15.12.2018

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ / Կանայք Բակունցի կյանքում և իբրև նախակերպարներ՝ ստեղծագործություններում

Շատ պետք է ջանալ Բակունցի կենսագրության մեջ կանանց մասին որևէ հիշատակում գտնելու համար: Դժվար է ամբողջական պատկերացում կազմել Բակունցի հոգեկան-ներաշխարհային կյանքի մասին: «Խորունկ, հանդարտ ու հստակ» խառնվածքի տեր գրողը անձնական ապրումներ ու զգացմունքներ արտահայտելու մեջ էլ չափազանց զուսպ էր ու հավասարակշիռ: Նրա կյանքում չեն եղել հախուռն, աղմկոտ սիրային պատմություններ, ինչպես, օրինակ, Չարենցի կյանքում, բայց եղել են նվիրական անուններ, որոնք ուղեկցել են Բակունցին կարճատև կյանքի որևէ շրջանում, կերպարային ու պատկերային յուրօրինակ նրբագծերով հյուսվել ստեղծագործական աշխարհին: 
Մտերիմներից Ռաֆայել Աթայանը ուշագրավ բնութագիր է տվել գրողի խառնվածքին. «Իսկական մտերմությունը խոր հոգեկցություն էր Բակունցի համար, որ առաջ էր գալիս միայն տևական շփման, մնայուն հաղորդակցության, բազմապիսի տպավորությունների կուտակման հետևանքով: Այս դեպքում նույնիսկ իր համակրանքին արժանացած ու իրեն վաղուց մտերիմ կանանց ու աղջիկների շրջանում նա անսովոր կերպով պարկեշտ էր, վերին աստիճանի զուսպ, մշտապես լի ինչ-որ երկյուղած պատկառանքով: Նա պատանու նման կը կարմրեր, երբ ուզենար իմանալ մտերմիկ բնույթ ունեցող որևէ բան, որն, անտարակույս, կարող էր վստահ լինել, հաճույքով կպատմեին իր բարեկամուհիները: Նրա այս պարկեշտությունը, որ վարվեցողության ընդհանուր կուլտուրային զուգակցված, ոչ մի առնչություն չուներ գավառականության հետ, էապես էլ ավելի անդիմադրելի էր դարձնում նրա մարդկային (և տղամարդկային հմայքը)»[1]: 
Արվեստի ամեն մի գործ, գրական ամեն մի ստեղծագործություն ծնունդ է հոգեկան որևէ ապրումի: Աննա Ախմատովան այսպիսի բանատող ունի՝ «Կպակասի մի հույս, կավելանա մի երգ»: Որքան հուզառատ է մարդու ներաշխարհը, նույնքան նրբահյուս ու գեղեցիկ է նրա ստեղծած գործը: Բակունցը զգայուն, երազող, ի բնե ռոմանտիկ էություն ուներ: Հուգում կրում էր բանաստեղծական անսահման մի տրտմություն, որ, ինչպես ժամանակակիցներն են վկայում, խորապես արտահայտված էր նաև դիմագծերի վրա: Հոգեկան այդպիսի բյուրեղյա, անարատ նկարագիր ունեցող մարդը կարող էր ստեղծել գրական նույնատիպ մի աշխարհ՝ անտեսված գեղեցկությունների ու լուռ ցավերի թանձր պատկերներով:

Թագուհի Սաֆրազբեկյանը՝
Բակունցի առաջին սերը
Բակունցի՝ 1918թ. հրապարակած «Աղոթք» և «Անտառում» պատկերներում հիշվում է Հերդա խորհրդանշական անունով հերոսուհի: «Տե՛ր, չէ՞ որ դու բարի ես և գթոտ, ինչպես հայր... Աղերսանքս ընդունի՛ր: Հին լավ օրերը տուր, լավ օրերը բեր, ինձ Հերդային տուր: Խնայիր Հերդային, նրա հոգուն խնայիր: Այնքան շատ են Հերդաները: Քանիսներն են աղոթում, կարոտը հոգում, լավ օրեր տեսնելու հույսը սրտում: Շատերն են երազում հին պալատները, որ կառուցել են խինդով, եռանդով, վայելքի ու աղոթքի համար: Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող»(«Աղոթք»): «... Ու հիշեցի Հերդային:
- Ու՞ր է նա, ո՞ր աշխարհում: Արդյոք հիշու՞մ է նա ինձ, արդյոք գիտե՞, որ ես մի մոլոր ճամփորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամփի եզրին:
Եվ կարոտը մարեց իմ հոգում, այնպես, ինչպես առաջացել էր: Ոչ ոք չեկավ ցավս հարցնելու, մեկը չկար, որին պատմեի, թե ինչքան ծանր է նստել հինավուրց անտառում և հին օրերը վերհիշել: Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ...»(«Անտառում»): 
Միաժամանակ «Անտառում» պատմածքն ունի նվիրագրություն՝ «Ընկերոջս՝ Վաղոյին»: Բակունցի մանկության ընկեր Վաղարշակ Հովակիմյանի հուշերից իմանում ենք, որ նվիրագրության «Վաղո»-ն ինքն է, իսկ Հերդան՝ Բակունցի պատանեկության ընկերուհիներից Թագուհի Սաֆրազբեկյանը, որ առաջինն ալեկոծեց Ակսելի զգայուն ներաշխարհը: 
Թագուհի Սաֆրազբեկյանը հուշագրել է Բակունցի հետ իր ծանոթության մանրամասները՝ վկայելով, որ գրողը պատանեկան տարիների իր լավ ընկերն էր: Քաղաքի ակտիվ երիտասարդները տեղի նորակառույց դպրոցի շենքում թատերական ինքնագործ խմբակ էին կազմակերպել և բեմադրում էին փոքրիկ պիեսներ: Մի փորձի ժամանակ տղաները Ալեքսանդրին ձեռքի ափի վնասվածքով բերում են Թագուհու մոտ՝ վիրակապելու: Բակունցը դիտավորությամբ էր վնասել ձեռքը, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու աղջկա հետ: Ինչպես վկայում է Սաֆրազբեկանը, առանց այդ «հնարի» էլ Ալեքսանդրը կարող էր հասնել իր նպատակին, սակայն «բնավորությամբ նա հակված էր դեպի ռոմանտիկան»: Ի դեպ, Թագուհին հուշագրության մեջ համեստորեն նշում է, որ Բակունցին ձեռքը վիրակապելու համար բերում են խմբի մեկ ուրիշ աղջկա մոտ, բայց իրականում ինքն էր այդ «գթասիրտը», ինչի մասին և վկայել է Մոսկվայից Ռաֆայել Իշխանյանին հասցեագրած նամակում: «Երբ տուն եկա, եղբայրս՝ Գևորգը, ծիծաղում էր վրաս: Ասաց, որ Ալեքսանդրը դիտմամբ էր կտրել ափը, որպեսզի ես կապեի ու այդպես ծանոթանայիք»,- գրում է նա: «Շատ ամաչկոտ էր, մեծ երազող, միևնույն ժամանակ ինքնասեր էր, նպատակամետ: Ծանոթանալով մեր խմբի հետ, նա սկսել էր ակտիվորեն մասնակցել բեմադրություններին: Ինքն էլ խաղում էր և որոշ ժամանակ հետո փաստորեն դարձավ խմբի ղեկավարը: Նրա առաջարկով բեմադրվեց արտասահմանյան մի հեղինակի(չեմ հիշում̀ ում) «Հերդա» պիեսը, որում Հերդայի դերակատարը ես էի, իսկ նրան սիրահարված երիտասարդի՝ Ակսելի դերակատարումը ստանձնեց Բակունցը: Անցել է կես դար, և ես մոռացել եմ այդ պիեսի բովանդակությունը, բայց հիշում եմ, թե ինչ հաստատակամությամբ Բակունցն ասաց, որ սկսելու է իրեն կոչել Ակսել և, իրոք, նա իր խոսքի տերը եղավ»[2]: Խոսքը նորվեգացի թատերագիր Բյոռնստեռնե Բյոռնսոնի (1832-1910) «Նորապսակներ» (1865) պիեսի մասին է, որը բեմադրվեց Գորիսում 1916 թվականի ամռանը: Բակունցը կատարում էր նորապսակ Ակսելի դերը, ով սիրահարված էր Հերդային: Ահա թե ինչու Բակունցը վաղ շրջանի ստեղծագործություններում կերպավորում է Թագուհուն՝ Հերդա անունով, իսկ գրական անունը հաստատագրում «սրտամոտ» ու խորհրդանշական դերախաղից հետո: «Դրանից հետո հաճախ էր ինձ Հերդա անվանում և նույնիսկ մի բանաստեղծություն բերեց՝ «Հերդային» վերնագրով: Ես երկար ժամանակ պահում էի այդ բանաստեղծությունը՝ որպես հիշատակ իմ ջահելության, բայց … ցավոք կորավ, ուր դրեցի, չգիտեմ»,- վկայել է Թագուհին: 
Թագուհի Սաֆրազբեկյան
1917 թվականի ամռանը սերտանում են Թագուհու և Ալեքսանդրի հարաբերությունները, երբ Գևորգյան ճեմարանի դասարանական բաժինն ավարտած Բակունցը գտնվում էր հայրենի քաղաքում: Նա հաճախ էր լինում Սաֆրազբեկյանների տանը, որովհետև Թագուհու եղբոր՝ Գևորգի ընկերն էր: «Մի անգամ բերեց իր մանրիկ, գեղեցիկ ձեռագրով արտագրած՝ Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարին», որը սիրում էր ասմունքել և ընթերցել մեզ մոտ: Նրա շնորհիվ ես հասկացա, թե որքան գեղեցիկ և երաժշտական է գրական հայոց լեզուն»: Թագուհին հիշում է Ակսելի վճռականությունը՝ չնայած ծանր կենսապայմաններին՝ անպայման ստանալու բարձրագույն կրթություն: Բակունցի առաջին սերը ափսոսանք է հայտնում, որ իրենց ծանոթության տարիներին Գորիսում խմբով լուսանկարվելը ընդունված չէր, և ինքը չունի մի հիշարժան լուսանկար Բակունցի հետ: 
Գորիսի ծխական դպրոցում Բակունցի մտերիմ դասընկերներից Վաղարշակ Հովակիմյանը, որի հետ գրողն իր մտերմությունը պահպանեց մինչև կյանքի վերջը, հուշերում երկրորդում է Բակունցի առաջին սիրո ապրումները. «… այդպիսի գեղեցիկ օրերից մի օր նույն Հրազդանի ձորում մի անգամ Սանթրին պատմեց իր առաջին սիրո մասին….»: «Երբ 1910թ. ուղարկեցին ինձ ճեմարան, բացի ծնողներիցս ու քույրերիցս ես իմ հոգու խորքում տարա նաև Թագուշին: Երկար տարիներ, քնած թե արթուն, նա էր իմ անուրջների առարկան: Նրա կեցվածքը, սիրուն դեմքը, անմեղ ժպիտը, սևորակ ու խելոք աչքերը, մեծ խնամքով հյուսած սև սաթի պես զույգ ծամերը ինձ հանգիստ չէին տալիս: Չգիտեմ ինչպես որակեմ իմ այդ վաղ տարիքի ապրումները Թագուհու վերաբերմամբ՝ սկիզբը սիրո հրի բոցավառման, թե՞ լոկ համակրանք: Դե, դու գիտես, որ 1915թ. մեր արևմտահայ եղբայրների գաղթի հետևանքով ճեմարանի շենքը ժամանակավորապես վերածվեց հիվանդանոցի, և ես էլ ուրիշների պես մեկնեցի Գորիս՝ ծնողներիս տեսության: Որքան մոտենում էի Գորիսին, այնքան դեպի Թագուշն ունեցած կարոտից հոգիս լցվում էր այնպիսի մի հուզմունքով, որ սիրտս սկսվում էր արագ բաբախել: Շատ անգամ մի պահ զգաստանում էի, զարմանում, կշտամբում ինքս ինձ, թե ինչու Թագուշին ավելի եմ կարոտել, քան թե մորս ու քույրերիս: Բայց կարծես թե մայրական անզուգակից սիրո մի ձայն շոյում էր լսողությունս՝ շշնջալով. «Ոչինչ, զավակս, քո սրտի կարոտն էլ իմ կարոտն է, շարունակիր պինդ սիրել Թագուշին, ես համոզված եմ, որ քո՝ դեպի ինձ ունեցած որդիական սիրո հուրը երբեք չի մարի զգայուն հոգուդ մեջ»: Վերադարձիս գիշերը, մինչև առավոտ, չկարողացա քնել: Իմ ամբողջ էությունը համակված էր նրանով, թե մեր երկարատև անջատումից հետո արդյոք Թագուշը կարձագանքի՞ իմ սիրո զգացումներին, թե սառը ջուր կլցնի իմ հույսերին: Սակայն որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ հաջորդ օրը առաջին իսկ հանդիպումից մեր հայացքները կախարդեցին իրարու հենց իր՝ Թագուշի հայրական տան մեջ: Քիչ անց մենք արդեն փողոցում էինք և անխոս ու արագ քայլում էինք դեպի «Կալին պաշը», որտեղից բացվում էր քեզ ծանոթ մեր բաղերի, գետակի և լեռների սքանչելի տեսարանը: Երկար ատեն մեզնից ոչ ոք չէր համարձակվում դժվար բացատրելի լռությունը խանգարել, կարծես հենց այդ վսեմ լռության մեջ էր ամփոփված վեհագույն իմաստը մեր հոգեկան նուրբ զեղումների: Բայց հանկարծ, այդ լռության պահին, կարծես թե գերբնական մի ուժով մենք ինքնաբերաբար սեղմվեցինք իրարու և մեր աչքերը լցվեցին արցուքով: Արձակվեցին մեր լեզվի կապերը, և մեր շուրթերը ըմբոշխնեցին առաջին սիրո քաղցրությունը: Ամեն ինչ ասված էր: Մենք պայմանավորվեցինք ցմահ սիրել իրար»[3]: 
Թագուհի Սաֆրազբեկյանի հուշերից իմանում ենք նաև, որ այդ ամառվանից հետո նա Բակունցին հանդիպել է 1919թ.-ի ամռանը Երևանում և ապա 1923թ.-ին՝ դարձյալ Երևանում, երբ ինքն արդեն ամուսնացած էր… «Միայն այդ ժամանակ,-գրում է Թագուհին,- ես հասկացա, որ չեմ գնահատել նրա զգացմունքների խորությունը, տևականությունը, նրա անկեղծությունը և, ուշադրություն չդարձնելով, անցել եմ նրա կողքով: Այդպես մենք հրաժեշտ տվեցինք միմյանց առհավետ»: 
Բակունցի համառոտ ինքնակենսագրության մեջ առաջին հայացքից կյանքի սովորական անկյունադարձ թվացող մի դրվագ կա, ինչը պատանեկան զգացմունքի մի գողտրիկ պատմություն է քողարկում. «1910 թվին «ունթունվեցի» (այդպես էի արտասանում այն ժամանակ) ճեմարան: 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվել էր ճեմարանը, և ես այդ տարին ուսուցիչ «հրավիրվեցի» Զանգեզուրի Լոր գյուղը: Ամռանը ես «չարություն» էի արել, որ և կարելի էր հաշվել իմ գրական մկրտությունը, եթե չհաշվենք «Հիմար մարդը» վերնագրով մի հեքիաթ, որ 1911 թվին տպեց «Աղբյուր» ամսագիրը: Այդ ամառ ես ֆելիետոն էի տպել Շուշվա կարծեմ սոցիալ-դեմոկրատական «Փայլակ» թերթում, մեր քաղաքագլխի և գավառական ադմինիստրացիայի դեմ (Բակունցի այդ «չարության» արգասիք ֆելիետոնը` «Մաթվեյ Մաթվեիչ … (Մի անհայտ մարդու անհրաժեշտ կենսագրության փորձ)» խորագրով և «Թեզ գնացող» ստորագրությամբ, տպվել է Շուշիի «Փայլակ» թերթի 1915թ. հուլիսի 26-ի № 40-ում): Ինձ բանտարկեցին, եղավ «փոթորիկ», և ես բանտարկության 34-րդ օրը ազատվեցի, որպեսզի ուսուցիչ գնամ այն հեռու գյուղը` Լորը: Առաջին անգամ ճանաչեցի գյուղը, նրա մարդկանց: Հետո շատ անգամ այդ թվի հիշողությունները օգնել են ինձ»: 
Բակունցի՝ Լորում ապրած օրերի գեղարվեստական վերհուշը «Խոնարհ աղջիկը» պատմվածքն է: Այդ պատմվածքում ևս սիրո պատկերման հարցում գրողը ժլատ է: Մի քանի բնորոշումների մեջ, սակայն, խտացվում է չասված բառերի, հոգու խորքում պահված նվիրական ապրումների ոչ սովորական մի աշխարհ: Դա Բակունցի խոսքի բարձրագույն արվեստն է, որ բնորոշվում է որպես լռության արվեստ: Պատահական հանդիպումը դարձել է մարդկային մի ջերմագին զգացում, որ մտովի վերապրվում է երկար տարիներ: Խոնարհ աղջիկը դառնում է ուսուցչի կյանքի գեղեցիկ կետը, որի շուրջ պտտվում է ներքին աշխարհը: Խոնարհի հոգում էլ սիրո ապրում կար, բայց ներքին ամոթխածությունը թաքցնում է զգացմունքը: Լռությունը ցավ է բերում նրա հոգուն, քանի որ ուսուցիչը չի հասկանում չարտաբերված բառերի ներքին իմաստը: Այդ չհասկացված լռությունն էլ տխուր վերջակետ է դնում Խոնարհի երջանիկ սպասումների վրա: Ուսուցիչը առանց խոստովանելու սիրո մասին թողնում է, հեռանում: Նա նույնպես բառեր չի գտնում: Սիրո ճամփաբաժանին միայնակ կանգնած՝ Խոնարհը լաց է լինում հոգու խորքում: 
«Խոնարհ աղջիկը» պատմվածքն ամբողջովին գեղարվեստական փաստագրություն է։ Գրեթե բոլոր կերպարները, վայրերը, ժամանակը իրապատում հենք ունեն։ Բակունցը Լորում 7 ամիս ուսուցիչ է աշխատել (1915թ. նոյեմբերի 5-ից մինչեւ 1916թ. մայիսի 28-ը)։ Այդ ուսումնական տարում նրա աշակերտների թիվը հասնում էր 33-ի՝ 29 տղա, 4 աղջիկ։ Պատմվածքում գյուղը նկարագրված է ճշգրտությամբ։ «Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր»,- սա լիովին համապատասխանում է իրականությանը: Իրականի համեմատ փոխված են որոշ անուններ։ Օրինակ, Լորը դարձել է Ձորագյուղ, իրական տանտերը՝ Հակոբ ապերը (Հակոբ Հովհաննիսյանը) դարձել է Օհան ապեր, իսկ տանտիրոջ դուստրը՝ 14-ամյա Անահիտը դարձել է 10-ամյա Աշոտիկ։ Փոխելով երկրորդական կերպարների անունները՝ Բակունցն անփոփոխ է թողել գլխավոր հերոսուհու անունը: Ո՞վ էր իրականում այդ խորհրդավոր հերոսուհին՝ Խոնարհ աղջիկը…
Խոնարհի որդիները
Խոնարհը լորեցի Սուքիաս Առուստամյանի երրորդ դուստրն էր: Ծնվել էր 1899թ., այսինքն՝ Լորում Բակունցի գտնվելու ժամանակ եղել էր 16 և ոչ թե 15 տարեկան, ինչպես պատմվածքում ակնակրում է Բակունցը: Հեղինակը գրեթե չի նկարագրում Խոնարհի արտաքինը: Միայն մի տեղ ակնարկում է, որ աղջիկն ուներ սպիտակ դեմք, մանր աչքեր, սև ու երկար վարսեր: Բակունցի՝ Լորից հեռանալուց հետո՝ 1917-ին, հայրը Խոնարհին ամուսնացրել է հարևան Շնաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղից մի մարդու հետ, որը, սակայն, շատ չանցած մահացել է: 1921-ին Խոնարհը երկրորդ անգամ է ամուսնացել Դարբաս գյուղից Սուլթան (Անանիա) Անդրեասյանի հետ: Ունեցել է երկու որդի՝ Արշավիրը (ծնված 1922թ.) և Սեդրակը (ծնված 1924թ.): Երրորդ որդու լույս աշխարհ գալու պահին՝ 1926թ.-ին, 27 տարեկանում Խոնարհը կնքել է մահկանացուն: Նրա մահից հետո ամուսինը կին է բերել Բաքու քաղաքից, ով և մեծացրել է երեխաներին: Որդիներից Արշավիրը զոհվել է 1941-ին՝ պատերազմում, Սեդրակն անհետ կորել է 1943-ին: Խոնարհը թաղված է Դարբաս գյուղում, ըստ որոշ տեղեկությունների՝ գերեզմանը մինչև այժմ պահպանվում է: 
Լորեցի Յուրիկ Սահակյանը, որ գնացել էր Ալեքսանդր վարժապետի հետքերով, հուշագության մեջ գրել է. «Լորեցիները լավ վարժապետներ էին ունեցել՝ Արամը, Ներսեսը, Հովհաննեսը, բայց ուրիշ էր Ալեքսանդրը… Նեղլիկ, ծուռումուռ փողոցներով ամեն օր դպրոց շտապող ծաժ աչքերով, շիկակարմիր մազերով, բարձրահասակ երիտասարդը հարգանքով գլուխ էր տալիս գյուղացիներին, իսկ դասերից հետո, արևոտ անկյուններում երկար ժամանակ նրանց հետ զրուցում դեսից-դենից: … Անցավ ձմեռը, և երբ ամենաբարձր սարերն էլ արտասվեցին և պղտոր առուներն աղմկելով վազեցին դեպի մոտակա ձորը, լորեցիները հրաժեշտ տվեցին վարժեպետին, որն այնքան հարազատ էր դարձել նրանց հոգուն: Ինչ իմանար մթին ձորերում ապրող գյուղացին, թե այդ «ամեն ինչին տեղյակ, հողի լեզուն հասկացող» երիտասարդը ապագա մեծ գրողն է, ինչ իմանար նա, որ իր հոգսերն ու ցավերը, որ ինքն այնպես միամտոեն սիրտը բացել էր նրա առջև, պետք է գրվեն գրքերի մեջ:… Ինչ իմանար Հակոբ ապերը, որ ինքը դառնալու է իր որդեգիր վարժապետի «Խոնարհ աղջիկը» պատմվածքի Օհան ամին: Կամ ի՞նչ իմանար Դավիթ Առուստամյանը, որ իր գեղեցկուհի քույր Խոնարհը կարող էր դառնալ վարժապետի անխոս սիրո պայծառ վկան ու գրչի ներշնչանքը: Իսկ ի՞նչ իմանար Խոնարհի հայրը, թե իր աղջիկը մտքում դեռ փայփայում է այն հույսը, որ կգա Ալեքսանդր վարժապետը… ու դրա համար է դեմ կանգնում հոր առաջարկին՝ ամուսնանալ հարևան գյուղից մի ջահելի հետ»: Պատմվածքում Բակունցը կրկին հանդիպում է անուրախ կյանքով ապրող Խոնարհին և գեղարվեստական պատումը խտացնում ընչազուրկ ու թշվառ որբևայրու՝ օգնության աղերսանքի պատկերով: «Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի»: Իրականում այդ պատկերը գեղարվեստական գեղեցիկ հնարք է, որ սրտաշարժ է դարձնում պատմվածքի վերջավորությունը: 1926-ին Խոնարհն արդեն մահացել էր, իսկ ամուսինն ապրել է շատ երկար՝ մինչև 1966թ.-ը: Բակունցը Լոր է գնացել նաև 1926-ին՝ հողային երկարատև վեճը լուծելու համար, ինչն արտահայտություն է գտել նրա «Ծիրանի տափ»-ում: 
Մարիամ Ասլամազյան
Բակունցի կենսապատումի ուշագրավ դրվագներից մեկը կապվում է գյումրեցի մեծահամբավ նկարչուհի Մարիամ Ասլամազյանի հետ: Թանգարանում պահվում է Ասլամազյանի վրձնած նշանավոր դիմանկարը՝ «Ակսել Բակունցը մոր հետ»: Նրանք ծանոթացել էին 1935-ի ամռանը Գորիսում, երբ Մարիամ Ասլամազյանը քրոջ՝ Երանուհու հետ գնացել էին Գորիս՝ լեռնաշխարհի գեղեցկությունները վրձնելու: Նույն թվականի ամռանը Բակունցը նույնպես գնացել էր Գորիս՝ «Զանգեզուր» կինոբեմագրի համար նյութեր հավաքելու: Երբ ամառային խաղաղ երեկոյին քույրերը որոշել էին բարձրանալ Լաստի խութ կոչված սարի գագաթը, հանդիպում են Բակունցին, ով և առաջարկում է նրանց իր ընկերակցությունը, քանի որ այդ քաղաքի որդին էր ու գիտեր «ամեն քար ու թուփ»: Օրերի հետ հյուսվում է նրանց գեղեցիկ մտերմությունը՝ լի նվիրական պահերով, հանդիպումներով ու զրույցներով, որոնք թղթին է հանձնել նկարչուհին՝ հուշապատումը հնարավորինս ամբողջացնելով ու հրատարակելով 1982թ. «Գրական թերթի» սեպտեմբերի 17-ի համարում: «Անցել է 40 տարի, ամեն իչ ծածկվել է մոռացության մշուշով»: Ի դեպ, 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանում վերահրատակվել է Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթար» ինքնակենսագրական գիրքը, որ նկարչուհու դարատև կյանքի հիշողություններն են՝ սկսած մանկության ամենավաղ զգացողություններից: «Կյանքի դավթար» գիրքը նկարչուհին մահից առաջ՝ 2000 թվականին, հրատարակել էր Մոսկվայում, բայց շատ քիչ տպաքանակով: Գիրքը լույս է տեսել ռուսերեն, վերահրատարակվել է նույնպես ռուսերեն՝ Ասլամազյան քույրերի Գյումրիի պատկերասրահի ու նրանց զարմուհի, գրքի մեկենաս Գայանե Նիկողոսյանի ջանքերով: Ասլամազյանի օրագրություններն իրականում նրա կյանքի ու հանդիպումների մասին փոքրիկ թեմատիկ պատմվածքներ են: Շուրջ մեկ դար վրձինը ձեռքին ապրած նկարչուհին անդրադարձել է իր տաղանդավոր մտավորական-ընկերների՝ Մարտիրոս Սարյանի, Ակսել Բակունցի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդու եւ այլոց հետ հանդիպումների թանկ հուշերին: Նրա կյանքի երջանիկ դիպվածներից մեկը Ակսել Բակունցի հետ ծանոթությունն էր:
Հեղ.՝ Մարիամ Ասլամազյան
«Ակսելին միշտ հիշում եմ՝ նստած իրենց այգու մեծ տանձենու տակ, մուգ կարմիր գորգի վրա՝ հենված մութաքաներին ու բարձերին, առջևը պղնձե սինիի վրա սուրճ ու մրգեր, աջ ու ձախ թափված գրքեր ու տետրեր: Նա մեզ դիմավորում էր ժպիտը դեմքին: Պետք է ասել, որ Ակսելի շուրթերի վրա խաղում էր ինչ-որ խորհրդավոր, անըմբռնելի մի ժպիտ: Երբեմն թվում էր, թե հեգնանք կա այդ ժպիտի մեջ, երբեմն էլ թվում է, թե նա մի բան է ասել կամ մտածել և սպասում է, որ լսողը լրացնի իր միտքը»: Ասլամազյան քույրերի հետ Բակունցը եղել է Խնձորեսկում, Տաթևում, ծանոթացրել նրանց լեռնաշխարհի հարստություններին: Խնձորեսկում Ակսելի սիրած վայրը հին գերեզմանատունն էր, որտեղ թաղված էր Մխիթար Սպարապետը, Բակունցը ասում էր՝ «Այնտեղ՝ Մխիթարի մոտ լուռ է ու տեղանքը շատ գեղեցիկ դիրք ունի, լավ եմ աշխատում»: Մարիամը վկայում է, որ ամենուրեք Ակսելին ընդունում էին շատ լավ, մի տնից տանում էին մյուսը: Երիտասարդները հավաքվում էին, և Ակսելը պարծանքով պատմում էր, թե քանի գիտնական ու պրոֆեսոր է տվել մեր հայրենիքին այդ փոքրիկ գյուղը, և ինչքան անելիքներ ունեն գյուղի երիտասարդները: Հատկանշական է հետևյալ դրվագը. Տաթև գնալու ճանապարհին Մարիամը ուզում է լուսանկարվել Բակունցի հետ, Բակունցը մերժում է: «Ինչ է, գտնում ես, որ մենք արժանի չենք քեզ հետ լուսանկարվելու»: Բակունցը դառը ժպտաց և ասաց՝ «Մարիամ, իմ գլխին սև ամպեր են կուտակված, ես չեմ ուզում փոքր-ինչ ստվեր գցել ձեզ վրա: Իմ սիրելինե՛ր, դուք հեռու եք ամեն ինչից, այդպես էլ մնացեք»: «Զանգեզուրից վերադառնալուց հետո՝ Երևանում, մենք մի քանի անգամ հանդիպել ենք Ակսելին, ապա նա մեկնեց ծովափ՝ հանգստանալու, իսկ մենք Լենինգրադ: Այնտեղից մեզ հաճախ էր գրում: Նա պատմում էր, որ ծովափին պառկած գրում է, գրում, մյուս օրը կարդում ու թերթ առ թերթ նվիրում ծովին: Նա ինչ-որ մեծ պատմական թեմայի վրա էր աշխատում, հատուկ Խանջյանի պատվերով, ասում էր, որ շատ մեծ թեմա է: Երևան վերադառնալուց հետո նրան հյուրանոցում սենյակ էին հատկացրել աշխատելու համար, գրում էր, թե եզան պես աշխատում է, բայց արդյունքն այնքան էլ լավ չէ: Գարնան մոտ նամակները դադարեցին»: Բակունցն այդ ժամանակ աշխատում էր «Զանգեզուր» կինոբեմագրի վրա: Այնուհետև հուշագիրը պատմում է իր ու Բակունցի երևանյան վերջին ճեպազրույցի սրտառուչ մանրամասները, Ակսելին այլևս չհանդիպելու չարագուշակ զգացողությունը, որ ունեցավ հրաժեշտի պահին, և ինչն իրականություն դարձավ: 
Մարիամ Ասլամազյան
«Կյանքի դավթար»-ում Մարիամ Ասլամազյանը Բակունցի մասին հուշագրությունը լրամշակել է 1967 թվականին՝ ուղիղ 32 տարի անց կրկին Գորիս այցելելու կենսադրվագով (ներկայացվում է թարգմանաբար). «Քաղաքը շատ էր փոխվել, դա ուրիշ քաղաք էր՝ մեծ մոխրագույն տներով: Գորիսը կորցրել էր իր գրավչությունը: Ժայռերի միջի հին տները դատարկվել էին, կիրճը ամայացել էր, միայն հատուկենտ զբոսաշրջիկներ էին երեւում այնտեղ: Այլեւս չկային այն նրբագեղ, բարեկազմ, ազգային տարազով գորիսեցի հպարտ կանայք, որոնք այնպես ներդաշնակորեն էին համադրվում գորիսյան անկրկնելի ժայռերի հետ, որ ասես մեկ ամբողջություն լինեին: … Մի երեկո որոշեցի գտնել Ակսելի տունը: Պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէ: Վերջապես շատ հարց ու փորձից հետո գտա: Բակում ամեն ինչ փոխվել էր, ապակեպատել էին պատշգամբը, այգու տարածքում նոր տուն էին կառուցել: Հին տան մեջ անփոփոխ էր մնացել միայն Ակսելի սենյակը: Ես թույլտվություն խնդրեցի և մտա այգի: Հին օրերի միակ վկան մնացել էր կիսով չափ սղոցված տանձենին, որի տակ աշխատում էր Ակսելը... 
Հեռանալիս ինչ-որ մեկն ասաց. «Քաղաքում Ակսելի արձանն են տեղադրել, այնպես որ մենք նրան չենք մոռացել, եթե կուզեք՝ կուղեկցեմ»: Ես հրաժարվեցի եւ որոշեցի մենակ գնալ: Արդեն մութն ընկնում էր, երբ գտա Ակսելի արձանը: Այն կանգնած էր փոքր հրապարակում, շրջապատված անդեմ եւ միանման տներով: Արձանի մոտ ոչ մի ծաղիկ չկար, չորացած խոտերի մեջ կանգնած էր քարացած Բակունցը: 
Ես երկար նայեցի, պտտվեցի չորս կողմը, նստեցի ցանկապատի ծայրին, մտածեցի.« Լավ է, որ ինձ ոչ ոք չխանգարեց՝ նրա հետ մենակ մնալու...»: Բայց իմ մենությունը երկար չտեւեց: Հետաքրքրասերների մի խումբ շրջապատեց ինձ՝ խանգարելով իմ մտորումները: Լուռ հեռանալով մտածում էի, թե որքան դաժան է ժամանակը, ինչ արագ է ամեն ինչ տրվում մոռացության: …. Ինձ միշտ հետաքրքրել է Բակունցի՝ ժամանակի ամենափայլուն գրողի ճակատագիրը, բայց ոչինչ չգիտեի նրա վախճանի մասին: Երբ ես 1989 թ. վերջին անգամ եղա Հայաստանում, շատերը ինձ գրեթե նույնությամբ պատմեցին նրա կյանքի վերջին օրվա մասին…. »[5]: 
Բակունցի կյանքի սրտահույզ էջերից մեկը կապվում է Ժենյա Գյուզալյանի, ինչպես գրող Հովիկ Չարխչյանն է բնորոշում՝«ալպիական կնոջ» հետ: Ժենյայի ու «քնարական» Ակսելի մասին հիշողություններ է գրի առել գրողի ընկերներից Ռաֆայել Աթայանը: Հուշակնարկը լույս է տեսել 1980 թվականին Բեյրութի «Բագին» ամսագրում: 
Երևանի հանրային գրադարանը, որը 1920-ական թվականներին գտնվում էր Կուլտուրայի տանը, Ակսել Բակունցի համար գրավիչ էր ոչ միայն գրքերով: Գրադարանի սպասարկման բաժնում աշխատող նորահաս օրիորդները անկեղծ համակրանքով էին լցված գրական մեծ կուլտուրայի ու կիրթ վարվեցողության տեր իրենց նորեկ ընթերցողի՝ Բակունցի նկատմամբ: Նրանք միևնույն ժամանակ Ակսելի համազգաց ընթերցակիցներից էին: Որքան էլ սուղ լիներ Ակսելի ժամանակը, գրադարան մտնելով՝ անպայան հետաքրքրվում էր, թե ինչ նոր գիրք են կարդացել, ինչն են հավանել, ինչը՝ չեն հավանել, ու համակ ոգևորությամբ հաղորդում էր կարդացած գրքերի շուրջ իր տպավորությունները: Այն գրքերը, որոնք Ակսելն էր պահանջում ու ապա ետ վերադարձնում, ձեռքից ձեռք անցնելով՝ երկար ժամանակ չէր վերադառնում գրապահոց: 1926-1927 թվականները Բակունցի կյանքի ամենաերջանիկ ու բեղուն տարիներն էին, երբ թերևս ոչինչ չէր խանգարում նրա ստեղծագործական հղացումների իրականացման համար: 
Ժենյա Գյուզալյան
1926 թվականին հենց Հանրային գրադարանում էլ առաջին անգամ տեսնում է Ժենյային, որը թեև չէր աշխատում գրադարանում, բայց պաշտոնավարելով Կուլտուրայի տանը՝ հաճախ էր լինում գրադարանում աշխատող ընկերուհիների մոտ: Հուշագիրը վկայում է, որ Ժենյան միջահասակ, բարեկազմ, նուրբ դիմագծերով, երազկոտ, անսեթևեթ շարժուձևերով աղջիկ էր, հագնվում էր պարզ ու ճաշակավոր, նախընտրում էր սպիտակը: Նա հայկական դպրոց էր ավարտել, լավ գիտեր ու շատ էր սիրում հայ գրականություն, թեև ազատ տիրապետում էր և ռուսերենին: Ժենյայի հայրը՝ Տիգրան Գյուզալյանը, մասնագիտությամբ գյուղատնտես էր, որ, 1921-ին Հայաստան գալով, աշխատել է որպես Օշականի գյուղատնտեսական տեխնիկումի վարիչ մինչև իր մահը: ժենյայի մայրը՝ Երանյակ Վարդանյանը, ախալքալակցի էր, ինքնակրթությամբ մեծ զարգացման էր հասել ու Թիֆլիսում աչքի ընկել հասարակական գործունեությամբ: Դեռևս Ախալքալակում նրա հետ ծանոթացել ու մտերմացել էր Հովհաննես Թումանյանը: Այդ բարեկամության վկայություններն են Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ ընծայագրված «Օր.Երանյակ Վարդանյանին, 1896» և Թումանյանի «Երանին» ընծայագրով բանաստեղծությունը՝ «Դու մի հավատա ժպտուն աչքերին….»: Երանյակ Վարդանյանի հետ մտերիմ են եղել նաև Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը: Երանյակը մահացել է երիտասարդ տարիքում՝ 39 տարեկան հասակում՝ «սև ծաղկից»: Ժենյան, որ կրտսերն էր չորս զավակներից, շատ բան էր ժառանգել մորից: Շատ էին «նախասահմանյալ» հանգամանքները, որոնք կարող էին կանխորոշել Ժենյայի ու Բակունցի սրտամոտ բարեկամությունը: 
Գյուզալյան քույրերը
1925 թվականին Երևան գալով՝ Ժենյան ընդունվում է պետհամալսարանի պատմագրական ֆակուլտետը: Նա ապրում էր «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև: Հուշագիրը վկայում է, որ ժամանակին այդ տարածքում հսկա բարիդիներ կային, դրանց հովանու տակ սև տուֆե միհարկանի տուն կար, որի երկու սենյակներում բնակվում էր նկարիչ Հակոբ Կոջոյանը, իսկ երրորդում՝ Հայաստան սովորելու եկած Գյուզալյան քույրերը: Ակսել Բակունցն այդ ժամանակ արդեն մտերիմ էր Հակոբ Կոջոյանի հետ, հաճախ էր լինում նրա տանը՝ հանդիպելով նաև Ժենյային: 
Ժենյան Ակսելի հետ ընթերցողական սերտ «գործակցություն» ուներ, Ակսելի հավաված նոր գրքերն առաջինը նրա տրամադրության տակ էին անցնում, Ժենյայի «գտածոներն» էլ անպայման ընթերցում էր Բակունցը: Նրանք յուրովի մրցության մեջ էին իրենց ընթեցանությամբ: «Այդպես համազգացորեն նրանք կարդացել էին Մերիմեյի վիպակներն ու նովելները ու մտքերի փոխանակություն ունեցել դրանց շուրջ»: Նշենք, որ Պրոսպեր Մերիմեն Բակունցի սիրած նովելիստներից էր: 
Ձախից՝ Ժենյա Գյուզալյան
1927-ին Ժենյան փոխադրվում է Լենինգրադի համալսարանի ազգագրական բաժինը: Այդ տարիներին նրանց հոգեկան կապը ամրապնդվում է ջերմ նամակագրությամբ: 1931-ին վերադառնալով Երևան՝ Ժենյան աշխատանքի է անցնում Պատմության թանգարանի ազգագրության բաժնում՝ որպես գիտաշխատող: Վկայում են, որ Ժենյան առաձնակի սիրով էր մասնակցում Զանգեզուր ուղևորվող ազգագրական արշավներին: Պահպանվել է մի լուսանկար, որտեղ Բակունցի ցանկությամբ և ի պատիվ Բակունցի՝ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ ավանդական տարազով: 
Ամենաուշագրավ տեղեկությունը, որ կապվում է Ժենյա Գյուզալյանի հետ, «Ալպիական մանուշակ» պատմվածքում նրա նախակերպարի հարցն է: «Խորհրդային Հայաստան» թերթի 1927 թվականի հունվարի 1-4-ի համարներում շարունակաբար տպագրվում է «Ալպիական մանուշակ» պատմվածքը̀ նվիրված հունվարի 1-ի գիշերը վախճանված Եղիշե Չարենցի կնոջ՝ Արփենիկ Չարենցի հիշատակին: Չնայած խորհրդանշական ընծայագրումին՝ Արփենիկ Չարենցը նախակերպարային որևէ առնչություն չունի ստեղծագործության հետ: 
Պատմվածքի ձեռագիրը Բակունցն առաջինը կարդացել էր հենց Ժենյա Գյուզալյանին: Ավելին, պատմվածքում ի դեմս այն «երկրորդ կնոջ», որ ծովափին «նշաններ է անում ավազի վրա ու ջնջում», հենց Ժենյային է նկատի ունեցել: Պատմվածքում Բակունցը պահպանել էր նրա շարժուձևն ու տարազի հատկանիշները (օրինակ, թավշե գլխարկի նարնջագույն քորոցը), ինչպես նաև գունային տպավորությունը («մուգ մանիշակագույն աչքեր»), որ թողնում էր նրա աչքերի տամուկ հայացքը: Հուշագիր Ռաֆայել Աթայանը վկայում է, որ 1933 թվականին համատեղ ուղևորության ընթացքում, երբ Բակունցի հետ հանգրվանել էին «Բաքու» հյուրանոցում, հարցրել է նրան այդ մասին: «Նա վայրկենապես աշխույժի եկավ ու տեղն ու տեղը հաստատեց, որ 1926-ին հանդիպել է Ժենյային Բաթումում, որտեղ նա հանգստանում էր մեծ եղբոր՝ Ռուբեն Գյուզալյանի հետ, և որ իրոք, նրան՝ Ժենյային է նկատի առել «այն կնոջն» ուրվագծելիս»: Հիշենք այս պատկերը. «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ Բակունցը հաճույքով է վերհիշել ու հաստատել այն բերկրառիթ իրողությունը, որ դեռ սևագիր կարդացել է Ժենյային «Ալպիական մանուշակի» ձեռագիրը, և որ նա սիրել է պատմվածքը… 
Ժենյա Գյուզալյանը ընտանիքի մյուս անդամների նման նույնպես զոհ գնաց ստալինյան բռնություններին: Նրան հակապետական, հակահեղափոխական գործունեություն ծավալելու շինծու մեղադրանքով ձերբակալել են 1939 թվականին և աքսորել Միջին Ասիա՝ Կարագանդայի ճամբար, որտեղ և 1941-ին 38 տարեկան հասակում անհայտ հանգամանքներում մահացել է: 
Ակսել Բակունցի կենսական անկյունադարձերի մասին գրականագետ Ռաֆայել Իշխանյանի վկայություններից մեկը կապվում է Ժենյան Գյուզալյանի քրոջ՝ Նազիկ Գյուզալյանի հետ: Վաստակաշատ ուսուցչուհին, որ երկար ժամանակ նախ՝ քրոջ, ապա՝ ընտանիքի հետ բնակվել է Երևանում, պատմել է Բակունցի հետ վերջին հանդիպման ու գրողի վերջին խնդրանքի մասին: «Ակսելը հաճախ էր լինում մեզ մոտ: Երբեմն կնոջ ու որդու հետ, երբեմն՝ մենակ: …. Մեզ այցելելիս մանուշակներ էր բերում: …. Վերջին անգամ մեր տունը եկավ 1936 թվականի օգոստոսին: Ամբողջ երեկոն մեզ հետ էր: Ժենյան չկար: Ամուսինս, ես և աղջիկս էինք: Շատ զրուցեցինք: Տխուր էր: Հրաժեշտ տվեց, գնաց: Բայց անմիջապես վերադարձավ և ասաց. «Նազիկ, քեզ մի բան պիտի խնդրեմ» - ես հարցական նայեցի նրան: «Աղջկադ կտաս հայկական դպրոց»: Մի փոքր զարմացա նման անսպասելի խնդրանքին և այն հայտնելու անսովոր եղանակի համար: Առանց խորանալու, ի միջի այլոց, համաձայնության թեթև նշան արեցի, մտածելով՝ «Ակսելն է էլի, ով գիտի, մտքով ինչ անցավ էս րոպեին»: Մյուս օրը մեզ էլ հասավ մռայլ լուրը, և մենք այլևս չտեսանք Ակսելին: Հիշցի նրա խնդրանքը և իմ տված կես-կատակ պատասխանը: Ես ու եղբայրս՝ Ռուբենը, գիմնազիա ենք ավարտել, Ժենյան՝ հայոց Գայանյան դպրոցը, իսկ մյուս եղբայրս՝ Ներսիսյան դպրոցը: Նրանք հայերեն լավ գիտեին, իսկ ես՝ վատ: Ուստի որևէ մտադրություն չունեիաղջկաս հայկական կրթություն տալու, քանի որ չէի կարող նրա հետ պարապել: Երբ պարզվեց, որ Ակսելի այն իրիկնային այցելությունը վերջինն էր և խնդրանքն էլ վերջինը, ինքս ինձ հաստատ խոսք տվեցի աղջկաս՝ Մերիին, հայկական դպրոց ուղարկել: Եվ այդպես էլ արեցի, ու հիմա գիտեմ, որ ճիշտ եմ արել ու դրա համար շատ երախտապարտ եմ մեր անմոռաց Ակսելին…»: 
Ժամանակակիցները վկայել են, որ Խարկովում սովորելու տարիներին Բակունցը համակրել էր թուրքական գեհենից փրկված ու Խարկովում հարազատների մոտ ապաստանած գաղթական մի աղջկա՝ Աստղիկին, որ Խարկովի հայկական գաղութի հայտնի դեմքերից ձեռնարկատեր Լեբլեբիճյանի քրոջ աղջիկն էր: Բակունցը մեծահարուստի խնդրանքով հայերենի ու ռուսերենի դասեր էր տալիս Աստղիկին: Սկզբում նյութական վատ պայմաններում գտնվող Բակունցի վիճակը Խարկովում հետզհետե բարելավվում է՝ աշակերտներին մասնավոր դասեր տալու արդյունքում[6]: Ուսուցչի և աշակերտուհու միջև ձևավորվել էին սիրային փոխադարձ զգացումներ: Վկայում են, որ նրանք նույնիսկ նշանադրվել են, սակայն ոչ այնքան խանդավառ մթնոլորտում, քանզի Աստղիկի հարուստ մորեղբայրն ու ընտանիքի անդամները մի տեսակ բարձրից էին նայում իրենց աղքատիկ փեսացուին: Բակունցը չէր կարողանում տանել այդ վերաբերմունքը, ինչը հավանաբար ազդել էր իր ու Աստղիկի հետագա հարաբերությունների վրա: «Նրանք միայն հաշվի, նյութական շահի մարդիկ են, սիրտ չունեն… Ատում եմ այդպիսիններին»[7],-գանգատվել էր Բակունցը: Կյանքը տարբեր ճակատագրեր էր վերապահել նրանց համար: Հուշագիր Մարիանե Լեբլեբիճյանը, որ այդ տարիներին սերտ առնչություններ էր ունեցել գրողի հետ, ցավով խոստովանել է, որ վախից ոչնչացրել են խարկովյան տարիներին Բակունցի հետ ունեցած բոլոր լուսանկարները. «Այդպիսի երիտասարդի որ չխնայեցին, մեզ պիտի խնայեն, եթե այն տարիներին իմանային, որ մենք կապ ենք ունեցել նրա հետ…»: 
Վարվառա Չիվիջյանը որդու՝ Սևադայի հետ
Բակունցի ճակատագրական կինը դառնում է նորնախիջևանցի Վարվարա (Վարյա) Չիվիջյանը, որի հետ Բակունցը ծանոթացել էր Խարկովում՝ 1923 թվականին: «Մեր միջև միանգամից ստեղծվեցին բարեկամական հարաբերություններ,-գրում է Չիվիճյանը,- Որքան շատ էի ճանաչում նրան, այնքան շատ էի զարամնում նրա ի բնե զարգացածությամբ, խելացիությամբ, ներքին մեծ մաքրությամբ ու շիտակությամբ առանձնացող և իր ժողովրդին խորունկ սիրող Բակունցով»[8]: …. 1923-ի հուլիսին Բակունցն ավարտում է գյուղատնտեսական ինստիտուտը: Խարկովից մեկնելուց առաջ նա առաջարկում է Վարվառային ամուսնանալ և միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան նախապատրաստվում էր բուհի ընդունելության քննություններին և մերժում է Բակունցի առաջարկը. «Ես նրան պատասխանեցի, որ իմ առջև հաստատ նպատակ եմ դրել ստանալու բարձրագույն կրթություն և մինչև ինստիտուտն ավարտելը չեմ կամենում կյանքս կապանքների մեջ դնել…»[9]: Դառնացած Վարվարայի որոշումից՝ 1923 թվականի հուլիսի 13-ին Բակունցը Խարկովից մեկնում է Խորհրդային Հայաստան: Մի քանի ամիս նրանք նամակագրական կապ չեն ունենում: Գործուղման բացակայության պատճառով Վարվառային չեն թույլատրում մասնակցելու ընդունելության քննություններին: Այդ լուրը հասնում է Բակունցին, և նա նամակով առաջարկում է Վարվառային սովորել Երևանում: 1923 թվականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երևան և ընդունվում պետական համալսարան: Հայոց լեզվի վատ իմացությունը դժվարացնում էր Վարվառայի ուսումնառությունը, 1924-ին նա թողնում է համալսարանը և ամուսնանում Բակունցի հետ: Բակունցը ստանձնում է Գորիսի գավառային գյուղատնտեսի պաշտոնը, և նրանք միասին մեկնում են Բակունցի հարազատների մոտ՝ Գորիս, որտեղ ապրում են մինչև 1926 թվականի մայիսը: Այդպես հյուսվում է Բակունցի խաղաղավետ ընտանեկան կյանքը: Մեծ է եղել Բակունցի զգացմունքը Վարվառայի հանդեպ, որ կիսեց գրողի ճակատագիրը, դարձավ ինչպես Չարենցը կասեր, «կին, ընկեր և հերոսական բարեկամ»: Ի դեպ, Վարվառայի վկայությամբ՝ Բակունցը «Միրհավ» հրաշակերտ պատմվածքն իրեն է մատուցել 1924 թվականի մարտի 9-ին՝ իբրև ծննդյան օրվա նվեր, թեև պատմվածքն ընծայագրված չէ: Բնավորությամբ Վարվառան եղել է մեղմ ու սրտակից ընկեր, միշտ հոգեկան նեցուկ է եղել Բակունցին: Ցավոք, Բակունցի ընտանիքին վիճակված էր դառնաղետ ճակատագիր: Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլև՝ նրա ընտանիքը: Վարվառան Բակունցի գնդակահարությունից հետո, որպես ժողովրդի թշնամու կին, բանտարկվեց և աքսորվեց, մանկահասակ որդին որբացավ: Բակունցի̀ բանտում եղած ժամանակ կինը մի քանի անգամ այցելել է նրան: Վերջին երկու այցելության ժամանակ Վարվառայի հետ եղել է նաև նրանց մինուճար որդին՝ Սևադան, որը Բակունցի ձերբակալությունից առաջ ծանր հիվանդացել էր և ըստ էության փրկվել վերահաս մահից: Մոր և որդու այցելությունը բանտում գտնվող հորը ամենայն հավանականությամբ եղել է Բակունցի համառ խնդրանքներից հետո, որովհետև Բակունցի կնոջից դա պահանջում են նաև իրավական մարմինները: «Դժվար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց չհամարձակվեցի գնալ առանց նրա: Տեսակցությունը չափազանց ծանր էր: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: «Իմացիր,-ասաց նա ինձ,- այն ամենը ինչ ասում եմ քեզ՝ պատահական մտքեր չեն, այլ արդյուք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային: «Որդիս,-անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,-այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը»: Վարվառայի և Բակունցի վերջին տեսակցությունը եղել է նոյեմբեր ամսին: «Հավանաբար, պետք է մեկնել, թեպետ դեռ կտեսնենք, -ասաց նա: Ամուր եղիր, հաշվիր , որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել:
Բակունցը որդու հետ
Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ վերջին տեսակցությանը, Բակունցն ասել է. «Դու շատ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան»: 
-Ոչ հայրիկ,-պատասխանեց տղան: 
-Ճիշտ է, զավակս, դու մի ամաչիր քո հոր համար, հիշիր, քո հայրն այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես,-ասաց նա երեխային»[10]: 
1937-ի հուլիսի 18-ին Վարվառան այցելում է բանտ, բայց նրան ասում են, որ Բակունցն աքսորվել է: Այդ ընթացքում Վարվառան ավարտել էր Կ.Մարքսի պոլիտեխնիկական ինստիտուտը և պետք է դիպլոմային աշխատանք պաշտպաներ: Ապրում էր ծանր պայմաններում՝ հիվանդ երեխայի ու մոր հետ: Բակունցի ձերբակալությունից հետո նրան ոչ ոք աշխատանք չի տալիս: «Ալեքսանդրի ձերբակալությունից հետո մեզ ոչ ոք չէր այցելում: մեր աղմկոտ տունը, որ միշտ լի էր հյուրերով, մարդիկ «մոռացել էին»: Փողոցում անգամ ինձնից խուսափում էին մեր բոլոր ծանոթները, բարեկամները: Հեռվից տեսնելով ինձ՝ ճանապարհը փոխում էին: Բոլորովին մենակ էինք մնացել: Անասելի ծանր օրեր էին»[11]: 
1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, բնակարանն ամբողջ ունեցվածքով արգելափակում են, երեխային հանձնում Բակունցի եղբորը, հիվանդ մորը թողնում պատշգամբում, իսկ նրան տանում բանտ: Առանց հարցաքննության 8 ամիս Բակունցի կնոջը պահելով բանտում՝ հատուկ խորհրդակցության որոշմամբ, որպես հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ, ութ տարով աքսորում են Տեմինկովյան ճամբար, որտեղից վերադառնում է 1945-ի աշնանը: 
Ժամանակակիցները վերհիշել են նաև Բակունցի կնոջ` Վարվառա Չիվիջյանի` աքսորից վերադառնալու պատմությունը: Հարևաններից մեկը բակում նստած տեսնում է մի ղարաչի (բոշա) է գալիս ու ասում է, որ կանչեն Բոխչագյուլ մայրիկին, նա էլ ծառի վրա խնձոր քաղելիս է լինում: Ասում է՝ «Սոված կլինի, էդ խնձորից տար, տո՛ւր թող գնա»: Բայց կինն ասում է, որ Բոխչագյուլն է պետք: Վերջինս ինչ-որ բան է կանխազգում, գնում է ու տեսնում, որ հարսն է եկել: Պարկի կտորներից կեղտոտ, պատառոտված շոր է լինում հագին: Մի կարճ ժամանակ Վարվառան մնում է Գորիսում, շրջանի Շինուհայր գյուղում զբաղվում է ուսուցչությամբ, այնուհետև աշխատանքի է անցնում Երևանում՝ Քանաքեռի մանկատանը և զբաղվում արդեն քսանամյա որդու խնամքով: Մահանում է 1965 թվականին: 
1954 թվականին Վարվառա Չիվիջյան-Բակունցը հավանաբար պաշտոնական մարմինների թելադրանք-պահանջով գրել է «Ցուցմունքներ Բակունցի մասին»՝ Բակունցին արդարացնելու համար: Գրությունը թեև սրտագրավ հուշագրություն չէ, բայց և այնպես շատ տեղեկություններ է հաղորդում Բակունցի ընտանիքի ճակատագրի, կենսական տարբեր անկյունադարձերի, շփումների, վերջին օրերի մասին: 
Գուրգեն Մանուկյանը, որ Բակունցի կյանքի վերջին օրերին եղել էր նրա կողքին՝ որպես բանտակից ընկեր, սրտառուչ հիշողություններ է թողել՝ վկայելով «այդ մեծ հոգու տվայտանքը»: «Աշխարհին ասեք,-բաժանման պահին հորդորել է բարեկամին Բակունցը,-որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեցեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…»[12]: 

Թ.Մարության, բ.գ.թ., դոցենտ


Աղբյուրը՝ «Սյունիք» հայագիտության հանդես, Գորիս,2017թ. թիվ 1(9), էջ 50-61

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 


[1] «Բագին», Բեյրութ, 1980, հունվար, թիվ 1: 
[2] Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում, Գորիս, 1999, էջ 30: 
[3] Նույն տեղում, էջ 14: 
[4] Նույն տեղում, էջ 195: 
[5] Асламазян М., Давтар жизньи, Е., 2016 г., с. 64-65. 
[6] Բակունցը Խարկովում ընտրվել է նաև հայ գաղութի ակումբի վարիչ: Կարգի է բերել լքված գրադարանը, նորանոր գրքերով հարստացրել այն: Նկատելի ավելացել է ընթերցողների թիվը: Գաղութի անդամները, սակայն, ակումբում հավաքվելիս, հայերեն չէին խոսում, և հաճախ Բակունցը մոտենում էր նրանց, հորդորում հայերեն խոսել, քանի որ ակումբի նպատակն էր պահպանել հայ ժողովրդի դարավոր մշակույթը և հոգեկան կապ պահպանել մայր հայրենիքի հետ: 
[7] «Սփիւռք», 1965, 26 մայիսի, թիվ 20 (Առաքել Պատրիկ, «Մի դրուագ Բակունցի ուսանողական տարիներից»): 
[8] Չիվիջյան-Բակունց Վ., Ցուցմունքներ Բակունցի մասին, «Հայոց լեզու և գրականությունե, Ե., 2011, թիվ 5(76), էջ 36: 
[9] Նույն տեղում, էջ 37: 
[10] Նույն տեղում, էջ 39: 
[11] Նույն տեղում, էջ 40: 
[12] Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում, էջ 192:










Комментариев нет:

Отправить комментарий