Իմաստախոսությունն ասում է՝ «Միլիոնավոր մարդկանցից, որ ժողովուրդ են կազմում, ծնվում է միայն մի հանճար, ապարդյուն անցնող միլիոնավոր ժամերից միայն մեկն է դառնում իրոք պատմական: Եվ դա մարդկության աստեղային ժամն է»: Հայ ժողովրդի համար այդ աստեղային պահերից մեկն էլ 1899 թվականի հունիսի 13-ն էր՝ հայ արձակի բյուրեղային վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի ծննդյան տեսլաժամը:
Այսօր Գորիսում մեծ շուքով նշվեց մեծանուն արձակագրի ծննդյան 123-ամյակը: Միջոցառումները մեկնարկեցին Բակունցի հուշարձանի մոտ ծաղկեդրման արարողությամբ, ապա շարունակվեցին գրողի տուն–թանգարանում:
Բակունցի լուսաճառագ հարկի տակ հավաքված պաշտոնատար անձինք՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, մտավորական ընտրանու ներկայացուցիչները, մայրաքաղաքից ժամանած հյուրերը, որոնց թվում՝ մայր թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Դ.Գասպարյանը և ուրիշներ, իրենց ելույթներում շեշտեցին Բակունցի ստեղծագործության պատմական նշանակությունը, կարևորեցին բոլոր այն ձեռնարկները, որոնք միտված են նրա գրական հեղինակության ամրապնդմանը, ստեղծագործության հանրայնացմանը և սերունդներին Բակունցի իմաստուն ու լուսավոր մտքի ճանապարհով ուղղորդելու առաքելությանը:
Օրվա առթիվ Բակունցի տուն–թանգարանը Գորիս համայնքի, նաև մյուս համայնքների մշակութային, կրթական ու ստեղծագործական կառույցների համատեղ ուժերով բակունցասերներին ներկայացավ միջոցառումների հարուստ ծրագրով: Այցելուները անգնահատելի հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Բակունցի՝ «մյուռոնի նման սրբազնագույն» աշխարհին, ներշնչվելու նրա հոգևոր ներկայությամբ:
Օրվա առթիվ թանգարանում բացվեց նոր, բացառիկ ցուցադրություն՝ «Հովհաննես Թումանյանի ծննդավայրը Ակսել Բակունցի լուսանկարներում» խորագրով: Առաջին անգամ ցուցադրվեցին 1932թ.-ին Բակունցի կողմից Դսեղում արված և մայր թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվող արխիվային լուսանկարները՝ հեղինակի ձեռագիր նշումներով: Ցուցադրությունը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը: «Այս լուսանկարները թանգարանում ցուցադրվող լուսանկարչական սարքով գրողի կողմից արված բացառիկ գտածոներ են: 1932 թվականին Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հետ այցելել է Դսեղ և լուսանկարել իր սիրելի բանաստեղծի ծննդավայրը»,–նշեց Մարությանը և հավելեց, որ Բակունցի ծննդյան օրվա առթիվ ցուցադրության են նախապատրաստվել այդ լուսանկարներից միայն 9–ը, որովհետև հստակ գրառումներ ու թվագրումներ ունեն, իսկ մյուս 10–ը հեղինակային հստակեցման, լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, որից հետո հնարավոր կլինի ամբողջացնել հավաքածուն և ցուցադրել ամբողջությամբ:
Հ.Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Արամ Մաշուրյանի ջանքերով Բակունցի հարկի ներքո կյանքի կոչվեց ևս մեկ կարևոր իրադարձություն: Գորիսը գեղանկարիչների մի փայլուն համաստեղություն է տվել, որոնց շարքում առանձնանում է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսը և նրա ոչ պակաս տաղանդավոր որդին՝ Գևորգ Պարոնյանը: Տևական ժամանակ անց նրա ժառանգների պատրաստակամության արդյունքում թանգարանում բացվեց Գևորգ Պարոնյանի ցուցահանդեսը:
Օրվա խճանկարին վառ գույներ հաղորդեցին Տաթևի վանական համալիրի «Տաթևի զանգակներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Սարգսյան), Գորիսի «Լիլի Նարինյան» պարային համույթը (գեղ.ղեկավար՝ Լիլի Նարինյան), «Վահե Մելքումյան» երգի ու պարի դպրոցի վոկալ խումբը (գեղ.ղեկավար՝ Վահե Մելքումյան), Խնձորեսկի Ա.Սաթունցի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Սոնա Մանվելյան):
Հյուրերը գրողի ստեղծագործությունների բույրն ու հմայքը մեկ անգամ ևս վայելեցին Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների շնորհիվ, որոնք հանդես եկան Բակունցի գրական դիմանկարն ամբողջացնող գեղարվեստական կոմպոզիցիայի մատուցմամբ (ուսուցչուհի՝ Գոհար Մկրտչյան):
«Ալպիական մանուշակ» երգի կատարմամբ Բակունցյան օրվան ծաղկաբույր լիցքեր հաղորդեց գորիսեցի ճանաչված երգիչ Արկադիա Մարդյանը:
Միջոցառումների շարքը ամփոփվեց մի գեղեցիկ իրադարձությամբ: Գեղանկարիչ Սևադա Գրիգորյանը իր վրձնած «Ակսել Բակունցի դիմանկարը» նվիրեց գրողի տուն–թանգարանին:
Միջոցառումը գեղեցիկ բեմագրով վարեցին Գորիսի պետական համալսարանի շնորհաշատ ուսանողները՝ ՈՒԽ նախագահ Գուրգեն Հարությունյանը և Մելանյա Թևոսյանը:
Երեկ, այսօր, վաղը և հավիտյանս հավիտենից Դու մեզ հետ ես, մեր աչքերի մեջ ու մեր հայացքի առջև, քո տանն ես` իբրև հավերժական տանտեր և դարձյալ մեզ հետ գեղարվեստական խոսքի քո՛ եղանակն է, քո խոսքի՛ հազարը: Եվ այս փոթորկահույզ օրերին քո ոգու նշանի ներքո չկա’ նահանջ, չկա՛ պարտություն, որովհետև դու քո «հերոսական կենսուղին» անցար առանց ետ շրջվելու, քո ցեղի նահատակաց ու ողջերին քո գիրկն առած, նրանց խինդ ու լացը քո սրտի խորերում պահած…
Դու քո կենդանի տաճարը կառուցեցիր գրիվ և հավերժության համար, և որտեղ ոգեղեն հացը իրավամբ բաշխվում է ձրի, ձրի՜, քանզի դրա համար դու հատուցել էիր կանխավ և հատուցել էիր կյանքով: Եվ սրբազան է հար տառապանքով ծնված Ճշմարտությունը քո` դարեդար և սերնդեսերունդ. «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա….»:
Ծնունդդ շնորհավո՛ր, Մե՛ծ Գորիսեցի...
Комментариев нет:
Отправить комментарий