25.11.2022

ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԳՈՐԻՍՈՒՄ

Այսօր «Միրհավ» հյուրանոցային համալիրի Impact Hub Syunik սրահում տեղի ունեցավ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը (աշխարհագրական, քարտեզագրական և պատմական փոփոխությունները)» գրքի(Ե., Զանգակ, 2022թ., 60 էջ) շնորհանդեսը: Գիրքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական նյութ է, որի նպատակն է Հայաստանի սահմաններով հետաքրքրված հանրությանը և հատկապես ավագ դպրոցականներին պարզ ու դյուրըմբռնելի լեզվով ու քարտեզների պատկերներով ծանոթացնել Հայաստանի սահմանների պարբերաբար փոփոխություններին և դրանց հիմնական պատճառներին: Միջոցառումը կազմակերպվել էր «Միրհավ» հյուրանոցի տնօրեն, գրքի տպագրության աջակից Շահեն Զեյթունցյանի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և Գորիսի երկրագիտական թանգարանի համատեղ նախաձեռնությամբ:
Շնորհանդեսին ներկա էին Գորիսի մտավորական հանրույթի ներկայացուցիչները, մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ: 
Բացման խոսք ասաց Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը՝ ներկայացնելով օրվա հյուրին՝ գրքի հեղինակ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանին՝ խոսելով հանդիպման նշանակության ու կարևորության, գրքի արժանիքների, ինչպես նաև պատմաքաղաքական արդի մարտահրավերների մասին: 
Ռուբեն Գալչյանի քարտեզագիտական հետաքրքրությունների լայն շրջանակի և բացառիկ աշխատությունների մասին խոսեց նաև Շահեն Զեյթունցյանը՝ բարձր գնահատելով Գալչյանի՝ իր վաղեմի բարեկամի, հիանալի հայի ավանդը Հայաստանի քարտեզագրության ոլորտում, ինչի համար նա արժանացել է բարձր պարգևների:
Այնուհետև բովանդակալից բանախոսությամբ հանդես եկավ Ռուբեն Գալչյանը՝ խոսելով գրքույկի մասին, որ գիտական աշխատանք չէ, այլ պարունակում է գիտահանրամատչելի պատմաաշխարհագրական տեղեկություններ ու հիմնականում քարտեզներ, որոնցում կարելի է տեսնել Հայաստանի գոյության և նրա սահմանների վերաբերյալ բոլորին հետաքրքրող հարցերից մի քանիսի պատասխանները: Ավելի քան քառասուն տարի զբաղված լինելով հատկապես մեր տարաշաշրջանի քարտեզներով՝ Գալչյանը տարբեր աղբյուրներից ու երկրներից հավաքել է բազմաթիվ քարտեզներ ու քարտեզագրական տեղեկություններ, որոնց մի մասը տեղ է գտել նրա հրատարակած ութ աշխատություններում: Դրանց թվում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական, աշխարհագրական ու մշակութային խնդիրներն ու մշակութային հակասությունները, որոնք նաև բացահայտում են հարևանների պատմական խեղաթյուրումներն ու զեղծարարությունները: Բանախոսը սահիկաշարով ներկայացրեց պատմական համառոտ տեղեկություններ՝ քարտեզներին կից տալով կարևոր բացատրություններ տվյալ քարտեզի հեղինակի ու ցուցադրած նյութի կամ դրանց հետ կապված խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Քարտեզները ներառում են Միջին Արևելքի և Կովկասի շրջաները, այսինքն՝ այն տարածքը, որի մեջ է նաև Հայաստանը՝ հնամենի ու ներկայիս երկիրը:
Բանախոսության ավարտին հեղինակին ուղղվեցին հետաքրքիր հարցեր, եղան առանձին դիտարկումներ: Ներկաները շնորհակալություն հայտնեցին Գալչյանին՝ կատարած հայրենանվեր աշխատանքի,  քարտեզագրական ու պատմաաշխարհագրական կարևոր աշխատությունների, այն աշխատատար ջանքերի համար, որ ներդրել է հայ քարտեզագրության ոլորտում՝ վեր հանելով արդի խնդիրներն ու քննարկելով դրանց լուծման հնարավոր ուղիները:


































Комментариев нет:

Отправить комментарий