07.12.2022

ՎԱՀԱՆ ԲԱԿՈՒՆՑ / Ակսելի սիրելի ապան

Սքանչելի հայր ունեինք: Ամբողջ Զանգեզուրի գավառում իր համեստությամբ ու խելոքությամբ նա մեծ համբավ ուներ:
Ո՞վ չգիտեր Բագուն Թևոսի Ստեփանին: Նա չէր սիրում ծույլերին, ուրիշի հաշվին ապրողներին:
1930 թվականին հայրս մտել էր Գորիս գյուղի կոլտնտեսության մեջ: Նա էր խնամում ծխախոտի ցանքսերը և այդ տարի հաջող բերք ստացավ: Մինչ այդ նա գյուղի «Բատրակկոմն էր»: Ամեն ճշմարիտ գործ նա աշխատում էր որոշել բատրակի օգտին:
Ակսելը հայրիկին ասում էր մոտավորապես այսպես.
-Ապա՛, կոլեկտիվացումը մեծ ու բարի գործ է: Գյուղացին միայն կոլեկտիվացումով կփրկվի աղքատությունից: Մեր գյուղացին ամբողջ տարին տանջվում է մի քանի փութ ցորեն, ձեթ ու պանիր վաստակելու համար: Պետք է կոլխոզ ստեղծել, որ, ինչպես ասում են, «գեղ կանգնի, գերան կոտրի»: Դա հենց մեր գյուղացու այսօրվա համար է ասված: Եթե գյուղի աշխատավորությունը հավաքվի մի տնտեսության մեջ, կոլեկտիվ կերպով մշակի հողը, տավար պահի, ապա լավ կապրի: Միայն պետք է շատ զգույշ լինել: Պետք է կոլեկտիվ տնտեսություն կազմել մտածված, խելքով, համաձայնությամբ ու լրիվ հավատքով: Եթե մեկը, երկուսը չեն հասկանում, ոչինչ, գործով պիտի ապացուցել, որ կոլեկտիվը օգուտ է, բռնություն երբեք չպետք է գործադրել: Ախր մենք շատ աղքատ գյուղեր ունենք: Կգա մի ժամանակ, երբ մեր գյուղը կդառնա կոլեկտիվ տնտեսություն: Անհատ գյուղացին այլևս չի կարող իր տնտեսությունը վարել, այդքան ուժ նա չունի…
Ակսելը ակտիվ աշխատանք էր տանում գյուղում՝ կոլեկտիվացման օգտին: Նա մի քանի ժողով կազմակերպեց Երիշենում, Գորիս գյուղում և այլ տեղեր, գյուղացիներին բացատրեց կոլխոզի նշանակության մասին: Ցայտուն օրինակներով Ակսելը ապացուցում էր այն մեծ օգուտը, որ կստանա գյուղացին, եթե կոլեկտիվ տնտեսություն կազմակերպի:
Մեկը մյուսի հետևից անցնում էին դառնագույն տարիները:
Մենք հույս ունեինք, որ Ակսել Բակունցի վրա հարյուրված մեղադրանքները պիտի հանվեն, Ակսելը նորից պիտի փայլեր հայ գրականության գագաթներում: Հայ ժողովուրդը պիտի ցնծագին խոսք ասեր նրա հասցեին: Եկավ այդ օրը, սակայն դա չտեսավ հայրս: Նա արդեն վախճանվել էր մեծ կսկիծից, Ակսելի կարոտից:
Հայրս խեղճացել էր, դարձել համարյա անխոս: Փողոց շատ քիչ էր դուրս գալիս: Գորիսում իր սիրած վայրը այնտեղ էր, ուր մարդ չկար: Դուրս էր գալիս, գլուխը քաշ, տխուր, տրտում, գնում, գնում դեպի հանդերը, դեպի գետը, դեպի Սուլլահի լանջերը: Նստում էր մի քարի, նայում հեռու՜, հեռու՜: Ով գիտի՝ ինչի՞ մասին էր մտածում նա այդ պահին: Հիշում էր անցյալի դառնությու՞նը, իր քաղցած,  չարքաշ կյա՞նքը, Ալեքսադրի կարո՞տը, թե՞ ինքն իրեն հույս էր տալիս՝ Ակսելի ճամփին սպասելով… Ոչ ոք չգիտեր: 
Հայրս մեկ-մեկ գնում էր քաղաքամեջ, անցնում խուլ, հեռու փողոցներով, որ իրեն չտեսնեն… որ չթեքվեն իրեն տեսնելուց: Չէ՞ որ իր երեսովն էին տվել, թե
- Էդ չի՞ գովածդ Ալեքսանդրը: Ժողովրդի թշնամի՞ ես պահել:
- Հասկացող մեկը մոտենում ասում էր. – Ստեփա՛ն, բա իսկի խաբար-մաբար չկա՞:
Հայրս միայն գլուխն էր թափ տալիս, շարունակում մնալ լուռ:
Զարմանալի մարդ էր հայրս: Հո մենակ ինքը չէր այդպիսի դժբախտ վիճակում: Բայց նա ոչ մի մխիթարանք չէր գտնում: Նա նման էր թևակտուր արծվի, որ չգիտեր ի՞նչ անի, չգիտեր՝ ո՞վ է մեղավորը: Նա չէր հավատում այն հերյուրանքներին, որ թափվում էին Ալեքսանդրի հասցեին: Չէր հավատում ոչ մեկի չար խոսքերին: Նա հավատում էր միայն ինքն իրեն, միայն իր հոգուն, հավատում էր, որ ուր որ է մեղավորին ու անմեղին կջոկեն, և որ մի օր Ալեքսանդրը կարդարացվի:
Հենց որ Երևանից գալիս էի Գորիս՝ մեր տուն, հայրս հարցնում էր.
- Բա մի խաբար չկա՞ երեխայից…
- Թեև հաստատ բան չգիտեի, բայց ասում էի.
- Որ հաց և ուտելիք չեն ընդունում, նշանակում է նրան ուղարկել են «լագերներ»:
Մայրս այդ մասին համարյա բան չէր հարցնում: Գիտեր, որ երբ խոսք բացվի՝ սիրտն է բացվելու, լացելու է, իսկ նա չէր ուզում ինձ մոտ լաց լինել, չէր ուզում հուզվել: Չէ՞ որ ես էլ մորս համար արդեն կարոտի տանջանք էի: Սակայն օր չլիներ, որ նա բոլորից ծածուկ, «մի բոլ լաց չլիներ»: Կռանում էր բանջարեղենի մարգերի վրա՝ քաղհան անելու, բարակ, հազիվ լսելի ձայնով բայաթի էր ասում ու աչքերից հոսող մարգարիտյա արցունքներով ջրում նոր քաղհանած, տակը փուչ-փուչ արած ռեհանը: Շոր էր լվանում, կամ կարկատան անում, բակն էր ավլում, թե փայտ վեր բերում տանիքից՝ կրակ անելու, արտասուքը աչքերին էր ու աչքերին:
1939 թվականի մարտի երեսունին ստանում եմ մորս հեռագիրը. «Ապան ծանր հիվանդ է, շուտ հասիր»:
Մեզ տեսնելուց հայրս մի թեթև թառանչ քաշեց և ուզեց նստել: Ամեն կողմից բարձեր դրին, հորս նստեցրին տեղաշորում: Նա աչքերը բացեց ու ինձ հարցրեց հազիվ լսելի ձայնով.
-Խաբար չկա՞…
Ահավոր էր այդ րոպեին նայել սքանչելի որդու կարոտից մեռնող հորս թախծոտ ու արցունքալից աչքերին: Ինչքան տառապանք ու հույզ կար այդ անմեղ աչքերում: Ես ստիպված եղա հորս ասել, թե Ալեքսանդրին տեսնող է եղել, նման բան, իրոք, լսել էի, բայց չէի հավատում: Իմ այս ասածից հայրս աշխուժացավ, աչքերը ավելի լայն բացեց, ջուր ուզեց: Ես նրան առաջարկեցի մի խնձոր ուտել: Համաձայնվեց: Թեյի գդալով խնձորը քերելով, ես դա ուտեցրի հորս: Այդ խնձորն ինքն իր ձեռքով էր աճեցրել այգում: Այս տարի նա պետք է մասնակցեր Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսին:
Հայրս մահացավ այն հույսով, թե Ալեքսանդրը կենդանի է, որ նրան վերջերս տեսնող է եղել, որ նա շուտով գալու է տուն:
Նա վախճանվեց իր ծննդյան օրը՝ ապրիլի մեկին, ապրելով ուղիղ յոթանասուն տարի...

Վահան Բակունցի արխիվ 




Комментариев нет:

Отправить комментарий