը նշեց, որ տարիների ընթացքում Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն հանճարեղ արձակագրի ստեղծագործությունն ունի այնպիսի խոր շերտեր, որոնք ուրույն իմաստ ու հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում, և գրականագիտական միտքը դեռ լիովին չի թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան ու առեղծվածային աշխարհը: Բակունցի ստեղծագործական կարողությունը նույն ինքնատիպությամբ փայլում է նաև գրականության պատմության, քննադատության ու տեսության բնագավառներում: Բակունցի տեսադաշտում են եղել նաև հայ ու համաշխարհային գրականության դասականները՝ Այգեկցին, Աբովյանը, Նալբանդյանը, Սվիֆտը, Գոգոլը, ժամանակի գրական հարցերն ու մտահոգությունները:














Комментариев нет:

Отправить комментарий