Показаны сообщения с ярлыком Թանգարանների գիշեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Թանգարանների գիշեր. Показать все сообщения

22.05.2023

ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ / Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բադալյանի աշխատանքը: 

Հիմա անգամ չեմ հիշում՝ արևո՞տ, թե՞ անձրևոտ օր էր, բայց մի բան հաստատ հիշում եմ՝ այդ օրը կայացրի այնպիսի որոշում, որի համար չեմ փոշմանել մինչ օրս։ Գրքերս էի փնտրում, չէի հիշում, թե որը որտեղ եմ դրել։ Երկար փնտրտուքից հետո գտա իմ հոգուն հարազատ «Գրականության» դասագիրքը։ Հանկարծ գրքի արանքից տերևի նման օրորվելով՝ մի բան ընկավ։ Շփոթմունքից գիրքը ևս վայր ընկավ ձեռքիցս՝ բացված վիճակում։ Երևի կմտածեք՝ ինչ անփույթ եմ, չէ՞։ Բայց եթե դուք էլ լինեիք իմ փոխարեն, նույն վիճակում կհայտնվեիք։ Գրքի բացված էջերի վրա Ակսել Բակունցի կենսագրությունն էր և նրա ստեղծագործությունը, իսկ կողքին այն, ինչ ընկել էր ՝ երկար ժամանակ խնամքով պահված այցետոմսն էր։ Երբ ձեռքս առա այն, անգամ չէի հիշում ՝ ինչ էր ու որտեղից։ Բայց հետո հիշեցի։ Դա մի այցետոմս էր, որը հնարավորություն էր տալիս աշակերտներին այցելել ՀՀ թանգարաններ կամ պատկերասրահներ, թատրոններ և համերգասրահներ։ Արդեն ուզում էի տեղը դնել և փակել գիրքը, երբ հայացքս կանգ առավ գրքի և հրավիրատոմսի՝ միմյանց համընկնող հատվածների վրա․ Բակունց և թանգարան։ Մի ակնթարթ փակեցի աչքերս ու խորհեցի․ «Գրականություն, Ակսել Բակունց և այցետոմս, մի՞թե կարելի է բաց թողնել այսպիսի հնարավորությունը»: Եվ որոշեցի՝ ինչ գնով էլ լինի, պիտի գնամ։ Ուսումնական տարին գրեթե մոտենում էր իր տրամաբանական ավարտին։ Արևը կամաց-կամաց իր տեղն էր զբաղեցնում երկնակամարում։ Իսկ ես արդեն մեկ շաբաթ է՝ պլանավորում էի ուղևորությունս դեպի Գորիս։ Սակայն այդ մասին նույնիսկ չէի հայտնել ծնողներիս, քանի որ համոզված չէի, որ կստացվի, ուստի այդ հարցով որոշեցի դիմել դասընկերներիս։ Հենց որ ցանկացա պատմել, մտքումս մի փայլուն գաղափար ծնվեց․ «Իսկ ինչու՞ չգնալ այնտեղ հենց ձեզ հետ»։ Միանգամից բարձրաձայնեցի։ Երևի ոչ ոք չէր սպասում այդպիսի առաջարկի։ Ինչևէ, մեծ դժվարությամբ որոշվեց՝ գնում ենք Գորիս։ 

21.05.2023

ՄԱՐԻԱ ԼԱԼԱՅԱՆ/Իմ սիրելի բակունցյան կերպարը

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (առաջին տեղ), Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Լալայանի աշխատանքը: 

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին...

Եթե Սյունյաց գրական նկարչի վրձնահարվածների երկու իրար շատ նման գլուխգործոցների ձեռքը ընկնեին աշնան երգչի այս տողերը, անկասկած կարցունքոտվեին նրանց աչքերը. Լառ-Մարգարը կգնար այգի, բահը կտնկեր գետնին, ինքը պառկեր չորացած բարդիների կողքին ու նայեր ճյուղերի արանքից դեպի վեր։ Հազրոն իր անբաժան ծիրանի փողը կնվագեր կտուրին, բայց այս անգամ` մի այլ նվագ։ Իսկ ես` բարեբախտաբար այդ տողերին ծանոթ եղածս, կարող եմ ասել, թե ինչ եմ անում ամեն անգամ դրանք կարդալիս։ Նստում եմ ու սուզվում, սուզվում եմ մտքերի անծայրածիր տիեզերքը, որտեղ հիշողությունները կինոժապավենի նման կայծակնային արագությամբ հաջորդում են մեկը մյուսին։ Պահեր,ընդամենը վայրկյաններ, բայց ինչպիսի՜...
Արցախցի եմ, Արցախի հենց սրտից` վսեմափայլ Ստեփանակերտից։ Մի տարի է, ինչ կյանքն ինձ բերել է մի նոր ու անզուգական վայր, որը պետք է ինձ շատ բան սովորեցներ կյանքում։ Բակունցի օջախը դարձավ ինձ համար նոր տուն, ինչպես Արևելյան Հայաստանը` Հազրոյի ու Լառ-Մարգարի համար։ Նրանք հայոց մեծ ողբերգության ականատեսներն են, ովքեր ստիպված հեռացան ու բնակություն հաստատեցին իրենց երկրորդ հայրենիքում։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական տոնի շրջանակներում Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված բակունցյան թեմաներով շարադրության մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:
Տոնի առթիվ հյուրերին ողջունեց թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ կարևորելով թանգարան-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված նման կրթամշակութային ծրագրերի իրականացումը, որը թանգարանի ուղղություններից մեկն է:
Դպրոցականներին առաջարկված թեմաներն էին՝ «Նամակ Ակսել Բակունցին», «Զրույց Ալպիական մանուշակի հետ», «Իմ սիրելի բակունցյան կերպարը», «Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան»: Շարադրության​ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն էր:
Մրցույթին մասնակցել են Սյունիքի մարզի 23 դպրոցների 41 աշակերտներ: Մասնակից դպրոցներն են՝ Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, թիվ 2 հիմնական դպրոցը, թիվ 4 ավագ դպրոցը, Կապանի թիվ 3, թիվ 8 և թիվ 10 միջնակարգ դպրոցները, Արծվանիկի միջնակարգ դպրոցը, Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը, Շաքիի միջնակարգ դպրոցը, Անգեղակոթի միջնակարգ դպրոցը, Լորի միջնակարգ դպրոցը, Դարբասի միջնակարգ դպրոցը, Շաղաթի միջնակարգ դպրոցը, Ձագիկավանի միջնակարգ դպրոցը, Բնունիսի միջնակարգ դպրոցը, Վաղատուրի միջնակարգ դպրոցը, Տաթևի միջնակարգ դպրոցը, Խնձորեսկի Գ.Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Կորնիձորի միջնակարգ դպրոցը, Հալիձորի միջնակարգ դպրոցը, Վերիշենի միջնակարգ դպրոցը, Որոտանի միջնակարգ դպրոցը։