Թանգարանի բացման առիթով Երևանից ժամանած գրողների պատվիրակությունը գլխավորում էր հայ արձակագիր, թարգմանիչ, «Կալեվալա» ընկերության (Ֆինլանդիա) պատվավոր անդամ (1974), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934 թվականից), ԽՄԿԿ անդամ (1924 թվականից) Հմայակ Սիրասը[1]:
Խորհրդային վարչակարգի փառապսակը վայելող այս մեծապատիվ անձին Հայաստանի գրողների միության կողմից վերապահվել էր Բակունցի տուն-թանգարանը պաշտոնապես բացելու և գրողին ըստ արժանվույն մեծարելու պատիվը: Որքան էլ զարմանալի թվա, այդ առաքելությունը պետք է իրականացներ ոչ թե մաքուր կենսագրություն ունեցող մի արժանավոր գրող, այլ 1930-ականներին Բակունցի դեմ մահացու զրպարտություններ ստորագրած ոհմակի ներկայացուցիչներից մեկը՝ նույն ինքը Սիրասը, որ 1937-ի սպանդին իր ուժերի ներածին չափով մասնակցելուց հետո, որպես «օրինականացված» միջակություն, «կուսակցական երկաթյա կարգապահությամբ» շարունակում էր վայելել կյանքը, պատվավոր կոչումներ ու տիտղոսներ փախցնել, կարևոր պատվիրակություններ գլխավորել, բարձր ամբիոններից սրտառուչ ճառեր արտասանել «մայրենի գրականության նվիրյալների», այդ թվում՝ Բակունցի մասին՝ ափսոսանք հայտնելով, թե ինչու «շուտ կտրվեց նրա կյանքի թելը», և որ նա «ամեն տեղ է», ամենքի, նաև ի՛ր «սրտում և զգացմունքների աշխարհում»: Բակունցի կյանքի թելը կտրելուն նպաստած, իր անցյալից չամաչող այս գրչակը, հայտնվելով դարակազմիկ իրադարձության կենտրոնում, հավանաբար կարծում էր, որ տարիները մոռացության են մատնել դեպքերն ու դեմքերը, մշուշել մարդկանց հիշողությունը, այդպես նաև իր գրչի զարհուրելի արտադրանքը «կուսակցության երկաթյա կարգապահությունը խախտած» Բակունցի և նրա գրական ընկերների դեմ՝ հրապարակված «Գրական թերթ»-ի 1936 թվականի թիվ 21 համարում, որը ներկայացնում ենք ստորև.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՅԱ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԵԱՄԲ
Յուրաքանչյուր կոմունիստի համար այբուբեն է, որ առանց կուսակցական կուռ կարգապահության չի կարելի իրականացնել այն հսկայական խնդիրները, որ ամեն օր առաջադրում է ծաղկող ու բարգավաճող երկիրը:
Նայելով Խորհրդային գրողների միության սկզբնական կուսակցական կազմակերպության աշխատանքներին՝ մենք կհանդիպենք կուսակցական կարգապահության խախտման բազմաթիվ փաստերի, որոնց կողքով բարեհոգի ժպիտով անցել է գրողների միության կուսկազմակերպության ղեկավարությունը:
Գրողների միության ներսում բուն դրած մի խումբ հակահեղափոխական տրոցկիստ-նացիոնալիստները, որոնք իրենց համարում էին ազգային կուլտուրայի կրողներ, ամբողջովին կտրված մասսաներից՝ իրենց երևակայում էին ինչ որ արտակարգ մարդիկ, որոնց համար ամեն ինչ ներելի է, որոնք կարող են խախտել և՛ կուսակցական, և՛ խորհրդային քաղաքացու ամեն պարտականությունը, հակահեղափոխական-նացիոնալիստական ագիտացիա մղել իրենց գրական գործերում և իրենց առօրյա աշխատանքներում ու մնալ անպատիժ:
Այդպես էին հակահեղափոխական տրոցկիստ-նացիոնալիստները, կոմունիստի պատվավոր անվան տակ թաքնված երկերեսանի սրիկաները՝ Բակունցը, Ալազանը, Դր.Սիմոնյանը, Նորենցը, որոնք բուն էին դրել գրողների կուսկազմակերպության մեջ: Նրանք բացարձակապես արհամարհում էին կուսակցական կարգապահության պահպանումը՝ համարելով ստորին մասսայի գործ: Այդ դեպքում նրանք իրենց աջակից ու հովանավոր ունեին կենտկոմի նախկին քարտուղար, երկերեսանի Խանջյանին, որը նույնպես ոչ մի միջոց չէր ձեռնարկում կարգապահությունը խախտողների նկատմամբ:
Բազմաթիվ փաստերից կարելի է հիշատակել մի շատ թարմ փաստ: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ Գրողների միության դիսպուտը «Փորմալիզմի և նացիոնալիզմի» մասին: Այդ առթիվ, Խանջյանի մոտ հրավիրված կուսակցական խորհրդակցության ժամանակ Բակունցը արտասանեց հակահեղափոխական-նացիոնալիստական մի ճառ: Խանջյանը փոխանակ արժանի հարված տալու երկերեսանուն, ներողամտությամբ Բակունցին ասաց, որ այդ մտքերը չի կարելի դուրսը՝ անկուսակցական գրողների ժողովում ասել:
Ինչ խոսք, որ լկտիացած Բակունցը, Խանջյանից բազմիցս շոյված այդ դաշնակցական սրիկան ավելի ևս խրախուսվեց այդ ներողամիտ դիտողությունից: Նա հետևյալ օրը իր թունոտ դաշնակցական, տրոցկիստական ճառը կրկնեց գրողների բաց ժողովում, իրավացի զայրույթ առաջ բերելով կուսակցական և ոչ կուսակցական բոլշևիկ գրողների ու արվեստագետների շրջանում: Եվ այդ բանի համար Բակունցը ոչ մի պատասխանատվության չկանչվեց:
… Գրողների Միության կուսկազմակերպության ոչ մի արձանագրություն չեք գտնի, որ քննած լինի այդ հակահեղափոխականների՝ Բակունցի, Սիմոնյանի, Ալազանի և Նորենցի կողմից կուսակցական կարգապահությունը խախտելու հարցը:
Անդրկովկասի բոլշևիկյան մարտական ղեկավար ընկ. Բերիան իր «Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածում ասում է. «Շատ հաճախ կուսակցության ու խորհրդային իշխանության թշնամիներն ազգային հանրապետությունների պայմաններում քողարկվում են ազգային կենցաղային առանձնահատկություններով ու տրադիցիաներով: Բնավ պատահական չէ, որ առանձին տրոցկիստական-զենովևիական հակահեղափոխական տարրերը, իրենց վնասակար ու տեռորիստական աշխատանքը քողարկելու համար Անդրկովկսաի հանրապետությունների աշխատավոր ժողովուրդների «ազգային խնդիրն» արտահայտողների դիմակ են հագնում:
Պատահական չէ, որ Ստեփանյանի տրոցկիստական խումբը Երևանում իր լկտի հակահեղափոխական տրամադրությունները թանձրորեն ծծեցնում էր նացիոնալիստական գարշահոտությամբ»:
Այս հակահեղափոխականներն էին, որ գրական կազմակերպության մեջ կատարում էին իրենց զզվելի գործը: Եվ այս պայմաններում Գրողների Միության սկզբնական կուսկազմակերպությունը փաստորեն որևէ կուսակցական-մասսայական դաստիարակչական աշխատանք չէր կատարում անկուսակցական գրողների, օրեցօր աճող երիտասարդ կադրերի շրջանում: Ալազանի երկերեսանի շաղակրատությունները՝ երիտասարդների դաստիարակչության մասին, գնում էին այն ուղղությամբ, որ նա երիտասարդությանը սրսկում էր նացիոնալիստական թույն և ապա իր չնչին, խալտուրային, գեղարվեստական որևէ արժեքից զուրկ նացիոնալիստական գրվածքները թմբկահարողների կապեր էր ստեղծում:
Իրավացի կերպով անկուսակցական գրողները Գրողների Միության ժողովում հարց էին դնում նաև այն մասին, որ Գրողների Միության կուսակցական կազմակերպությունը իրենց շրջանում մասսայական դաստիարակչական աշխատանք չի կատարել:
Այժմ, երբ ամբողջովին մերկացված ու մեկուսացված է գրողների շրջանից հակահեղափոխական տրոցկիստական այդ խմբակը, մեծ խնդիրներ են ծառանում Գրողների Միության կուսկազմակերպության առաջ:
Մենք ամենից առաջ պետք է հիշենք, որ խորհրդային գրողը նախ և առաջ Մեծ Միության, մեր պանծալի հայրենիքի քաղաքացի է:
Որպեսզի գրողը արժանի լինի մեծ առաջնորդի տված «հոգու ճարտարապետ» պատվավոր կոչմանը՝ նա պետք է լինի մեր հասարակական կյանքի առաջավոր դիրքերում, նա պետք է խորհրդային քաղաքացու իր պարտքի կատարման առաջին օրինակը տա, նա պետք է լինի լավագույն ագիտատորն ու պրոպագանդիստը մեր կուսակցության ու կառավարության խնդիրների իրականացման ասպարեզում:
Մեծ Լենինի դրած խնդիրը, որ «գրականությունը պետք է կազմի պրոլետարիատի ընդհանուր գործի մի մասը», պետք է արտահայտվի և՛ կոնկրետ ստեղծագործության միջոցով ու գրողի կոնկրետ գործունեությամբ:
Այս բոլորը պահանջում են, որ Խորհրդային Գրողների Միության կուսկազմակերպությունը Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բոլշևիկյան ղեկավարությամբ կուսակցական անաղարտ կարգապահությամբ ու զգոնությամբ ծավալի իր քաղդաստիարակչական աշխատանքները գրողների ու երիտասարդ կադրերի շրջանում, հատուկ աշխատանք ծավալի հատկապես այն գրողների շրջանում, որոնք այս կամ այն չափով ենթարկվել են նացիոնալիստ հակահեղափոխական գրողների ազդեցության ու այժմ ընդունում են իրենց սխալները: Այս միջոցներով է, որ կկարողանանք ավելի լայն ու նպաստավոր պայմաններ ստեղծել հետագա ստեղծագործության համար:
Սիրաս
Ինչ խոսք, «հատուկ աշխատանք ծավալվեց» նաև «կարգազանց» Բակունցի հանդեպ՝ տևական հետապնդումներից, հալածանքներից մինչև պատժի առավելագույն չափի կիրառում, և միայն ազգի մտավոր սերուցքից ազատվելուց հետո «լայն ու նպաստավոր պայմաններ ստեղծվեցին» Սիրասի և նրա նման գրական միջակությունների համար: Սիրասը, Նաիրի Զարյանը, Ոսկերչյանը, Աբովը և ուրիշներ քաղաքական գիծ էին անցակցնում և բոլշևիզմի գաղափարախոսությամբ ուզում էին ոչնչացնել Բակունցին, Չարենցին, մյուս արժանավոր գրողներին ու մտավորականներին: Սարսափելի ժամանակներ էին: Բոլշևիկյան վարչակարգը ուզում էր սիրասներով ու զարյաններով փոխարինել Բակունցին, Չարենցին և, ինչ խոսք, ազգային գիծը ընդհատելու ամենաարդյունավետ ճանապարհը նման ամոթալի զրպարտագրերն էին: Նկատենք, որ զրպարտագիրը գրվել է 1936 թվականի սեպտեմբերին, երբ օգոստոսից արդեն սաստկացել էին խորհրդային բռնությունները, ամենուր իշխում էին մատնությունը, զրպարտությունը, մեղադրանքները, ձերբակալություններն ու հարցաքննությունները, դատն ու դատավճիռը: Պատահական չէ, որ օգոստոսի 9-ը համարվում է երկրորդ ապրիլի 24: Այս իրապայմաններում Սիրասը լծվեց խորհրդային պետության ջարդարար մեքենային՝ օր առաջ ազատվելու հայ գրականության «վնասարարներից», այդ թվում՝ Բակունցից: Նա «հակահեղափոխական» գրողների հասցեին մեղադրականներ է հնչեցրել նաև 1937 թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած գրողների միության ընդլայնված նիստում[2]:
Այսպես, ժամանակի պարբերականները, անդրադառնալով Բակունցի տուն-թանգարանի բացման արարողությանը, ելույթ ունեցողների շարքում նույնությամբ վկայակոչում են Սիրասի անունը՝ որպես գրողների միության պատվիրակության ղեկավար:
«1970 թվականին Էդուարդ Թոփչյանի հանձնարարությամբ ես գնացի Գորիս՝ ղեկավարելու Բակունցի տուն-թանգարանի բացման հանդիսությունը», -գրում է Սիրասը 1979 թվականին «Գրական թերթ»-ում հրապարակած «Մայրենի գրականության նվիրյալը» խորագրով հուշակնարկում, որը, որքան էլ զավեշտալի է, նվիրված է Բակունցին:
Զարմանում ես, թե ինչպե՞ս է առանց հոգու խռովքի Սիրասը կանգնել գրողի՝ հայրենի տան կամարների ներքո և մեծարման խոսք ասել երբևէ իր կողմից չարափառորեն զրպարտված և մահվան դատապարտված անաղարտ գրողի մասին՝ հավաքված բազմությանը, ի դեպ վստահեցնելով, որ «ննջեցյալների հոգին սավառնում է իր հարազատների գլխավերևում: Իսկ ո՞վ հարազատ չէ Բակունցին: Նրա հիշատակը հարգում են բովանդակ Հայաստան աշխարհում, բոլոր այն վայրերում, ուր կան մայրենի գրականությունը սիրող մարդիկ»:
Միջանկյալ հիշենք նույն ախտերով վարակված Նաիրի Զարյանի «զղջումը»՝ 1955-ին գրված «Ներիր ինձ, իմ ժողովուրդ» բանաստեղծությամբ: Իր հանցանքների համար նա ակնկալում էր ժողովրդի ներողամտությունը, ինչի պատճառները ուներ և գոնե ինքնախոստովանության ու ինքնախարազանման անհաջող փորձեր արեց: 1930-ականներին Զարյանը թեև իր անօրինակ «ճիգերի» շնորհիվ փրկվեց և դարձավ դրության տեր, բայց այդ տարիները դարձան նրա տաղանդի կործանման և բարոյական նկարագրի խեղաթյուրման տարիներ, որովհետև ժամանակի պարտադրանքով նա ջանաց իր կարողությունները հարմարեցնել ստալինյան պահանջներին, ապացուցել իր բոլշևիկյան նվիրվածությունը: Տեղին է հիշել նաև բոլշևիկյան գծի ռուս բանաստեղծներից Ալեքսանդր Ֆադեևին, ով, անհատի պաշտամունքի հաղթահարումից հետո չկարողանալով հաշտվել իր իսկ կատարած սև գործերի հետ, հոգեկան անօրինակ ճգնաժամի մեջ ինքնասպան եղավ 1955-ին:
Բայց ցավոք, կա նաև մարդկային մի զարհուրելի տեսակ, որ ժամանակի պահանջներին համահունչ շատ արագ կերպարանափոխվում է՝ ընդունելով զոհի, գրչակից ընկերոջ, աշակերտի, ուսուցչի, համախոհի կամ մեկ այլ ձեռնտու կարգավիճակ: Եվ ի՞նչ զղջման, ինքնասպանության կամ գոնե տեսադաշտից անհետանալու մասին է խոսքը: Սա այն դեպքն է, երբ, այսպես ասած, դահիճը խղճում է զոհին, որ, ըստ Սիրասի, կարող էր և «շատ անժամանակ չհեռացվել կյանքից» և «այսօր մեզ հետ այցի գալ իր հայրենի քաղաքը»:
Իր անփառունակ անցյալի սև էջը քողարկելու համար այս աննշան գրողը, ով ժամանակին դագանակը ձեռքին գրել էր սովորեցնում Բակունցին, փորձեց բոլոր հնարավոր միջոցներով ինքնահաստատվել նրա գրական լուսապսակի շուրջ՝ որպես հուշագիր՝ բարեկամի կեղծ դիմակով, որպես հատուկ առաքելությամբ Գորիս գործուղված խորհրդային գրող՝ գրչակից ընկերոջ կեղծ դիմակով: Եվ ինչու՞ էր Սիրասին թվում, որ իր կյանքի այդ էջը փակված է, իր գրական հեղինակությունը՝ փրկված, փրկված նախ՝ Բակունցի մաքրագործված փառքով:
Ներկայացնում եմ Ակսել Բակունցի տուն-թանգարանի արխիվում պահվող Սիրասի ողջույնի խոսքը՝ արտասանված թանգարանի բացմանը 1970 թվականի սեպտեմբերի 16-ին:
«Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ ընթերցողներ,
Հայաստանի սովետական գրողների միության վարչության անունից շնորհավորում եմ այս գեղեցիկ նախաձեռնությունը, մեր նշանավոր գրող Ակսել Բակունցի տուն-թանգարանի բացման այս փառահեղ հանդեսը:
Գորիսի աշխատավորությունը, նրա ղեկավար կազմակերպություները շատ օրինակելի, շատ պարտավորեցուցիչ-ջանադիր աշխատանք են կատարել իրենց տաղանդավոր հայրենակցի անունը հավերժացնելու համար:
Ակսել Բակունցը ստեղծագործեց շատ դժվարին ժամանակաշրջանում, շատ դժվարին պայմաններում:
Նա շատ անժամանակ հեռացվեց կյանքից. նա կարող էր այսօր մեզ հետ այցի գալ իր հայրենի քաղաքը այլ առիթով-Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու հիսնամյակի առթիվ և իր ջերմ խոսքով կրկին ու կրկին ցույց տալ, թե ինչպես սև ցելերի սերմնացանները իրենց կյանքը զոհաբերելով կերտեցին մեր նոր հայրենիքը:
Ձեր չքնաղ լեռնաշխարոհվ անցնելիս մենք տեսանք երկնաքեր լեռներ, որոնք մատչելի են միայն արծիվներին, տեսանք կանաչ դաշտեր և փարթամ ծաղիկներով պուրակներ, տեսանք կանաչ գլգլան աղբյուրներ և այժմ էլ տեսնում ենք ձեզ՝ Բակունցին սիրող ու հարգող գորիսեցիներիդ. ձեզ մեջ կան Բակունցին հասակակիցներ, կան նրա մտերիմ ընկերները և ահա՛ նաև դուք նորածիլ պատանիներ ու երիտասարդներ և դուք բոլորդ հայրենի աշխարհի լեռների, ծառ ու թուփի, զուլալ աղբյուրների հետ միասին հարցնում եք՝ «Ու՞ր է Բակունցը, մեր սիրելի Ակսելը, մեր հայրենի աշխարհին, մեր բնությանը զմայլելի էջեր նվիրած տաղանդաշատ գրողը»:
Ես մի պատասխան ունեմ ձեր և բնության հարցումին՝«Բակունցը ամեն տեղ է, նա ձեր և մեր հոգու և սրտի մեջ է, մեր զգացումների աշխարհում»: Նրա աշխարհիկ կյանքը կարճատև եղավ, սակայն նրա հոգևոր կյանքը, նրա ստեղծած երկերը կապրեն հավերժ ու հավերժ: Նա իր փոքրածավալ երկերում անդրադարձավ հայ ժողովրդին, մեր ընթերցող հասարակությանը հուզող շատ ու շատ կենսական խնդիրների. նա կարողացավ թափանցել մարդու ներքնաշխարհը և ընդհանուրի սեփականությունը դարձնել նրա նվիրական ապրումները: Եղեռնի զոհերը իրենց փրկությունը գտան Արևելյան Հայաստանում և կերտելով իրենց նոր կյանքը ոչ մի պահ չմոռացան և չէին կարող մոռանալ իրենց երեքհազարամյա բնօրրանը, որ ավերակի վերածվեց բարբարոսների ձեռքով: Եվ ահա՛ ծերունի Հազրոյի իղձն է՝ «Հաղ մը երթամ մըր Սասուն, բարձրանամ մըր Ծովասարի կատար, համբուրեմ Մարութա վանքի տաճար, խմեմ Կաթնաղբյուրի ջուր և երբ մեռնեմ զիմ սիպտակ ոսկորներ թաղեն մըր հայրենի լեռներու մեջ»:
Ընդամենը մի քանի էջում Բակունցը կարողացավ վեր հանել անցյալի հուշերով ապրող մարդու ապրումները և նրա անմար երազանքը, որ երբևէ կհաղթանակի արդարությունը և ծերունի Հազրոյի իղձը իրականություն կդառնա:
Բակունցը պաշտամունք ուներ մեր նոր գրականության ռահվիրայի՝ Խաչատուր Աբովյանի նկատմամբ: Այն ժամանակ, երբ նույնիսկ շատ գիտուն մարդիկ չէին հասկանում կամ չէին ցանկանում հասկանալ Աբովյանի կատարած հեղափոխիչ դերը մեր գրականության և մեր մտածելակերպի վերաբերյալ, նրան համարում էին ռուսական-ցարական էքսպրեսիայի ջատագով, կամ միայն ազգային երանգ էին տեսնում նրա ստեղծագործության մեջ, Բակունցը իր գրքույկով ցույց տվեց, համոզիչ փաստերով մի նոր մակարդակի բարձրացրեց Աբովյանին իբրև ջերմ հայրենասերի, իբրև աշխատավոր մարդու մեծ բարեկամի և ազգերի եղբայրության ջատագովի: Աբովյանի փառապսակը, որով նա իրավացիորեն զարդարված էր մի հարյուրամյակի ընթացքում, ավելի նոր փայլ առավ:
Մեկ անգամ Երևանում Բակունցի հետ կանգ առանք Աբովյանի արձանի մոտ: Երկուսս էլ զմալյված ու թախիծով նայեցինք արձանին և ցավում էինք, որ նրա «Վերք Հայաստանին» չունի նոր հրատարակություն: Եվ ահա Բակունցը ասաց. «Սև կարետ. թերևս նա սպանություն չի գործել. գուցե նրան այստեղ չեն սպանել, ինչպես ենթադրում են Աբովյանի կենսագիրներից ոմանք: Այո՛, երևի նրա լուսավորչական գործունեությունը չի դուր եկել ցարի խավարամոլ պաշտոնյաներին և նրան աքսորել են Սիբիր: Գործերս կարգավորեմ, գնամ Օխոտսկ, հեռավոր Սիբիր, թերևս այդտեղի արխիվներում որևէ բան գտնեմ Աբովյանի մասին»: Նա ցանկանում էր իրեղեն ապացույցներով հաստատված տեսնել իր հիպոթեզը հայ նոր գրականության տառապյալ հիմնադրի մասին:
Սակայն, ավաղ, նրան վիճակված չէր իրականացնել իր ցանկությունը: Ճակատագիրը շատ դառն եղավ: Եվ տարիներ հետո, երբ հանդիպեցի նրա եղբայր Վահանին, նա էլ ենթադրում էր, որ թերևս Ակսելը աքսորված է և ինքը հեռավոր Սիբիրում կգտնի նրա հետքերը:
Բակունցն էլ Աբովյանի նման, իր մտերիմ գրչակից Չարենցի հետ շիրիմ չունեցավ, սակայն Աբովյանի և Չարենցի նման տեղ գտավ սերունդների հոգում ու սրտում:
Մեր գրականության համար մեծ կորուստ էր, որ Բակունցը չկարողացավ ավարտել Աբովյանին նվիրված իր «Լիբեր Արմենիեր» վեպը. դա մի նոր հուշարձան կլիներ և՛ Աբովյանի, և՛վեպն ստեղծող Բակունցի համար:
Եվ առավել ևս ցավալի է մեզ համար, որ Բակունցը հեռացավ մեզնից շատ և շատ բան տանելով իր հետ: Նա հազիվ մի փոքր մասը կարողացավ իրականացնել իր գրական ծրագրերից: Նրա ստեղծագործական կյանքը տևեց ընդամենը 10-12 տարի: Նա դեռևս նոր էր մտնում իր տարերքի մեջ, նոր էր բյուրեղանում նրա գրիչը: Չէ՞ որ արձակագրի համար ամենաբեղմնավորը այն տարիներին էին, որ դեռ պիտի ապրեր ու հայրենի օդով ու ջրով կազդուրվեր հայրենաբաղձ հեղինակը:
Բակունցի հետաքրքրության շրջանակը շատ լայն էր: Նա թարգմանեց Գոգոլի «Տարաս Բուլբան»՝ օժտելով շատ հմուտ առաջաբանով: Նա այնտեղ ոգեկոչեց Վարդան Մամիկոնյանին, որ անձնուրաց կերպով մաքառեց հայրենիքի համար. այն օրերին դա շատ համարձակ քայլ էր, որ ոմանց լցրեց մաղձով հեղինակի դեմ: Նա խմբագրեց Սվիֆտի հռչակավոր «Գյուլիվերի ճանապարհորդությունը» վեպի հայերեն թարգմանությունը և նույնպես շատ ուսանելի առաջաբանով ցույց տվեց այն վիթխարի նշանակությունը, որ ունեցավ այդ երկը ամբողջ մարդկության համար, և նոր ուժով հնչեց մեր օրերում:
Անհնար է թեկուզ համառոտակի նշել այն ամենը, ինչ կատարեց Բակունցը իր կարճատև ստեղծագործական կյանքում: Միայն պետք է ասել, որ նա շարունակ պրպտող, շարունակ որոնող և նոր ու նոր բարձունքների ձգտող ու մագլցող մի տաղանդավոր հեղինակ էր, որ անկոտրում կամքով ու եռանդով ցանկանում էր հարստացնել մայրենի գրականությունը:
Հներում ասում էին, որ ննջեցյալի հոգին սավառնում է իր հարազատների գլխավերևում: Իսկ ով հարազատ չէ Բակունցին: Նրա հիշատակը հարգում են բովանդակ Հայաստան աշխարհում: Բոլոր այն վայրերոյմ, ուր կան մայրենի գրականությունը սիրող մարդիկ, սփյուռքում, որտեղ հայապահպանության գործում իր արժանի բաժինն ունի նաև Բակունցը իր ջերմաշունչ-հայրենաշունչ երկերով:
Թող այս տուն թանգարանը դառնա մի հիշարժան վայր, ուր ամեն այցելու զգա այն վեհ արվեստի բուրմունքը, որ Բակունցը սփռեց հայրենի աշխարհին այս չքնաղ լեռնաշխարհից: Թող այս բուրավետ ծաղիկների նման հավերժ մնա Ակսել Բակունցի հիշատակը, սովետական հայ գրականության անխոնջ մշակի և մեծ երախտավորի պայծառ հիշատակը:
Հմայակ Սիրաս
Թանգարանի բացման հանդիսության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, Սիրասը այցելել է թանգարան և գրառում կատարել հուշամատյանում:
Գրողի եղբայրներ Վահան, Գրիգոր և Արտավազդ Բակունցների սրտառուչ գրառումներից հետո նորընծա հուշամատյանի երրորդ էջը տրամադրվել է Սիրասին, ով իր և գրչակից ընկերների անունից գրել է.
«Միանգամայն բնական և օրինական կլիներ, որ այստեղ հանդիպեի հենց իրեն՝ իմ սիրելի ընկեր ու բարեկամ Ակսել Բակունցին: Սակայն… կյանքի ոլորանները շատ դաժան էին: Տեսնում եմ Բակունցի տուն-թանգարանը, նրա հիշատակը հավերժացնող նշխարները և նրա հարազատներին, որոնց հետ միասին կրկին վերապրում եմ այն մրմռուռը, որ միշտ խռովել է հոգիս, երբ վերհիշել եմ Ակսելի անժամանակ կորուստը:
Այստեղ ենք իմ գրչի ընկերներ Սարմենի և Լյուդվիգ Միքայելյանի հետ:
Ուրախալի է, որ տուն-թանգարանի աշխատողները խոսքով, սիրով և հպարտությամբ հավաքել են այն ամենը, ինչ կարող է հիշեցնել Բակունցի ապրած օրերը, ժամանակաշրջանը: Սակայն ամենից հավերժ ու մնայունն այն է, ինչ ստեղծեց Բակունցը իր կարճատև գրական ստեղծագործության շրջանում: Նրա երգերը միշտ կհնչեն հայ ընթերցողի ականջին իբրև ինքնաբուխ, քնքույշ, հոգեթով երաժշտություն:
Հմայակ Սիրաս
17 սեպտեմբերի, 1970»:
Այսքանով Սիրասը ավարտված չի համարել կեղծ բարեպաշտի իր «առաքելությունը»: Հասկանալով, որ ժամանակը խնայում է իրեն, շարունակել է խաղալ Բակունցի «սիրելի ընկերոջ ու բարեկամի» օգտավետ դերը: Թանգարանի բացման արարողությանը մասնակցելուց հետո նա իր ողջույնի խոսքը 1970 թվականի հոկտեմբերի 4-ին ներփակ ծրարով ուղարկել է թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանին: Եվ ամբողջական մեքենագիր տեքստի հետ՝ նաև ելույթի ձեռագիր քաղվածքը՝ այն թանգարանի ցուցափեղկերից մեկում «հատուկ ցուցադրությամբ» տեսնելու փափագով.
«Հարգելի ընկեր Քաջիկ,
Վերջապես ուղարկում եմ իմ Ակսել Բակունցի տուն-թանգարանի բացման առթիվ գրողների միության անունից ասված ողջույնի խոսքը:
Ես մեկ էջի վրա արտագրեցի բնորոշ քաղվածքը, որը, ըստ ձեր պլանի, կարող եք զետեղել ցուցափեղկում: Ենթադրում եմ, որ բացման արարողությանը նվիրված կլինի հատուկ ցուցադրություն:
Ջերմ ողջույններ ձեզ և իմ նոր ու լավ բարեկամներ Պետրոսյանին, Հարությունյանին, Մալինցյանին:
Կրկին ողջույն
Հմայակ Սիրաս
PS. Ստանալու մասին խնդրում եմ ինձ իրազեկ դարձնեք: Հասցես- Երևան 19, Բարեկամության 50, բն. 6»:
Պայծառանուն գրողի տուն-թանգարանը, անշուշտ, դարձավ սրբավայր, որտեղ ոտք դնող յուրաքանչյուր ոք մշտապես զգալու է Բակունցի արվեստի բուրմունքը, տեսնելու է ժամանակի փորձություններին դիմացած և նվիրյալների ջանքերով թանգարանում հանգրվանած բազմաթիվ կարևոր վավերագրեր, ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, նամակներ, ճանաչելու է նաև գրական ժամանակը և Բակունցի իսկական գրական ընկերներին՝ բարեբախտաբար, որևէ ցուցափեղկում չկարդալով Սիրասի անունը: Ավելին՝ զրպարտիչների շարքում ճանաչելու և դատապարտելու է նաև նրան՝ ոչ թե կեղծված, այլ իրակա՛ն ձեռագրով: Ձեռագիր, որի աղետալի հետևանքները կրեց մի ամբողջ գրական սերունդ, քանզի Բակունցի ողբերգությունը ոչ թե անհատի ողբերգություն էր, այլ մի ամբողջ ազգային գծի: Սիրասյան գիծը աճեց, ձգվեց, ծավալվեց, իսկ Բակունցյան գիծը սպանեցին:
Չբավարարվելով թանգարանի պատմության էջերում որպես Բակունցի «բարեկամ» հիշվելու զավեշտալի ցանկությամբ՝ Սիրասը նույն անազնիվ մղումներով մինչև կյանքի վերջին տարիները մասնակցում էր Բակունցին նվիրված միջոցառումներին, բեմերից ճառեր արտասանում և հուշեր պատմում «գրչակից» ընկերոջ մասին, ով այլևս չէր կարող «խանգարել» փառքի մուրացկանի իր երանավետ թմբիրը: Այդպես նա մասնակցել է նաև Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում 1979 թվականի հուլիսի 4-ին Բակունցի ծննդյան 80-ամյակի առթիվ կազմակերպված գիտխորհրդի ընդլայնված նիստին՝ որպես զեկուցող[3], նույն թվականին «Գրական թերթ»-ում հանդես է եկել հուշագրությամբ՝ «Մայրենի գրականության նվիրյալը» խորագրով[4] և այլն: Հուշագրության մեջ նա պատմում է Բակունցի հետ իր ծանոթության, հետագա հանդիպումների և «սրտամոտ» զրույցների մասին, որոնք հավատ չեն ներշնչում: Բնականաբար, նա շրջանցում է 36-37-ի մղձավանջը՝ Բակունցի և մյուսների դեմ հյուսվող դավադրություններին իր ակնհայտ մասնակցությամբ:
«Բակունցի բոլոր պատմվածքներն էլ ժողովրդի կյանքի ընդերքից բխած խոհերի և հույզերի արդյունք են, այդ պատճառով էլ նրանք թարմ էին հնչում և այն օրերին, երբ հրատարակվում էին, և այժմ», - այս տողերը գրում է հենց այդ օրերին Բակունցին «հակահեղափոխական-նացիոնալիստական ագիտացիա» մղելու մեջ մեղադրող Սիրասը, ով հորդորում էր կուսկազմակերպությանը կարգի հրավիրել «լկտիացած» Բակունցին:
Հատկանշական է հուշագրության հետևյալ հատվածը. «… Վրա հասան դաժան օրեր: Բայց այդ օրերին էլ Բակունցը չէր կորցնում իր ինքնիշխանությունը. դեպքերին հետևում էր խոհուն, ինքնավստահ մարդու հայացքով: Վերջին անգամ նրան տեսա ներկայիս Հայֆիլմհարմոնիայի փոքր դահլիճի շենքի մոտ. «Կարևորը մնայուն, ճշմարիտ գործ գրելն է,-ասաց նա: - Աշխատիր տեսածդ, ուսումնասիրածդ ճշմարտացիորեն գրական երկի վերածել»:
Ամփոփենք այս տխուր պատմությունը: Շարունակելով ստեղծագործել 1937–ից հետո, երբ «Տոլստոյից էլ մեծ» գրող համարվեց, Սիրասը երկար պիտի խորհեր կատարվածի և այդ ամենի մեջ իր դերակատարման մասին: Խորհեց, թե ոչ, զղջաց, թե ոչ, դժվար է ասել, բայց մինչև ուշքի գար, ասպարեզ պիտի մտներ ոչ միայն գրական մի նոր ու առողջ սերունդ, այլև հանիրավի նահատակված սերունդը պիտի վեր առներ՝ արդեն որպես գրական պաշտամունք, իսկ ինքը և իր նման «կենդանի դասական» հորջորջվածները պետք է մղվեին ետնախորք: Լավագույն ձևը արդարացված և իրապես տաղանդավոր գրողների փառքի շուրջ ինքնահաստատվելու՝ հաճախ զավեշտալի փորձերն էին: Հակագրական այս դեմքը ինչպես 1930-ականններին կուսակցական կույր հանձնակատարությամբ դուրս եկավ Բակունցի և մյուս արժանավոր գրողների դեմ՝ հնարավորինս լավ կատարելով իրեն հանձնարարված գործը, այդպես էլ օգտվելով բարեպատեհ առիթից՝ 1970 թվականին «գրական ընկերոջ» դիմակով հայտնվեց Գորիսում՝ մասնակցելու Բակունցի տուն-թանգարանի բացման հանդիսությանը՝ ըստ երևույթին ոչ թե խիղճը մաքրելու, այլ արդեն իսկ երերվող գրական հեղինակությունը փրկելու փափագով: Այնինչ «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ և լույսը փակի տակ լինել» (Մովսես Կաղանկատվեցի): Ի վերջո, արխիվները բացվում են, և ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:
ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ակսել Բակունցի տուն-թանգարանի գիտաշխատող
[1] Հմայակ Սիրասը որպես գրական անուն ընտրել է Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։
[2] Տե՛ս «Գրական թերթ», թիվ 12, 23 ապրիլի, էջ 2:
[3] Թանգարանի արխիվում պահպանվել է միջոցառման հրավիրատոմսը և ծրագիրը:
[4] «Գրական թերթ», 29 հունիսի, 1979թ., էջ 2:
Комментариев нет:
Отправить комментарий