22.05.2023

ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ / Երբ առաջին անգամ այցելեցի Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ձեզ ենք ներկայացնում Թանգարանների միջազգային օրվա առթիվ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարված շարադրության մրցույթի մրցանակակիր (երկրորդ տեղ), Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Բադալյանի աշխատանքը: 

Հիմա անգամ չեմ հիշում՝ արևո՞տ, թե՞ անձրևոտ օր էր, բայց մի բան հաստատ հիշում եմ՝ այդ օրը կայացրի այնպիսի որոշում, որի համար չեմ փոշմանել մինչ օրս։ Գրքերս էի փնտրում, չէի հիշում, թե որը որտեղ եմ դրել։ Երկար փնտրտուքից հետո գտա իմ հոգուն հարազատ «Գրականության» դասագիրքը։ Հանկարծ գրքի արանքից տերևի նման օրորվելով՝ մի բան ընկավ։ Շփոթմունքից գիրքը ևս վայր ընկավ ձեռքիցս՝ բացված վիճակում։ Երևի կմտածեք՝ ինչ անփույթ եմ, չէ՞։ Բայց եթե դուք էլ լինեիք իմ փոխարեն, նույն վիճակում կհայտնվեիք։ Գրքի բացված էջերի վրա Ակսել Բակունցի կենսագրությունն էր և նրա ստեղծագործությունը, իսկ կողքին այն, ինչ ընկել էր ՝ երկար ժամանակ խնամքով պահված այցետոմսն էր։ Երբ ձեռքս առա այն, անգամ չէի հիշում ՝ ինչ էր ու որտեղից։ Բայց հետո հիշեցի։ Դա մի այցետոմս էր, որը հնարավորություն էր տալիս աշակերտներին այցելել ՀՀ թանգարաններ կամ պատկերասրահներ, թատրոններ և համերգասրահներ։ Արդեն ուզում էի տեղը դնել և փակել գիրքը, երբ հայացքս կանգ առավ գրքի և հրավիրատոմսի՝ միմյանց համընկնող հատվածների վրա․ Բակունց և թանգարան։ Մի ակնթարթ փակեցի աչքերս ու խորհեցի․ «Գրականություն, Ակսել Բակունց և այցետոմս, մի՞թե կարելի է բաց թողնել այսպիսի հնարավորությունը»: Եվ որոշեցի՝ ինչ գնով էլ լինի, պիտի գնամ։ Ուսումնական տարին գրեթե մոտենում էր իր տրամաբանական ավարտին։ Արևը կամաց-կամաց իր տեղն էր զբաղեցնում երկնակամարում։ Իսկ ես արդեն մեկ շաբաթ է՝ պլանավորում էի ուղևորությունս դեպի Գորիս։ Սակայն այդ մասին նույնիսկ չէի հայտնել ծնողներիս, քանի որ համոզված չէի, որ կստացվի, ուստի այդ հարցով որոշեցի դիմել դասընկերներիս։ Հենց որ ցանկացա պատմել, մտքումս մի փայլուն գաղափար ծնվեց․ «Իսկ ինչու՞ չգնալ այնտեղ հենց ձեզ հետ»։ Միանգամից բարձրաձայնեցի։ Երևի ոչ ոք չէր սպասում այդպիսի առաջարկի։ Ինչևէ, մեծ դժվարությամբ որոշվեց՝ գնում ենք Գորիս։ 
Հունիսի 5-ն էր։ Ամառային ջերմ ու արևոտ օր էր։ Կարծես բնությունը զգացել էր, որ ինչ-որ մեկի սրտում երջանկությունն է բույն դրել։ Ամեն ինչ կարծես հրաշալի էր։ Վաղորդայնի քամու մեջ դեռևս փոքր-ինչ սառնություն էր զգացվում, որը հնարավորություն էր տալիս ավելի խորը գիտակցելու նպատակներին ձգտելու և հասնելու կարևորությունը։ Զբաղեցրինք մեր տեղը ավտոբուսում և շարժվեցինք։ Գնում էինք այնքան ոգևորված, որ թվում էր՝ գտել ենք մեր տեղը երազանքների ճանապարհին և էլ կանգ չենք առնելու։ Գնում էինք այնքան վստահ ու երջանիկ, որ կարծես մեզ ոչ ոք տանը չէր սպասում։ Գնում էինք՝ մոռացած մեր բոլոր խնդիրներն ու հոգսերը։ Շուրջն ամբողջությամբ պատված էր կանաչով, երկնքում անգամ չէին լողում ամպերը, այն այնքան պարզ էր ու ջինջ, որ մեզ թվում էր ՝ կսուզվենք ու կլողանք մինչև իր ծածկոցի՝ ամպերի հայտնվելը, իսկ ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկար։ Դե իսկ երաժշտությունն էլ անպակաս էր։ Կարճ ասած՝ ամեն ինչ հրաշալի էր, մինչև այն պահը, որ կանգ առանք և չկարողացանք առաջ շարժվել ավտոբուսի անսարքության պատճառով։ Ամեն ինչ քարացավ աչքերիս առաջ, և ինձ պատեց անորոշության զգացումը։ «Ի՞նչ է լինելու հիմա։ Ի՞նչ ենք անելու»,- բոլորից մեկուսացած մտմտում էի ես։ Սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ կարգի ընկավ, և մենք շարունակեցինք ճանապարհը։ Վերջապես հասավ այն երանելի վայրկյանը։ Մենք տեղում էինք։ Արդեն իսկ պատկերացնում էի՝ դռներից այն կողմ ինչ դյութական աշխարհում եմ հայտնվելու ես։ Ուրախությանս չափ չկար, նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ ինչին էի այդքան անհամբերությամբ սպասել։ Մի խոսքով ներս մտա․ հիացմունքիս չափ չկար։ Կարծես հեքիաթում լինեի։ Բառերով անհնար է նկարագրել այն, ինչ տեսել և զգացել եմ այդ պահին։ Ձախ կողմից թանգարանն ամբողջությամբ ողողված էր կանաչով՝ ծառերով, թփերով, ծաղիկներով։ Այն կարծես կախարդական այգի լիներ, փոքր էր, բայց այնքան հմայիչ, որ կարող էիր ժամերով զրույցի բռնվել ցանկացած ծաղկի կամ խոտի հետ, և մնալ նրանց թովիչ աշխարհում։ Այդ զարմանահրաշ այգու մասնիկ էր կազմում ականակիտ ու պաղ ջուրը, որը անդադար ցայտում էր ցայտաղբյուրից և դուրս գալով սահմաններից՝ ընդարձակվում՝ խոնավացնելով ծաղիկների արմատները։ Հիացմունքս չթաքցնելով՝ նետվեցի առաջ՝ տեսնելու, թե ինչ կա ներսում։ Սակայն պարզվեց, որ տոմսերի հետ խնդիր կա։ Ես գիտեի, որ լավագույնին հասնելը հեշտ չէ, և բազում դժվարություններ կան, թերևս այդ պահին ոչնչի մասին չէի ցանկանում մտածել։ Հույսով սպասում էի, որ... ։ Մուտքի թույլտվության պես վեր թռա տեղիցս և անմիջապես ներս մտա։ Թեև ներսում աղմուկ էր, բայց պատերի մեջ այնքան հանգստություն և հանդարտություն կար, որ միաձուլվել էի նրանց անդորրությանը և քայլում էի։ Քայլում էի այնպես թեթև և սահուն, որ թվում էր՝ ոտքերս հպվում են ոչ թե գետնին, այլ Դիլան դայու հնձանի խոտերին։ Պատերի անդորրության մեջ նշմարում էի հնձանի պատի տակ նստած Դիլան դայուն, օջախի առաջ կռացած կնոջը, պարիսպների ամայության տակ գտնվող մանուշակին և բոլոր նրանց, ում գրչի մի հպումով ստեղծել էր նա՝ Բակունցը։ Երբեմն պատրանքների աշխարհում գտնում ես այն, ինչը անզեն աչքով անտեսանելի է։ Այդ աշխարհում կարող ես անցնել յուրաքանչյուրի կողքով և յուրաքանչյուրին ճանաչել, ընկալել յուրովի։ Ներսում ներկայացված ամեն բան ուներ իր խորհուրդը։ Ամեն իր պատմում էր նրա կյանքի, մտածողության, արվեստի մասին։ Բայց այն, ինչ տեսել էի ես, օժտված էր այնպիսի հատկությամբ, որը չէի կարող գտնել և ոչ մի իրի մեջ։ Անցնելով սենյակից սենյակ՝ վերապրեցի այն, ինչ զգացել էի նրա հերոսներից յուրաքանչյուրի հետ ծանոթանալիս։ Այն, ինչ տեսա ներսում, լսեցի և զգացի, ամբողջը դարձրի հիշողությունների մի կապոց և պահեցի սրտիս մի անկյունում։ Ինչպես ասել է Ավետիք Իսահակյանը․ «Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները... այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ են տեսնում, այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական, իսկ ներկան դառնում է երազ...»։ Այսպիսով առաջնորդվելով հետևյալ խոսքերով՝ փորձենք շունչ տալ և ապրեցնել մեզ հոգեհարազատ հերոսներին և գնահատենք հանճարների՝ մեզ նվիրած գործերը։

Комментариев нет:

Отправить комментарий