Շատ զգացված եմ Ձեր անկեղծ խոսքերի համար, որ Դուք գրում եք իմ Գորիս գալու համար: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեր եղբայրական առաջարկության մասին՝ Տուն–թանգարանում աշխատելու: Ուրիշ պայմաններում գուցե այդ առաջարկությունը իմ մեջ ցանկություն առաջացներ ընդհանրապես Հայաստան վերադառնալու: Բայց ցավոք սրտի պիտի ասեմ, որ գնալուս հիմնական պատճառը չի վերացված: Ունենալով արյան խիստ բարձր ճնշում (այդքան տարի չէի իջնում Քաջարանի ամենաբարձր սարերից, արդյունաբերություն էի ստեղծում երկրի համար, չխնայելով ոչ սիրտ, ոչ կյանք), ես այլևս չեմ կարողանում դիմանալ բարձր տեղանքին: Նույնիսկ Երևանում, ինչպես ցույց տվեց անցյալ իմ այցը, արդեն երկրորդ օրը արյան բարձր ճնշումս բարձրանում է մինչև 200–ի: Դա վտանգավոր և առայժմ անբուժելի երևույթ է:
Միակ փրկությունը միջին գոտում ապրելն է: Այստեղ, Մոսկվայում ես ինձ համեմատաբար լավ եմ զգում, քանի որ նույնիսկ առանց դեղեր գործադրելու, ճնշումը դառնում է 160/80, որը ինձ համար օպտիմալ է:
Ինչ արած: Դժբախոությունները իրար հետևից հնձեցին կանաչած արտերը և թողեցին ինձ այսպիսի մեծ թշվառության մեջ: Ինձ համար մեծ ուրախություն ու հանգստություն է, երբ ստանում եմ ընկերներից, բարեկամներից նամակներ, որտեղ լինում են շատ խնդիրներ, շատ առաջարկություններ ընդհանուր և մասնակի կյանքի մասին: Այդ ցույց է տալիս, որ այս աշխարհում դու մենակ չես:
Օրվա մեծ մասը զբաղվում եմ կարճլիկ պատմվածքներ գրելով: Մտադիր եմ հիմնական գիրքս – «Հուշերը» լույս տեսնելուց հետո, հրատարակչության դատասեղանին դնել կարճ պատմվածքներիս ժողովածուն: «Հուշերը» այսքան ժամանակաշրջանում շատ է վերափոխվել: Եղել են մեծ կրճատումներ, վերափոխումներ, ավելացումներ: Նա խմբագրված է Սերո Խանզադյանի կողմից և հիմա իր հերթին է սպասում հրատարակչությունում: Ասում են Պետական կոմիտեն որոշել է այս տարվա պլանում նախատեսել նրա լույս ընծայումը:
Իմ այսքան հեռու լինելս և Հրատարակչության մի շարք ընկերների ոչ բարի մոտեցման արդյունքով, չնայած իմ ներկայությամբ ընդունված շեֆության որոշմանը, ամեն ոք իր գործն է առաջ գցում:
Ի՞նչ արած, բողոքելու տեղ չկա: Կերակրում են միայն խոստումներով:
Պիտի ասեմ, որ կյանքիս հիմնական նպատակներից մեկը, ամենակարևորը, դա Տուն–թանգարանին օգնելու հարցն է:
Օգտվելով ասված խոսքից, մի քանի տեղեկություններ եմ ուզում հայտնել Ձեզ՝
1. Վաստակավոր ու ժողովրդական նկարչուհի Ասլամազյանը արդեն վերջացնում է Ակսելի և մամայի նկարների հաջող կոմպոզիցիան: Պայմանավորվել եմ հետը, որ Հնդկաստանից վերադառնալուց, ուր նա գնացել է Ջ.Ներույի անվան մրցանակը ստանալու, մոտավորապես փետրվար–մարտ ամիսներին, նա նկարը կվերջացնի և ես հնարավորություն կունենամ այն ուղարկելու Ձեզ՝ թանգարանում (Ակսելի մեմորիալ սենյակում) ցուցադրելու համար:
2. Ավելի քան տասը տարի է, ինչ ես ճգնում էի հաստատուն կապեր հաստատել Ամերիկայում ապրող, հայ գրող և լրագրող Սանսիվանսի հետ: Նա եղել է Ակսելի մոտիկ ու անբաժան ընկերը սկսած 1912 մինչև 1920թ.: Նա եղել է Գորիսում, քանի անգամ, եղել է մեր տանը, մեր այգում: Լավ գիտի ծնղոներիս, ինձ: Գնացել է նույնիսկ Խոզնավար՝ ամուսնացած քույր Աստղիկին տեսնելու:
Այժմ ինձ հաջողվել հաստատել ամուր կապեր, և նա իր վերջին նամակում խոսք է տալիս գրելու Ակսելի մասին շատ կարևոր հուշեր: Ինքը իր ժամանակ եղել է զորավար Անդրանիկի քարտուղարը: Նա պատրաստել է հուշերի մի գիրք, «Ճանապարհներ և ճշմարտություն», որը այժմ անտիպ է, որտեղ շատ անգամ է անդրադառնում Ակսելին՝ մեջ բերելով նրա նամակներն ու հուշերը:
Նա սկսած մյուս նամակից, խոստացել է գրել Ակսելի մասին:
Այդ ամենը շատ կարևոր պիտի լինեն, նամանավանդ Ակսելի այդ ժամանակաշրջանի մասին: Տեսնենք՝ ինչպիսի հաջողությունների կհասնեմ:
3. Դեռ 1936թ. Մոսկվայում եղած ժամանակ Ակսելը և Հ.Բեկնազարը գնացել են կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի մոտ՝ խնդրելով նրան գրելու «Զանգեզուրի» համար երաժշտություն: Ա.Խաչատրյանը համաձայնվել է գրելու և սկսել է աշխատել: Որից հետո սկսվել են 1936թ. դեպքերը: Հ.Բեկնազարը նկարը փրկելու նպատակով որպես հեղինակ իրեն է ներկայացրել և այլն:
Հատուկ նամակով ես դիմել եմ Ա.Խաչատրյանին, հիշողությունների կարգով մի քանի խոսք գրել թանգարանին՝ նկարագրելով այդ դեպքը: Նա խոստացել է այդ անելու և լուսանկարը նվիրելու թանգարանին:
Այդ ամենը ստանալուց հետո ես կուղարկեմ Ձեզ, կարծում եմ այդ լրացումները մեծ ավանդ կբերեն թանգարանին:
Ինձ Մեղրուց ընկերները ուղարկել են Հ.Հովհաննիսյանի հոդվածը՝ «Բակունցի տուն–թանգարանը», լուսանկարներով, որտեղ կաք և Դուք «Ցուրտ աղբյուրի» մոտ:
Հույս ունեմ, որ ամառվա ամիսներին կլինեմ Գորիսում: Ուզում եմ մեր սարերում, ջինջ խոտերում, լեռ քարերի վրա նստել ու խորհել անցածը:
Կարոտ բարևներով Ձեր՝ Վահան Բակունց
21 հունվարի 1973թ.
Մոսկվա
Комментариев нет:
Отправить комментарий