12.03.2023

Թեհմինա Մարության /Հայկ Դանղյանը և նրա արժեքավոր նվիրատվությունները Ակսել Բակունցի տուն-թանգարանին

«1956 թվից հայ գրական մեծերի հետ Ձեզ էլ եմ դասարան տարել և իմ սաների զգայուն հոգիներին հաղորդակից դարձրել Ձեր շենշող ստեղծագործությունների կախարդական հմայքը…»:
Հայկ Դանղյան

Ակսել Բակունցի տուն-թանգարանը հիմնադրվել և տարիների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներով համալրվել է բացառապես նվիրյալների ջանքերով: Նախ և առաջ գրողի եղբոր՝ Վահան Բակունցի, ապա և մտերիմ ընկերերի, հարազատների, այս կամ այն կերպ նրա հետ առնչված ազնվագույն մարդկանց շնորհիվ պահպանվել, հայտնաբերվել, կորստից փրկվել և թանգարանին ի պահ են տրվել ժամանակի փորձություններին դիմակայած բազմաթիվ կարևոր նյութեր՝ ձեռագրեր, լուսանկարներ, գրողի անձնական իրերը, զանազան վավերագրեր, գրքեր, նամակներ, կտավներ և այլն: Յուրաքանչյուր արժեքավոր ցուցանմուշ թանգարանում հանգրվանելու իր ուշագրավ պատմությունն ունի, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին:

Ակսել Բակունցի և նրա տուն-թանգարանի նվիրյալների շարքում երախտառատ անուն է Հայկ Դանղյանը(1904-1989): Անվանի մանկավարժը ծնվել է 1904 թվականին Էջմիածնում: Երկար տարիներ հայ գրականություն է դասավանդել Էջմիածնի մանկավարժական ուսումնարանում և Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դանղյանի աշխատանքներից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքերով, տպագրվել հանրապետական մանկավարժական մամուլում։ Շատ հայ մեծերի հետ է մտերիմ եղել: Առանձնակի պաշտամունք է ունեցել Ակսել Բակունցի հանդեպ: Արժանացել է պետական պարգևների, իսկ 1965 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման:
Հայկ Դանղյանի շնորհիվ կորստից փրկվել և Ակսել Բակունցի տուն-թանգարանին են նվիրաբերվել երեք կարևոր հրատարակություն, որոնք լույս են տեսել գրողի կենդանության օրոք՝ 1. Ա.Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը» (Ե., Պետհրատ, 1932թ.), 2. Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի հայերեն թարգմանությունը, թարգմանիչ և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց (Ե., Պետհրատ, 1934թ.), 3. Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» երկի հայերեն թարգմանությունը, խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ակսել Բակունց, թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան (Ե., Պետհարտ, 1934թ.):
Բակունցի գնդակահարությունից հետո՝ 1930-ականների ահուսարսափի պայմաններում ինչպե՞ս են այս գրքերը պահպանվել և ապա հասել թանգարան, ի՞նչ արժեք են ներկայացնում, ի՞նչ առնչություններ է ունեցել Հայկ Դանղյանը Ակսել Բակունցի հետ - այս հարցերին է նվիրված հրապարակումը, որը պատրաստվել է թանգարանի արխիվային նյութերի հիման վրա:

1981 թվականի փետրվարի 13-ին Հայկ Դանղյանը թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանին հասցեագրած նամակում գրում է.
«Մեծարգո ընկեր, թանգարանին եմ ուղարկում իմ վերհուշներն ու խոհերը մեծ գրողի մասին: Անցնող ժամանակի հետ պակասում են Բակունցին հանդիպողների թիվը: Ուրեմն ինչ հնարավոր է, թող փրկվի մոռացությունից»:
Հուշագրության մեջ Դանղյանը Ակսել Բակունցի և իր ծանոթության մասին պատմում է յուրովի ոճաեղանակով՝ ուղղակի զրուցում է նրա հետ. «Ես շատ անգամ եմ տեսել և հանդիպել Ձեզ: Առաջին անգամ այդ 1926 թվի ամռանն էր: Ես Պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող էի: Ամառային արձակուրդներին հայրենի քաղաքումն էի՝ Էջմիածնում: Ձեր մտերիմ և հավատարիմ ընկեր մեծ բանաստեղծ Ե. Չարենցի, պրոֆեսոր Հայկ Գյուլիքեխվյանի և էլի երկու գրողների հետ եկել էիք Էջմիածին գրական կյանքին ծանոթանալու և գրասերների միություն կազմակերպելու: Հավաքվեցին տպարանի բանվորները, ուսանող երիտասարդները, բարձր դասարանի աշակերտները: Զրույցը, որը վարում էր Ե.Չարենցը, վերաբերում էր նոր կազմակերպվող Սովետական գրականության հարցերին: Ինձ հանձնարարեցիք գրական խմբակ կազմակերպել (ես մասնակցում էի համալսարանի գրական խմբակին): Ձեր հանձնարարությունը կատարեցինք և ունեցանք մի քանի պարապմունք:
1934-35 ուսումնական տարում ես ուսուցիչ էի Էջմիածին քաղաքի նո. 1 միջնակարգ դպրոցում, որը տեղավորված էր նախկին Գևորգյան ճեմարանի շենքում, ուր տարիներ առաջ սովորել էիք նաև Դուք: Հաճախ տեսնում էի Ձեզ մատենադարան գնալիս կամ հենց մատենադարանում՝ խորասուզված հին ձեռագրերի մեջ, ուր որոնում և ուսումնասիրում էիք Վարդան Այգեկցու առակները, որոնք հետագայում լույս տեսան աշխարհաբար՝ «Աղվեսագիրք» վերնագրով: Ձեզ սիրահոժար ընդառաջում էր Ձեր նախկին ուսուցիչ Սենեքրիմ Տեր-Հակոբյանը: Նա էլ ունեցավ Ձեր դաժան ճակատագիրը:
Եկան մրրկաշունչ և հոգեմաշ տարիներ ու պատերազմ: Հուդայի թոռները ժամանակավոր հրճվանք ապրեցին: Բայց պատմության արդար ձայնն ուժեղ և հզոր հնչեց կուսակցության 20-22-րդ համագումարներում: Վերականգնվեց ոտնակոխ եղած արդարությունը և անմեղ զոհերը վեր հառնեցին իրենց անհայտ ու անանուն շիրիմներից: «Մարգարիտները ցեխի մեջ չեն քայքայվում» (Վ.Հյուգո):
Վեր բարձրացաք Դուք և Ձեր բախտն ունեցող բոլոր զրպարտված անմեղները: Հրատարակվեցին և վերահրատարակվեցին Ձեր սքանչելի ստեղծագործությունները:
1956 թվից հայ գրական մեծերի հետ Ձեզ էլ եմ դասարան տարել և իմ սաների զգայուն հոգիներին հաղորդակից դարձրել Ձեր շենշող ստեղծագործությունների կախարդական հմայքը:
Ձեր անմահ ստեղծագործություններից և սքանչելի թարգմանություններից, որոնք հրատարակվել էին Ձեր կենդանության օրոք, պահել էի մեծ դժվարությամբ, բայց խորունկ հավատով: «Աբովյանի անհայտ բացակայությունը», «Տարաս Բուլբա», «Գյուլիվերի ճանապարհորդությունը» և այլն, սիրով նվիրեցի հայրենի Գորիսում Ձեր տուն-թանգարանին, որտեղ ապրում է Ձեր տաք շնչառությունը»:
Այնուհետև Դանղյանը պատմում է, թե ինչպես է 1972 թվականին ծանոթացել Բակունցի որդու` Սևադայի հետ, որ արդեն գիտական համբավ ուներ: Իր սրտագրավ հուշագրությունը Դանղյանը ամփոփում է այսպես.
«Իտալական վերածննդի մեծ բանաստեղծ Պետրարկայի (1304-1374) գերեզմանին գրված է. «Ինձ որոնեք ապրողների մեջ»: Այս խոսքերը անմնացորդ վերաբերվում են Ձեզ, խոսքի մեծ վարպետ՝ Ակսել Բակունց: Դուք կաք և մնում եք հայ բազմադարյա գրականության՝ Մաշտոցից մինչև Պարույր Սևակ ձգվող ոսկե շղթայի փայլուն օղակներից մեկը: Դուք հավերժ կապրեք վերածնված Հայաստանում և հայ ժողովրդի սրտում:
Իսկ Ձեզ զրպարտողների, բանսարկու գրչակների անարժան գերեզմանները թող ծածկվեն փշով, տատասկով, թքով, ամոթով, նախատինքով ու հավիտենական անեծքով»:

Հայկ Դանղյան /ստորագրություն/
ՀԱՅԿ. ՍՍՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՏԵՐԱՆ
Էջմիածին 1980թ., հունիս

Այժմ ներկայացնեմ Դանղյանի արժեքավոր նվիրատվությունները, որոնք թանգարանի մշտական ցուցադրության մաս են կազմում: «Մեծ գրողի գրական ժառանգության այս մասունքները պահել եմ դժվարություններով՝ հավատալով արդարության հաղթանակին», -գրում է Դանղյանը թանգարանի վարիչ Ք.Միքայելյանին 1976 թվականի մարտի 31-ի նամակում և թվարկում դրանք՝
1. «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը»,
2. Ն.Գոգոլի «Տարաս Բուլբա» վեպի առանձին հրատարակությունը(1934թ.), որի թարգմանիչը, խմբագիրը և առաջաբանի հեղինակը Ակսել Բակունցն է:
«Թող այս մասունքները հանգստանան նրա տուն-թանգարանում. նվիրում եմ սիրով և ակնածանքով՝ Հայկ Դանղյան»:

Ավելի ուշ՝ 1979 թվականին, Դանղյանը թանգարանին է նվիրել նաև «Գուլիվերի ճանապարհորդությունը», որի խմբագիրը և առաջաբանի հեղինակը Ակսել Բակունցն է:
Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանին 1977թ.-ի օգոստոսի 9-ին հասցեագրած նամակում Դանղյանը գրում է. «Թանգարանին, իբրև նվեր, ուղարկում եմ այս նյութերը. 1. «Սովետական գրականություն», N5 1957թ., 2. «Գրական թերթ», 1966թ., 22 ապրիլի, 3. «Ես Բակունցի Մուրոն եմ», Ալեք Խաչունց. տպված «Ավանգարդ» թերթում: Խնդրում եմ փաթեթն ստանալուն պես պատասխանեք, որ տարակուսած չմնամ: Առաջիկայում կուղարկեմ Բակունցի թարգմանությամբ և առաջաբանով՝ «Գուլիվերի ճանապարհորդությունը»: 
Բարեկամի զգացմունքներով՝ Հայկ Դանղյան: 9/VIII 77թ. Էջմիածին»:

1. «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայումը» (Ե., Պետհրատ, 1932թ.), - Բակունցի այս ուսումնասիրությունը (առաջին վեց գլուխները և յոթերորդի վերջին պարբերությունը) նախապես տպագրվել է «Նոր ուղի» հանդեսում (գիրք 2) 1932 թվականին, իսկ ամբողջությամբ և առանձին գրքով` Պետհրատի կողմից նույն թվականին (Ե., Պետհրատ, 1932թ., 64 էջ)` 3000 տպաքանակով: Գրքի անվանաթերթն է՝ «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը: Արխիվային նոր վավերագրերի և անհայտ նամակների հիման վրա գրեց Ակսել Բակունց: Պետական հրատարակություն, Երևան, 1932»:
Գրքի շապիկի վրա փակցված է Աբովյանի նկարը (ցավոք, թանգարանում պահվող օրինակում նկարը պոկված է՝ Թ.Մ.)՝ ըստ գրողի հայտնի միակ դիմանկարի՝ Լ.Տիգրանյանի ջանքերով Տփղիսում գործած լուսանկարիչ Բարկանովի արտահանած պատճենի, իսկ ներքևում՝ ինքնագիրը՝ «Խաչատուր Ապովեան», որ հանված է դորպատյան տարիների ձեռագրերից:
Հետագայում աշխատությունն արտատպվել է «Ա.Բակունց, Գրականության մասին(1959թ.)» գրքում, որում կրճատված են Ե, Զ գլուխները և Է գլխի որոշ հատվածներ: Երկու հատորով երկերում ուսումնասիրությունը նույնպես կրճատված է հրատարակվել, և միայն Բակունցի ակադեմիական քառահատորյակը արտատպել է սույն՝ առանձին հրատարակության բնագիրը:

2. Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան» (Ե., Պետհրատ, 1934թ.) -
Դանղյանը գրքի վրա թողել է ընծայագիր՝ «Նվիրում եմ Ակսել Բակունցի տուն-թանգարանին: Հայկ Դանղյան: Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ: Էջմիածին-Գորիս, 31.3.76թ.»: Գոգոլի «Տարաս Բուլբա» հայերեն այս հրատարակության թարգմանիչը և առաջաբանի հեղինակը Ակսել Բակունցն է: Գիրքը հանձնվել է տպագրության՝ 26 հունվարի 1934թ., ստորագրվել է տպագրության՝ 22 մարտի, 1934թ.: Ամենայն հավանականությամբ Բակունցը «Տարաս Բուլբայի» թարգմանությունը կատարել է 1933 թվականին և առաջաբանն էլ պետք է այդ նույն թվականին գրած լինի: Առաջաբանը որոշ կրճատումներով տպագրվել է «Ակսել Բակունց, Գրականության մասին» գրքում 1959 թվականին, նույնը նաև՝ Երկերի ժողովածուի երկհատորյակում: Ակադեմիական քառահատորում այն հրապարակվել է՝ ըստ 1934 թվականի սույն առանձին հրատարակության: Գոգոլի «Տարաս Բուլբայի» թարգմանությունը և Բակունցի հեղինակած առաջաբանը ժամանակին բարձր գնահատեցին, թեև եղան նաև առանձին բացասական կամայական արձագանքներ: Ավելի վաղ «Տարաս Բուլբան» թարգմանել է Մանուկ Աբեղյանը, տպագրվել է Թիֆլիսում, 1892 թվականին:
Բակունցի «Ն.Գոգոլի «Տարաս Բուլբան» ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն մեծանուն գրող Գոգոլի հանրահայտ պոեմին, ոչ միայն հայ-ռուսական գրական կապերին, այլ նաև համաշխարհային մշակույթին հուզող հիմնախնդիրներին` իրենց նշանակությամբ միշտ թարմ և ուսուցանող: Ռուսական և հայկական գոգոլագիտության մեջ ոչ ոք այնպես խորքային, համոզիչ վերլուծության ու արժևորման չի ենթարկել «Տարաս Բուլբան», ինչպես Բակունցը: «Տարաս Բուլբայի» թարգմանությանը Բակունցը կցել է նաև «Բառարան», որն աչքի է ընկնում կոզակական միջավայրին ու կենցաղին բնորոշ հասկացությունների՝ հայերեն համապատասխանությունների ճշգրիտ հայտնաբերումով ու բացատրություններով:

3. Ջոնաթան Սֆիվտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» (Ե., Պետհրատ, 1934թ.)
- այս բացառիկ հրատարակությունը նույնպես թանգարանում ցուցադրվում է Հայկ Դանղյանի ջանքերով: Հետաքրքիր է գրքի ստեղծման պատմությունը: Այն թարգամնել է մոսկվաբնակ գրող, գրական գործիչ Կարեն Միքայելյանը, խմբագիրը և առաջաբանի հեղինակը Ակսել Բակունցն է, անվանաթերթը և նախաթերթը նկարազարդել է Հակոբ Կոջոյանը, պատասխանատու խմբագիրն է Եղիշե Չարենցը, որ, այդ ժամանակ Հայպետհրատի գեղարվեստական բաժնի վարիչը լինելով, նախաձեռնել է Ջ.Սվիֆտի գրքի հրատարակությունը, հենց ինքն էլ թարգմանության խմբագրումը և առաջաբան հեղինակելը հանձնարարել Բակունցին: Սֆիվտի այս ստեղծագործության հայերեն ամբողջական թարգմանությունը հրատարակելու միտքը ծագել է ռուսերեն՝ իրար ետևից կատարված երկու հրատարակությունների արդյունքում: Այդ տարիներին Լենինգրադում գործող հայտնի «Ակադեմիա» հրատարակչությունը 1930 թվականին լույս ընծայեց Սվիֆտի գիրքը՝ Կոգանի առաջաբանով, Ռադլովի ընդարձակ հոդվածով՝ նվիրված Ջ.Սվիֆտի կյանքին ու գործին: Հրատարակությունը շքեղ էր, ճաշակով ձևավորված, օգտագործված էին ֆրանսիական նկարիչ Ժ.Գրանվիլի հայտնի նկարազարդումները՝ 402 նկար: 1932 թվականին «Ակադեմիա»-ի կողմից գիրքը նույնությամբ վերահրատարակվեց, և ահա այդ ժամանակ էլ Չարենցը որոշեց հրատարակել գրքի հայերեն թարգմանությունը: Սվիֆտի այդ նշանավոր երկի հայերեն առաջին լրիվ հրատարակությունը երևույթ էր հայ գրական կյանքում, այն ջերմորեն ընդունվեց ընթերցողների կողմից (թեև, բնական է, եղան նաև ընդդմիախոսներ):
Ո՞վ է գրքի թարգմանիչ Կարեն Միքայելյանը: Անհատի պաշտամունքի տարիներին անհիմն բռնադատված մտավորականներից է Կարեն Միքայելյանը: Գրականագիտության մեջ շատ քիչ է խոսվել այս արձակագրի մասին, իսկ նրա ստեղծագործությունները համակողմանի ուսումնասիրության գրեթե չեն արժանացել: Նա նույնպես զոհ է գնացել ստալինյան բռնություններին: Աքսորի ճանապարհին կորել է, որոնել են, այդպես էլ չեն գտել, արդարացումից հետո միայն հետքերը հայտնաբերել են բանտերից մեկում: Թանգարանի արխիվում ոմն Պ.Սիմոնյանի (ենթադրում եմ, որ սփյուռքահայ գրող Պեպո Սիմոնյանն է՝ Թ.Մ.) մակագրությամբ պահպանվում է Կարեն Միքայելյանի լուսանկարը:
Արդարացվելուց հետո հետմահու մասամբ վերանայվեց նաև Կարեն Միքայելյանի թողած գրական ժառանգությունը, և 1961-ին Երևանում տպագրվեց «Կեցցեն հաղթվածները» պատմվածքների ժողովածուն: Այն կազմող 12 պատմվածքները վերցված են նախորդ ժողովածուներից: Ստեղծագործությունների մի հսկայական մաս վերատպման է արժանի, շատերն էլ դեռ անտիպ են (քաղաքական հալածանքներ ներկայացնող «Երբ ես խելագար էի…» վեպը (1927թ.), «Անմահություն» նովելների ժողովածուն (1941թ.):
Բակունցի գնդակահարությունից հետո, երբ ամենուր վերացնում էին նրա հետքերը, Ջոնաթան Սֆիվտի «Գուլիվերի ճանապարհորդությունը» գիրքը սրբությամբ պահպանելը իսկապես վկայում է Դանղյանի մեծ նվիրումի մասին:
Գիրքը ունի ընծայագիր՝ «Այս տանջված ու հոգնած գիրքը թող հանգստանա նրա տաղանդավոր թարգմանիչ և ծավալուն առաջաբանի հեղինակ մեծանուն գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանում: Սիրով նվիրում եմ Բակունցի 80-ամյակի առթիվ: Հայկ Դանղյան: Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ: 13 հունիսի 1979թ. Էջմիածին-Գորիս»:

Գիրքը անվտանգ պահպանելու համար Դանղյանը ստիպված է եղել դիմելու որոշակի «զոհողությունների». պոկված է անվանաթերթը, որը գեղարվեստորեն ձևավորված է Կոջոյանի կողմից, վերնագրից հետո նշված՝ «Թարգմ.՝ Կարեն Միքայելյան, խմբ.՝ Ակսել Բակունց»: Գրքի առաջաբանի բոլոր էջերի վերևի հատվածից մուգ թանաքով ջնջված է Ակսել Բակունց անունը: Միայն այդպես էր հնարավոր այդ դժնդակ տարիներին փրկել Բակունցի «վտանգավոր» անվան հետ առնչվող այս գիրքը…, ինչի համար մենք պարտական ենք Հայկ Դանղյան հիանալի հային:
Ինչպես նշեցինք, Դանղյանի նվիրումը Բակունցին ու նրա սրբազան տուն-թանգարանին չի սահմանափակվել միայն այս բացառիկ հրատարակությունների նվիրատվությամբ: Նա պարբերաբար գրողի կյանքին ու գործին առնչվող տարբեր նյութեր, մամուլի կարևոր հրապարակումներ է ուղարկել թանգարանին՝ արխիվին պահ տալու համար:
Այս առումով հետաքրքիր է նաև Քաջիկ Միքայելյանին 27.07.1976թ. հասցեագրած նամակը, որում Դանղյանը գրում է. «Շատ հարգելի Քաջիկ Միքայելյան: Բակունցի տուն-թանգարանին եմ ուղարկում այս թերթը՝ «»Սովետական Հայաստան» 1949թ. սեպտեմբերի 23 N 226/8375/: Թերթը նվիրված է Խ.Աբովյանի մահվան 100-ամյակին: Չգիտեմ, դուք Վալերի Կիրպոտինին գիտե՞ք արդյոք: Թերթի 4-րդ էջի նկարը մեջտեղի կանգնածը: Նա 1937 թ. ապրիլին Հայաստանի գրողների պլենումում ելույթ ունեցավ, որ տպվեց «Խորհրդային Հայաստան» թերթում (23 ապրիլի, 1937թ.): Այդ հոդվածը շաղախված է ամենամահաբեր թույնով՝ հատկապես Բակունցի և Չարենցի մասին: Մեծ սպառնալիքներ՝ Իսահակյանի հասցեին: Այդ հոդվածի բնագիրն ինձ մոտ է: Պիտի բազմացնեմ և մեկական օրինակ ուղարկեմ Իսահակյանի, Չարենցի և Ձեր տուն-թանգարաններին: Իսկ Զվյագինցևան՝ հայ ժողովրդի մեծ բարեկամն է ու մեր պոեզիայի ջերմ երկրպագուն ու թարգմանիչը: Ես էլի նյութեր կուղարկեմ Ձեզ՝ Բակունցին վերաբերող:
Կիրպոտինի նկարը պահեք որպես անեծքի և դատապարտության նշան…

Լավագույն ցանկություններով՝ Հայկ Դանղյան /ստորագրություն/
27.07.1976թ. Էջմիածին»:

Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը այսօր էլ առանձնակի սիրով է մեծարում իր պատմության էջերը փառազադած վաստակավոր ուսուցչին՝ Հայկ Դանղյանին:
Դպրոցում կա նրա անունը կրող դասասենյակ, որտեղ տեղադրված է մանկավարժության նվիրյալի կիսանդրին, ներկայացված են կյանքի ու գործունեության դրվագները լուսաբանող ուշագրավ նյութեր (լուսանկարները ներկայացվում են ստորև): Դպրոցը պարբերաբար կազմակերպում է մեծարման ցերեկույթներ, և Դանղյանի լուսավոր կյանքի օրինակը հասցնում նոր սերունդներին:
«Չարանենգ բանսարկուների հախուռն քրքիջի տակ ու նրանց ձեռքով զոհ գնաց Ակսել Բակունցը: Մեծ նահատակ, քեզ հազար փառք…» (Հայկ Դանղյան):

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բակունցի տուն-թանգարանի գիտաշխատող



















Комментариев нет:

Отправить комментарий